1in.am-ը գրում է.
Nestle, Mars, Cadbury Adams և Hershey ընկերությունները, որոնք ավելի վաղ Կանադայում մեղադրվել են գնային դավադրության մեջ, պատրաստ են 23.2 մլն դոլարի փոխհատուցում վճարել՝ հայտնում է The Huffington Post-ը: Ընկերությունների փաստաբանները կարողացել են դաշնային դատախազության հետ պայմանավորվել հայցի կարգավորման շուրջ արտադատյա կարգով՝ չնայած ընկերությունները չեն ճանաչում իրենց մեղքը: Նրանք պարզապես ցանկանում են խուսափել հետագա քաշքշուկներից ու դրանց հետ կապված վնասներից:
Ավելի վաղ Կանադայի իրավապահ մարմինները հայտնաբերել էին, որ վերը նշված ընկերությունների ղեկավարները 2005-2007 թվականներին սրճարաններում, ռեստորաններում ու կոնֆերանսներում հանդիպումների ժամանակ տեղեկություն են փոխանակել արտադրության ծավալների մասին ու պայմանավորվել գին ֆիքսելու շուրջ:
Պատասխանողներից միայն Hershey-ն է սկսել համագործակցել դատախազության հետ հետաքննության շրջանակում՝ ճանաչելով իր մեղքը: Ընկերությունը պարտավորվել է վճարել 4 մլն տուգանք:
Եթե ընկերությունների մեղքը դատարանում հաստատվեր, ապա յուրաքանչյուրը ստիպված կլիներ առնվազն 25 մլն դոլար տուգանք վճարել:
Ընկերությունների կողմից վճարվող գումարները կուղղվեն սպառողների փոխհատուցման վճարման հիմնադրամ: Փոխհատուցում ստանալու համար անհրաժշտ է մինչև դեկտեմբերի 15-ը պահանջով դիմել հիմնադրամ: Փոխհատուցում ստանալ կարող են այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր ընկերությունների՝ 1000 դոլարից ոչ պակաս արտադրանք են գնել 2005-ի հոկտեմբերի 1-ից 2007-ի սեպտեմբերի 30-ը: