1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիան նախատեսում է մոտակա ժամանակներս Սիրիա ուղարկել քիմիական զենքի հարցով իր փորձագետներին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Թագավորության արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:
«Մեր մասնագետները պատրաստվում են մեկնել Սիրիա՝ աջակցելու համար միջազգային հանրության ջանքերին ուղղված սիրիական քիմիական զենքի վրա վերահսկողություն հաստատելուն: Կարծում եմ՝ այս ոլորտում փորձագետներ ունեցող բոլոր երկրները պետք է պատրաստ լինեն այդ քայլին»,- ասել է նա:
Հեյգը միևնույն ժամանակ նշել է, որ Մեծ Բրիտանիան պետք է վստահ լինի փորձագետների անվտանգության հարցում նախքան նրանց Սիրիա ուղարկելը: Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Լոնդոնն այդ նպատակով իր զինծառայողներին կտեղակայի՞ Սիրիայում, նա ասել է՝ «Միանշանակ ոչ»:
«Մենք Սիրիա զորք չենք ուղարկի, ոչ այս, ոչ մեկ այլ նպատակով: Առաջինը՝ չեմ կարծում եմ, որ դա փորձագետների անվտանգության ապահովման լավագույն միջոցն է, իսկ երկրորդ՝ տվյալ որոշումը բացասական արձագանք կառաջացներ Սիրիայում»,- մեկնաբանել է արտգործնախարարը: