Panorama.am-ը գրում է.
«Սիրիայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դրական և բացասական երևույթները իրենց ազդեցությունն են ունենում Կովկասյան տարածաշրջանի վրա: Այս պահին Եգիպտոս գրեթե չկա, Լիբիան մասնատված է, բացի այդ, մասնատման գործընթացներ են նկատվում նաև Թուրքիայում»,-այսօր Մոսկվա-Թբիլիսի-Երևան տեսակամրջի ընթացքում անդրադառնալով Մերձավոր Արևելքում և Սիրիայում ստեղծված իրավիճակին, ասաց Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի «Մերձավոր Արևելք-Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Տարասովը: Նա նշեց, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակվում է լարված մնալ և անհրաժեշտ է հետևել այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին:
Անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին և դրա հնարավոր ազդեցությանը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Սիրիայում իրավիճակի հանգուցալուծը դեռևս չի երևում և գոյություն ունի Սիրիա արտաքին ներխուժման իրական վտանգ: «Թուրքիան հնարավոր է ներխուժի Սիրիա, քանի որ այդ երկիրը սիրիական ճգնաժամի հենց սկզբից ակտիվորեն աջակցել է ահաբեկիչներին, սիրիացի գրոհայիններին և ամեն կերպ աջակցել է Սիրիայի ընդդիմությանը»,-նշեց Սաֆրաստյանը:
Նրա խոսքերով, Թուրքիային Սիրիա ներխուժելուց հեռու է պահել թուրքական գեներալիտետը, սակայն ներխուժման վտանգը շարունակում է ակտուալ մնալ, քանի որ թուրք-սիրիական սահմանին տեղակայված է մեծ քանակությամբ հարձակողական զենքեր: «Այս պահին Թուրքիայում նկատվում է նաև ինքնագիտակցության ճգնաժամ, ինչի վրա ազդեցություն թողեց նաև Ստամբուլում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերը»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ