1in.am-ը գրում է.
Համարել, որ Սիրիայի իշխանությունները չեն մասնակցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակմանը, նշանակում է երես թեքել փաստերից: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:
«Դա սպանդ էր՝ արհեստականորեն կազմակերպված վարչակարգի կողմից, որը, ինչպես հայտնի է, ունի չհայտարարագրված զարինի խոշորագույն պաշարներ: Այլ կերպ կարծել նշանակում է գիտակցաբար աչք փակել ներկայացված փաստերի վրա»,- ասել է նա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական նիստին՝ նվիրված ՄԱԿ-ի տեսուչների՝ Սիրիայի հարցով ներկայացրած զեկույցին:
Զեկույցի հեղինակները եկել են այն եզրահանգման, որ Դամասկոսի Ղուտա արվարձանում կիրառվել է զարին թունավոր գազ, սակայն հարձակման պատասխանատվությունը չի դրվում հակամարտող կողմերից որևէ մեկի վրա:
ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը պնդել է, որ 120 մմ տրամաչափով արկերը, որոնք կիրառվել են Ղուտայում, «վարչակարգի կողմից կիրառվել են նաև այլ հարձակումների ժամանակ»:
Փաուերը հերքել է հավանականությունը, որ նման մարտագլխիկներ կարող էին հայտնվել գրոհայինների ձեռքին: Նրա խոսքով՝ «տրամաբանական չէ կարծել, որ ընդդիմությունը ներխուժել է վարչակարգի վերահսկողության տակ գտնվող շրջաններ, որպեսզի հարձակման ենթարկի իր տարածքները»: