Օրվա ամենատհաճ ժամանակը այն ժամանակն է, երբ ոչինչ չի երևում աչքիդ ու ստիպված կկոցում ես աչքերդ ճանապարհից չթեքվելու համար, չշեղվելու ու չհայտնվելու ոչ քեզ համար նախատեսված՝ չնայած բնության գեղեցիկ վայրերից մեկում, զառիթափ, ձոր, հաստաբուն մի ծառ…
Ու հանկարծ քեզ տեսնում ես պառկած, արյունլվա, կամ վիրավոր կամ մահացած, անօգնական ընկած գիշերվա սեփականությունը հանդիսացող տարածքներից մեկում… զառիթափ, ձոր, հաստաբուն մի ծառ…
Վերջին միտքը, որ գալիս է ու ծիծաղեցնելու աստիճան զբաղեցնում, դա.
«Տեսնես մեքենաս ի՞նչ օրի է, կվերականգնվի՞ արդյոք» ու փակում ես աչքերդ…
Ես լուսնին շատ եմ սիրել, սիրում ու պաշտում եմ:
Չգիտեմ, կա՞ արդյոք այնպիսի մի կրոն որի աստվածը լինի Լուսինը, եթե կա ուրեմն ես անպայման կրոնափոխ կլինեմ, անպայման, պետք է նայել համացանցում, երբ տուն հասնեմ այն ժամանակ առաջին գործս դա կլինի…երբ տուն հասնեմ…
Ես անպայման կփոխեմ Լուսնի անունը, կդնեմ Լուսինե, ավելի գեղեցիկ թող հնչի, իսկ հիմա Լուսինը կարծես ինձ հետ մտել է վազքի մեջ ու ու ստիպում է գազի ոտնակը սեղմել մինչև վերջ, առաջ անցնել նրանից, իսկ ճանապարհը լուսավորված չէ, գիշերն արտաշնչում է ճանապարհի վրա ու ծշածկում նույնիսկ այն միակ հոծ գիծը, որը ճանապարհը բաժանում է հանդիպակած գոտուց:
* * *
- Դու ո՞ր օրվա նարդի խաղացողն ես, զար գցելու ձևն էլ չգիտես:
- Խաղդ խաղա, տես հիմա ինչ եմ անելու: Պայմանը ուժի մեջ է չէ՞, ով որ հաղթեց մնում ե հավերժ «Ուստա», էլ անուն տալ չի կարելի:
- Իմ անունը ինձ դուր է գալիս, բայց միևնույն է հաղթելու եմ, ուղղակի արագացրու չեմ սիրում գիշերով մեքենա վարել:
- «Շաշ ու բեշ», այ մարդ, ո»ւր ես շտապում, առավոտյան կգնաս, ես քեզ զբաղեցնում եմ, որ մնաս:
- Չէ, անպայման գնալու եմ: Խաղդ խաղա, «սե բայ դու», մեծ-մեծ խոսո՜ւմ էիր:
- Այ քեզ բա՜խտ…հիմա էլ որ «դու շեշ» բերես, հացս կերա:
- Դե նայիր, Մետատրո՛ն, փրկի՛ր:
Նարդու զարերը կարծես մի ամբողջ հավերժություն պտտվեցին, զարնվեցին կողափայտերին ու մեկիկ-մեկիկ կարծես մի ինչ որ հրամանի ենթարկվելով կանգնեցին:
«Դու շեշ»…
- «Ուստա» ես, ի՞նչ կարող եմ ասել, - ընկերոջս ձայնն ընկճված է, չի սիրում տարվել, իսկ ինձ համար միևնույն է նարդիով պարտվել, թե ոչ, այ եթե շախմատով եմ պարտվում, ես էլ եմ ունենում նրա նման թթված դեմք:
- Ստյո՛պ, ինչ որ անուն տվեցիր զարերը գցելուց առաջ, ի՞նչ անուն էր:
- Մետատրո՛ն, նշանակում է Աստծո ձայն, գերհրեշտակ, գիտես, որ նման բաների չեմ հավատում, բայց շատ է օգնել, ներշնչանք է էլի, մի՛ հավատա:
- Քավորություն էլ չես սիրում անել, միայն ճիշտն ասա, ինձ չնեղացնելու համար համաձայնվեցի՞ր քավոր դառնալ աղջկաս, թե՞…
- Աղջկադ անունը Լուսինե ես դրել, դե իսկ ես, գիտես էլի:
- Ուրեմն եկար հասար Վանաձոր միայն նրա համար, ու աղջկաս անունը Լուսինե է՞, թե որ Նրա անունն էլ է Լուսինե:
Ձայնը հնչեց ցածր, որ հանկարծ իր կին չլսի:
- Լավ, վերջացրո՛ւ, միայն թե ասա, ինչպես դուրս գամ քաղաքից ու գնացի:
Ներս մտավ կինը՝ Անուշը:
- Ստյո՛պ, հեռախոսդ չմոռանաս, լիցքավորվել է, այդ ի՞նչ սեր է, որ առավոտից այստեղ ես ոչ մի անգամ չզանգեց, չհետաքրքրվեց, քեզ նման տարօրինակ է, թե՞ հերթական…
- Լավ էլի, Անուշ ջան, ի՞նչ զանգի, ասել եմ առանց անհրաժեշտության չզանգի:
- Մի բան էլ հարցնեմ, այս վերջին անգամ ի՞նչ էիր գրել «Շատացել են կրծքերը բաց կանայք, որ մեր աչքերն են քչփորում…»
- Կրծքի փոխարեն մտքումդ կարդա սիրտ ու ամեն ինչ կընկնի տեղը…
* * *
Ետևից երևացին մեկ ուրիշ մեքենայի լույսեր:
Միայն ես չեմ ուրեմն, որ այս ժամին խելագարի նման սլանում եմ Վանաձոր-Երևան այս մութ ճանապարհով:
Աստված սրան ուղարկեց, թողնեմ առաջ ու ետևից գնամ, հեշտ կլինի այդպես ու շատ չեմ լարվի:
Մետատրո՜ն,Մետատրո՜ն…
Դանդաղեցրի մեքենան ու առաջ թողեցի, սպիտակ «Նիսսան» է:
Ետևի ապակու վրա երևաց բարձրակրունկ կոշիկի նշանը:
Կին է ուրեմն, իզուր թողեցի առաջ:
Փորձում եմ անցնել նրան ոչ մի կերպ չի թողնում:
Խայտառակվեցի ու նայում եմ աջ կողմից երևացող լուսնին:
Դավաճան սրիկան հիմա էլ նրա ավտոմեքենայից է կպած գնում:
Սեղմե՞մ գազը, հասնե՞մ թե համակերպվեմ և լուսնի արագությանը և այս անծանոթ կնոջը…
Մետատրո՜ն, գնացինք ու սեղմում եմ գազի ոտնակը:
Զգացի, որ ինչ որ բանի հարվածեցի ու ճակատս էլ ղեկին՝ արգելակելուց հետո:
Աչքերս բացեցի:
Դիմացիս մեքենան կանգնած էր մի քանի սանտիմետրի վրա, պարզ տեսնում եմ ետևի լույսերը:
Զգում եմ ճակատիցս իջնող տաք արյան կաթիլիը, բայց դա չի խանգարում, որ իջնեմ մեքենայից:
Ես վստահ եմ, որ հարվածը մեքենային չէր, դա ավելի շուտ մի ամուր բանի քսվելու ձայն էր:
Միաժամանակ հասկացա, որ եթե դիմացիս մեքենան չարգելակեր ես էլ չէի արգելակի:
Մեքենայից իջա ու չեմ հասկանում ի՞նչ է կատարվում:
Ոչ մի մեքենա չկա իմ մեքենայի դիմաց:
Հեռվում էլ, հեռացող մեքենայի ոչ մի լույս չի երևում:
Երևի գժվում եմ:
Շտապ մտա մեքենան ու պարզ տեսնում եմ դիմացս կանգնած սպիտակ «Նիսսան»-ը:
Նորից դուրս եկա, ոչ մի մեքենա:
Մոտեցա ու նայում եմ իմ մեքենային առջևի մասից:
Վառեցի հեռախոսիս լապտերը ու կռացած նայում եմ:
Դյույմանոց մի մալուխ է ցցված հողի միջից ու խրվել է մեքենայի դիմացի պլաստմասսայե բամպերի մեջ:
Ահա թե որտեղից էր ձայնը:
Նստեցի մեքենայի մեջ, այս անգամ ոչ մի մեքենա չեմ տեսնում դիմացս:
Եթե մեքենան ետ տամ ամբողջովին կպատռի բամպերը, եթե առաջ տամ կարող է պատռել բենզինի խողովակը:
Մնում է մեկ տարբերակ, մոտենալ, ձեռքով ծռել մալուխը դեպի ներքև ու շարունակել ճանապարհը:
Երբ նորից մոտեցա, կռացա ու հեռախոսի վառած լապտերով լուսավորեցի, հասկացա, որ դա է ամբողջ գիշերն այստեղ չանցկացնելու միակ ելքը:
Ձեռքս մեկնեցի, հեռախոսս զանգեց:
Կանգնեցի կռացած տեղից:
- Հա, Լուս ջան: Ո՞նց որտեղ եմ, ճանապարհին, դանդաղ գալիս եմ, մութ է, քեզ չասացի՞ հանգիստ մնա, առանց անհրաժեշտության…հա՛, հա՛, նորմալ է, մի քառասուն րոպեից կլինեմ, դու քնիր:
Հեռվից երևացին մեքենայի լույսեր:
Տեսնես կկանգնի՞:
Մոտեցավ, մի հին «Մոսկվիչ» է:
Վարորդը դուրս եկավ մեքենայից ձեռքին գործիքների մի պայուսակ:
- Էս ի՞նչ օրն ես ընկել, ախպերս:
- Ես շատ գիտեմ, առանձնապես բան չկա, բայց երևի օգնես:
- Ո՞նց չկա, դու գառասկոպով ի՞նչ ես:
- Ի՞նչ կապ ունի, խեցգետին:
- Ես դրանցից բան չեմ հասկանում, բայց լավ է, որ ձեռք չես տվել, թե չէ հիմա ոչ թե խեցգետին էիր լինելու այլ ներսգետին, հասկացա՞ր:
- Ի՞նչ ներսգետին, խմա՞ծ ես:
- Հա մի քիչ կա, գայիշնիկները տնից հանեցին ուղարկեցին, որ սա դզեմ, ինչքան համոզեցի մնա առավոտ, չկարողացա…համա թե բախտ ունես, հա՜:
- Բամպերի բախտը ո՞րն է, թող մի քիչ էլ ճղվեր, եղածը…
- Այ մարդ սրա մեջ 380 վոլտ լարում կա, ձեռքդ կպներ հերիք էր, դրա համար եմ ասում է՜, ներսգետին կլինեիր…
Գիշերվա արդեն երեքն էր երբ մտա բակ:
Անտանելի բան է գիշերը, երբ մենակ ես, մեն մենակ ու…ոչ մի օգնող չկա, միայն լուսինն է իր սառը ճառագայթներով կիսալուսավորում դեպի իմ շքամուտք տանող փոքրիկ ճանապարհը, լուսինը, որի անունը առավոտից կփոխեմ Լուսինե անունով:
Պատուհաններիս լույս չկա:
Քնել է արդեն, վստահ, որ ես էլ փորձանքի մեջ չեմ, ուրիշ բացատրություն չունեմ:
Աստիճանների վրա հեռախոսս նորից զանգեց.
- Ուստա, «դու շեշ» եմ բերել, ո՞նց խաղամ,- ծիծաղում է վանաձորցի ընկերս, փորձում է վստահանալ ինչպես տեղ հասա:
- Գիշերվա կեսին ի՞նչ «Ուստա», գնա քնիր հանգիստ:
Երբ զգույշ փորձում էի դուռս անաղմուկ բացել, ակամա հիշեցի վանաձորում ընկերոջս ասած խոսքերս.
«Մետատրոն, նշանակում է Աստծո ձայն, գերհրեշտակ, գիտես, որ նման բաների չեմ հավատում, բայց շատ է օգնել, ներշնչանք է էլի, մի հավատա»:
Երբ անաղմուկ մտա սենյակ պատուհանի մոտ տեսա մեջքով դեպի ինձ կանգնած, ձեռքերը կրծքին խաչած Լուսինեին՝ իմ Մետատրոնին…
Օրվա ամենահաճելի ժամանակահատվածը այն ժամանակ է, երբ քո Մետատրոնը քեզ ամուր գրկած հանգիստ քնած է, ձեռքերով ամուր փաթաթված քեզ, որ հանկարծ իր քնած ժամանակ դու չհեռանաս իրենից ու իր աչքը լինի միշտ քո վրա, ճանապարիհիդ վրա…ու անկախ քեզնից կիսաձայն ասում ես.
«Աստծո ձայն, …ներշնչանք է էլի, մի հավատա»
Լսում ես.
- Ինչ ասացի՞ր, հիմա քեզ կխեղդեմ , - ու խեղդվում ես նրա մազերի մեջ, բուրող ու մետատրոնային…