CivilNet–ը գրում է․

«Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում «բիզնեսով» է զբաղվում և «Բիչինա» անվանմամբ ավանդական մսամթերքի արտադրության սեփականատերն է։

Լուրն առաջինը հրապարակել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը», ապա արտատպել են մերձիշխանական լրատվամիջոցներ՝ Medianews-ը, Araratnews.am-ն ու Civic.am-ը։

#CivilNetCheck-ը, սակայն, պարզեց, որ Տավուշի թեմի առաջնորդին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է, իսկ Բագրատ Սրբազանը թեկուզև մասնակցել էր արտադրության հիմնադրմանը, սակայն անձնական եկամուտներ չի ստացել։

Բագրատ Սրբազանի՝ Տավուշում բիզնեսով զբաղվելու մասին տեղեկությունը «Հայկական ժամանակի» հրապարակումից հետո սկսեց ակտիվ տարածվել իշխանամերձ բլոգերների ու լրատվամիջոցների միջոցով:

Բագրատ Սրբազանն իսկապես «Շամշադին Էկո Միթ» արտադրական կոոպերատիվի իրական շահառուների ցանկում է։ #CivilNetCheck-ը խոսեց «Շամշադին Էկո Միթ» ընկերության տնօրեն Նորայր Հարությունյանի հետ։ Վերջինս նշեց, որ Բագրատ արքեպիսկոպոսը արտադրության հիմնադրման թիկունքում էր ու օգնել էր ներդրողների հետ կապեր հաստատել։ «Շամշադին Էկո Միթը» արտադրական կոոպերատիվ է, որը, ըստ Հարությունյանի, ի սկբանե հիմնադրվել էր որպես սոցիալական ձեռնարկություն, որպեսզի Տավուշի բնակիչները կարողանան իրենց մսամթերքը վաճառքի հանել։ Ծրագիրը ֆինանսավորվել է կառավարության ու Եվրամիության տրամադրած միջոցներով։

Հարությունյանը պնդեց, որ արտադրությունը սկսելուց հետո Սրբազանը այլևս չի մասնակցել ընկերության ներքին գործընթացներին ու դրանից եկամուտ չի ստացել։

«Վաճառքի շահույթը գնում էր վերարտադրությանը, նոր մսամթերք ու տեխնիկական միջոցների ձեռք բերմանը»,- նշեց տնօրենը՝ հավելելով, որ ավելի քան մեկուկես տարի է, ինչ ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը։

Ըստ նրա՝ դադարեցման պատճառը 2020-ին կորոնավիրուսի համաճարակն ու պատերազմն էր։

2024-ի փետրվարի դրությամբ Բագրատ Գալստանյանը (քաղաքացիական անունը՝ Վազգեն Գալստանյան) դեռևս արտադրական կոոպերատիվի 25%-ի բաժնետեր էր, իսկ Տավուշի թեմն իր հերթին երբևէ չի թաքցրել իր աջակցությունը մսամթերքի արտադրությանը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել