Aravot.am-ը գրում է.

Հարցին, թե ի՞նչ նպատակ ունի այս նախաձեռնությունը, Քոչարյանը պատասխանեց․ «Պարզ նպատակ, որպեսզի մենք իմանանք՝ մեր 1,5 մլն հայրենակիցների հասցեները, տեղերը»։

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ իր այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել, առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված անձանց ամբողջ ցանկը։ Հարցին, թե ի՞նչ նպատակ ունի այս նախաձեռնությունը, Քոչարյանը պատասխանեց․

«Պարզ նպատակ, որպեսզի մենք իմանանք՝ մեր 1,5 մլն հայրենակիցների հասցեները, տեղերը։ Մենք չունենք մինչեւ հիմա։ Կարող է 1,5 մլն-ից ավելի շատ է կամ քիչ է։ Մինչեւ հիմա մեր երկրում ինչո՞ւ այդ խնդիրը չի հասցեականացվել։ Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի հաջողվո՞ւմ։ Դա շատ կարեւոր է ապագայում նաեւ մեր հարաբերությունների կառուցման համար։ Ուզում եմ ասել՝ դրանից վատ մի զգացեք»,- ասաց Քոչարյանը:

Նա հավելեց․ «Դա մեզ է պետք առաջին հերթին, մինչեւ մեր անկախ պետություն  ունենալը դա պետք է աներ եկեղեցին, քաղաքական կուսակցությունները, Սփյուռքի կառույցները, պետական բոլոր ինստիտուտները։ Ցեղասպանության թանգարանում, այդ նկարներից բացի, պետք է լինի նաեւ մեր բոլոր նահատակված ժողովրդի անուն-ազգանունները։ Եթե չենք արել, թերացել ենք, այդ խնդիրը պետք է ունենա սկիզբ եւ ավարտ, որ ոչ մեկը չկարողանա շահարկել։ Ապրիլի 24 է դեմը, 1,5 մլն էր, 2 մլն, թե՞ պակաս էր, դա պետք է լինի խիստ հասցեական։ Եթե դա չենք արձանագրում հակառակ կողմը միշտ կարող է ասել, որ այդպիսի բան չի եղել, եւ մինչեւ հիմա էլ ասում է։ Այլ նպատակ, բացի ազնիվ մղումները, գոյություն չունի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել