Azatutyun.am-ը գրում է․

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը։

«Տեխնիկապես ավարտվել, նշանակում է, որ արձանագրվել, վերահաստատվել է այն հատվածը, որով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը՝ համաձայն Ալմաթայի հռչակագրի։ Այսինքն Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանի անցման կետերում են այդ սյուները տեղադրված», - նշեց Խաչատրյանը։

Կառավարությունը երեկ հայտարարեց, որ Հայաստան- Ադրբեջան սահմանին տեղադրվել է 20 սահմանային սույն։

Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները «Ազատության» հետ զրույցում նշում են, որ խոսքը 10-12 կմ մասին է։

ՔՊ-ական Վահե Ղալումյանն, ով Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրն է, ասաց, թե իր տեղեկություններով, սյուների միջև հեռավորությունը 500 մետր է։ Եթե արդեն 20 սյուն է տեղադրվել, ուրեմն խոսքը մոտ 10 կմ-ի մասին է, որն արդեն սահմանազատված կարելի է համարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել