Aysor.am-ը գրում է.

1908 թվականի այս օրն է ծնվել հայ անվանի աստղագետ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը։ Դեռ դպրոցական տարիներին նա հրապարակային դասախոսություններ էր կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ:

1924 թ. ընդունվել է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը և մեկ տարի անց, տեղափոխվել Լենինգրադի պետական համալսարան։ 1926 թվականին հրատարակել է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։ 1928-1931-ին Վ.Համբարձումյանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում։ 1934 թ. Լենինգրադի համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, հիմնադրում և ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։ 1935 թ. Համբարձումյանին շնորհվում է ֆիզմաթ գիտությունների դոկտորի աստիճան՝ առանց ատենախոսության պաշտպանության:

Անցած դարի 30-ական թվականներին Վ.Համբարձումյանը հաջողությամբ լուծեց տարբեր տիպերի աստղային համակարգերի դինամիկայի խնդիրը, հաշվի առնելով նրանց ինչպես առաջացման, այնպես էլ՝ քայքայման առանձնահատկություները։ 1939 թ. Վ.Համբարձումյանն ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, և նշանակվում համալսարանի պրոռեկտոր՝ գիտակազմակերպչական աշխատանքների գծով։ 1943-ին հիմնադրվում է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան:
1947 թ. նա հրատարակում է իր հայտնի աշխատանքը՝ «Աստղերի էվոլյուցիան և աստղաֆիզիկան», որում Վ.Համբարձումյանն ապացուցել է, որ իր հայտնագործած աստղային համակարգերը՝ աստղասփյուռները, կազմված են միանման աստղերից, և դրանով է պայմանավորված նմանատիպ աստղերի բարձր խտությունը։

Նրա ստացած արդյունքներով աստղասփյուռների տարիքը չէր կարող գերազանցել մի քանի տասնյակ միլիոն տարին։ Եզրակացվեց նաև, որ նույն աստղասփյուռի բոլոր աստղերը առաջացել են միասին։ Դրանով իսկ ապացուցվեց, որ մեր Գալակտիկայում աստղառաջացման պրոցեսը շարունակվում է, և ծեր աստղերի հետ միասին գոյություն ունեն նաև երիտասարդ աստղեր։ Այս աշխատանքի համար Վ.Համբարձումյանը 1950 թ.-ին արժանացավ պետական մրցանակի։

Մինչև կյանքի վերջը Վ.Համբարձումյանը համոզված էր, որ մեր ժամանակներում նույնպես գալակտիկաներ են ծնվում։ Վ.Համբարձումյանը աշխարհի ավելի քան 30 ազգային ակադեմիաների և միջազգային կազմակերպությունների պատվավոր անդամ էր, իսկ 1958-61 թթ. գլխավորել է միջազգային աստղագիտական ընկերությունը։ Նա երկու անգամ ընտրվել է Գիտական միությունների համաշխարհային խորհրդի նախագահ(1966-72 թթ.Համբարձումյանը վախճանվեց 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ ։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թվականից կրում է նրա անունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել