Emedia.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների հետ կապված՝ զանգվածային լրատվության և հնարավոր այլ միջոցներով շարունակաբար իրազեկվում է մրցույթի և անցկացման պայմանների մասին, սակայն մինչ օրս 23 երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթում մասնակցության հայտեր չեն ստացվել:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Էլեկտրոնային չվացուցակների համակարգի գործարկման աշխատանքների մասով «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը զեկուցել է, որ տեղադրված 21 սարքավորումներից 19-ը գործարկված են:
Առաջիկայում սպասվում է սարքավորումների հաջորդ խմբաքանակի ներկրումը:
Քաղաքապետը նաև հանձնարարել է նախապես իրականացված ծանուցումներից հետո համապատասխան քայլեր ձեռնարկել փոքր կենտրոնում առկա գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման ուղղությամբ:
«Կազմված ժամանակացույցով պետք է սկսենք փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման աշխատանքները: Դրանցում պետք է ներգրավել պատկան բոլոր մարմիններին: Ապամոնտաժումներից հետո կարճ ժամկետում պետք է կազմակերպել նաև տարածքի բարեկարգումն ու պատշաճ տեսքի ապահովումը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Վարչական շրջաններում տեղադրվող առաջարկությունների արկղերի հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է քաղաքացիների կողմից մայրաքաղաքի զարգացմանն ուղղված առաջարկները քննարկել ու ներկայացնել դրանց կյանքի կոչման համապարփակ նախաձեռնություններ: Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ դրանցից լավագույնները կարող են ընդգրկվել նաև 2014 թվականի տարեկան ծրագրում: