Aysor.am-ը գրում է.
Առողջապահության նախարարությունը այսօր հերքել է տարածված տեղեկությունները՝ թե Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերում խոլերայի համաճարակ է բռնկվել:
1998 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում խոլերայի ոչ մի դեպք չի արձանագրվել, տեղեկացնում են նախարարությունից:
Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերում օգոստոսի 28-ին և 29-ին բնակչության շրջանում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 54 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են «Աշտարակի բժշկական կենտրոնի» ինֆեկցիոն բաժանմունքում և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց տրամադրվել է բժշկական անհրաժեշտ օգնություն և սպասարկում պետպատվերի շրջանակում:
Նշված գյուղերում ՀՀ առողջապահության նախարարության և Արագածոտնի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության համապատասխան մասնագետների կողմից կազմակեպվել են բակային համայցեր` նոր դեպքերի վաղ հայտնաբերման և բժշկական օգնության կազմակերպման համար: Բակային համայցերի ընթացքում բնակչության շրջանում իրականացվել է բացատրական աշխատանք աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ:
Ըստ համաճարակաբանական հետազոտության տվյալների՝ վարակը տարածվել է խմելու ջրի միամոմենտ աղտոտման պատճառով:
Օգոստոսի 28-ին, ինչպես նաև հետագա օրերին խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքներով դրանում ախտածին մանրէներ չեն հայտնաբերվել»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: