Ահա նորից թարմացել են խոսակցությունները հանրային տրանսպորտի սակագնի վերանայման մասին: Ահա նորից խոսվում է այն մասին, որ հայտնի է դարձել, որ Երեւանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով քաղաքապետարանում արդեն իսկ հանձնաժողով է ստեղծվել։ Չնայած նրան, որ սակագնի թանկացման կողմնակիցները այն կարծիքին են, որ պատշաճ տրանսպորտ ունենալու համար ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի հանրային տրանսպորտի գինը 100 դրամից դառնա 150, միևնույն է դա ընդունելի չէ մեր հանրության մի ստվար զանգվածի կողմից: Վերջիվերջո մենք պետք է հասկանանք, որ քաղաքային տրանսպորտից Հայաստանում օգտվում են միայն նրանք ովքեր, հիրավի, ծանր սոցիալական պայմաններում են ապրում: Ես հասկանում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք կառարկեն` ասելով. «Ինչո՞ւ ես այդպես խոսում, չէ՞ որ միջին խավի ներկայացուցիչներից շատերն էլ են օգտվում …»: Մոռանում են, որ Երևանը դա Մոսկվան չէ: Մոսկվայում, իրոք, միջին խավի մի զգալի մասը, հիրավի, օգտվում է հանրային տրանսպորտից` հատկապես մետրոյից, քանի որ քաղաքն այնպես է տարածվել թե երկարությամբ, թե լայնությամբ, որ շատ դեպքերում մետրոյով ավելի շուտ կարելի է տեղ հասնել… Այն դեպքում, երբ Երևանի մի ծայրից մյուսը տաքսիով գնալու դեպքում կծախսես մաքսիմում 1000-1300 դրամ, որը միջին խավի համար (…եթե այն, իրոք, գոյություն ունի, որի վրա ես խիստ կասկածում եմ, քանզի միջին խավ հասկացողությունը Հայաստանում շատ համեմատական և ոչ կայուն հասկացողություն է) այդքան ծախսատար չէ: Երբ տեսնում և լսում եմ սակագնի թանկացման կողմնակիցների գունավոր ներկայացումները ապագա 150 դրամանոց տրանսպորտի մասին, անկախ ինձանից նյարդանում եմ: Նյարդանում եմ, քանի որ այդպես էլ չեմ հասկանում, թե ինչպես կարող են այդ մարդիկ չհասկանալ, որ մեր երկրում ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններ են, և մարդիկ շատ անգամ կիսասոված են քնում: Այդ տրանսպորտից օգտվողներից շատերին միայն մի բան է անհրաժեշտ. ուղղակի տեղ հասնել և տնտեսել 50 դրամը, որովհետև 3-4 հատ 50 դրամն իրենից երկու հատ մատնաքաշ է ներկայացնում: Հիմա հարց եմ տալիս այդպիսի մարդկանց.«Ո՞րն է կարևոր. ավտոբուսի ճոխ պայմանները, թե՞ ավելորդ երկու հացի առկայությունը:
Հ.Գ. Հավատացեք, մարդիկ իսկապես ի վիճակի չեն 150 դրամ վճարելու, հակառակ դեպքում ոչ մի ինքնաբուխ շարժում ի վիճակի չէր այսպիսի մեծ աղմուկ բարձացնել: Միգուցե նպատակահարմար է նույն ուղղությամբ երկու տիպի ավտոբուսներ շահագործման դնել. մեկը` առկա տրանսպորտի պես 100 դրամ սակագնով, այսինքն` ոչ պատշաճ պայմաններով, մյուսը` 150 դրամ սակագնով, ավելի բարվոք պայմաններով…այդ դեպքում սոցիալական շատ ծանր պայմաններում գտնվողները կօգտվեն առաջինից, իսկ համեմատական ավելի լավ վիճակում գտնվողները երկրորդ…