1in.am-ը գրում է.

Եվրամիությունն ամեն ինչ անելու է, որ մինչև տարեվերջ Հայաստանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրի: Այս օրերին նման վստահություն արտահայտող կարծիքներ են շրջանառվում իշխանական կուլիսներում:

Մյուս կողմից էլ արդեն ակնհայտ է, որ Եվրամիությունը Հայաստանի հարցում երկու մասի է բաժանվել: ԵՄ երկրների մի մասը, օրինակ` Շվեդիան, գտնում է, որ առայժմ պետք է Հայաստանին հանգիստ թողնել, և թույլ տալ, որ մեր երկրին «տիրություն անի» Ռուսաստանը: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը այդ հարցի հետ կապված երբեմն կոշտ հայտարարություններ է անում: Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտնի հայտարարությունից հետո նա սոցիալական ցանցում գրել էր, թե Հայաստանը դուրս է մնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման օրակարգից: «Միրոսլավ Լայչակի (Սլովակիայի արտգործնախարար) հետ համաձայնության եկանք, որ Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրն այլևս օրակարգային խնդիրների թվում չէ: Շարունակում ենք աշխատել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ»,- գրել էր նա:

Հիշեցնենք, որ Շվեդիան Լեհաստանի հետ միասին համարվում է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի հիմնադիրներից մեկը: 2008-ի մայիսին Բրյուսելում կայացած Եվրամիության համաժողովի ընթացքում Կ. Բիլդտն էր իր լեհ գործընկերոջ հետ համատեղ ներկայացրել հետխորհրդային տարածքի վեց պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի ու Եվրամիության միջև հարաբերությունների սերտացմանն ուղղված այդ նախագիծը:

Իսկ որոշ երկրներ, օրինակ` «Արևելյան գործընկերություն» ծրագրի մյուս հիմնադիրը՝ Լեհաստանը կամ Լիտվան կողմ են, որ պետք է փորձել Հայաստանին հնարավորինս աջակցել և ներքաշել եվրաինտեգրման ծրագրերում: «Մեր գործընկերների հետ հարաբերություններում չպետք է տուրք տանք մի կողմի լիակատար պարտության տրամաբանությանը: (Հայաստանի) ներգրավումը շարունակում է կարևոր խնդիր մնալ»,- Կ. Բիլդտի այդ գրառմանն արձագանքել էր Լիտվայի արտգործնախարարը:

Մեր տեղեկություններով` անցած շաբաթ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նրանց հորդորել է այնքան էլ լուրջ չընդունել Շվեդիայի արտգործնախարարի հայտարարությունը, քանի որ նրա կինը, ուրեմն նաև ինքը գտնվում են ադրբեջանական լոբբիստների ազդեցության տակ:

Եվրամիությունը, փաստորեն, Հայաստանի եվրաինտեգրման հարցում բաժանվել է երկու կարծիքի, բայց կարծես գերակշռողն այն հատվածն է, որը համարում է, որ չպետք է հրաժարվել Հայաստանից ու մեր երկրին թողնել Ռուսաստանի միահեծան ազդեցության տակ: Դիվանագիտական որոշ աղբյուրների տեղեկությունների համաձայն` առաջիկայում Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հանդիպելու են ԵՄ որոշ երկրների արտաքին քաղաքականության պատասխանատուներ, որոնք քննարկելու են նաև «Արևելյան գործընկերություն» ծրագրին, նոյեմբերին Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի ու ԽՀԱԱԳ պայմանագրի՝ Մոլդովայի, Վրաստանի կողմից նախաստորագրմանը և Ուկրաինայի կողմից ստորագրմանը վերաբերող հարցերը: Քննարկվելու են նաև Հայաստանին այդ գործընթացներում ինչ-որ կերպ ներքաշելու հարցերը: Եվ որքան էլ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարի, որ մինչև տարեվերջ դժվար թե կարողանան որևէ փաստաթուղթ պատրաստել Հայաստանի համար, այնուամենայնիվ, ԵՄ-ն մտադիր է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել մեր երկրի հետ: Նույնիսկ տեղեկություններ կան, որ ԵՄ-ն ցանկանում է այնպիսի փաստաթուղթ ստորագրել, որի անվան մեջ անպայման կլինի «ասոցացում» բառը:

Մաքսային միությանն անդամակցելու մասին Ս. Սարգսյանի հայտնի հայտարարության առաջացրած շոկից ու կոշտ հայտարարություններից հետո ԵՄ-ն հիմա կարծես թե փորձում է «ձեռք չքաշել» Հայաստանից: Հայկական կողմից Ասոցացման համաձայնագրի քննարկումների մասնակիցներից ստացված տեղեկությունների համաձայն` ԵՄ-ում Հայաստանի հետ կապված այժմ իշխող է այն տեսակետը, թե այդ ծրագրի ու փաստաթղթի հետ կապված մոտ չորս տարվա աշխատանքը չպետք է ջուրը գցել: Այնպես որ, չի բացառվում, որ նոյեմբերին Վիլնյուսում կամ միգուցե ավելի ուշ մեր երկիրը ԵՄ-ի հետ որևէ փաստաթուղթ ստորագրի: Փաստորեն, իզուր չէր, որ իշխող Հանրապետական կուսակցության արտաքին հարցերով հանձնաժողովի համակարգող Արմեն Աշոտյանը լրագրողներին հորդորում էր հետևել գործընթացներին ու սպասել մինչև դեկտեմբեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել