Hraparak.am-ը գրում է․

«Հրապարակի» զրուցակիցը պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանն է:

- Երկու օր առաջ Ադրբեջանը տարբեր ուղղություններով կրակ էր արձակել հայկական տարածքների վրա, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունն ասում է, որ այդ կրակոցներն աննպատակ են, անկանոն: Ըստ Ձեզ` ո՞րն է կրակոցների նպատակը:

- Մեր տրամադրությունը մարտական է, կրակոցներ էլ չկան: Մնացած հարցերին պետք է պաշտպանության նախարարությունը պատասխանի:

- ՊՆ-ն ասում է՝ անկանոն ու աննպատակ` անիմաստ են կրակել: Դա ի՞նչ է նշանակում:

- Դե, այդպես միշտ էլ լինում է, հակառակորդը միշտ էլ կրակում է անկանոն ուղղություններով, սա ես ասում եմ իմ տարիների փորձից, այդպես էլ կարող է լինել:

- Ո՞ր դեպքում են կրակոցները որակում անկանոն:

- Երբ չկա նշանակետ, չկա ուղղություն: Այսինքն` կրակում են, բայց ոչ թիրախավորված: Թիրախ կարող են լինել մարդը, տունը, ավտոմեքենան, բայց անկանոնի դեպքում չկա թիրախ:

- Բայց գոնե մի դեպքում կրակել էին կոնկրետ տան վրա, գյուղերի ուղղությամբ են կրակել, ի վերջո՝ ո՞րն է իմաստը դրա:

- Դե, տարբեր ժամանակներում կարող է տարբեր իմաստներ ունենալ:

- Իսկ հնարավո՞ր է՝ նման հայտարարություններով փորձում են Ադրբեջանի սադրիչ գործողություններն արդարացնել:

- Չեմ կարծում: Միշտ էլ նման կրակոցներ եղել են, պաշտպանության նախարարությունը չեմ ուզում պատկերացնել, որ կարող է իրեն նման բան թույլ տալ:

- Ուղղակի ՊՆ հաղորդագրության մեջ այդ «աննպատակ» բառը շեշտելը նման եզրակացության է հանգեցնում: Տեսակետ կա, որ ոչ մի պատերազմի վտանգ էլ չկա, հատուկ են այս խուճապը տարածում, որ հողերը հանձնելու հող նախապատրաստեն:

- Ես չեմ կարող որեւէ պնդում անել այս մասով, դրա համար կա ռազմաքաղաքական ղեկավարություն, նրանք պետք է իրավիճակը գնահատեն:

- Իշխանությունը պատերազմով է սպառնում, անգամ ասում է` Թուրքիան կհարձակվի, եթե Տավուշի չորս գյուղերը չհանձնենք:

- Դե, իշխանությունն ասում է, ասում է, էլի, հանձնողը ժողովուրդն է, իսկ ժողովուրդը չի հանձնելու ոչ մի բան: Հանձնողը մենք ենք, իսկ մենք չենք հանձնելու: Պատերազմից ոչ մեկս չենք վախենում, ինչ լինում է, թող լինի:

- Իսկ եթե Փաշինյանն առանց մարդկանց կարծիքը հաշվի առնելու ստորագրի եւ հանձնի այդ տարածքները...

- Ոսկեպարցիները վաղուց իրենց դիրքորոշումը հայտնել են, մենք մեր դիրքորոշումից հետ կանգնելու չունենք…. եթե ուզում ենք հաղթել, ուրեմն չպետք է վախենանք, իսկ եթե վախենում ենք, ուրեմն թույլ ենք: Բայց մենք վախեցող ժողովուրդ չենք:

- Տավուշցիներից «Հրապարակի» հետ զրույցում նշել էին, որ ադրբեջանցիներն 90-ականներին Տավուշում կռված մարդկանց տվյալներն են հավաքում, եւ, ինչպես Արցախում եղավ, օրինակ, Վագիֆ Խաչատրյանին ազերիներն առեւանգեցին ու դատում են 90-ականների պատերազմին մասնակցելու համար, նույն բանը կարող է տեղի ունենալ Տավուշում, եթե որեւէ մեկն անցնի ադրբեջանական որեւէ անցակետով: Տեղյա՞կ եք, թե ինչի մասին է խոսքը:

- Չի բացառվում, որ այդ 18 հոգու մեջ իմ անունն էլ լինի: Հարց է ծագում, թե ով է այդ անունները տվել, ո՞վ է երաշխավորված:

- Ի՞նչ 18 հոգու մասին է խոսքը:

- Ադրբեջանը 18 տավուշցու հանդեպ հետախուզում է հայտարարել:

- Ովքե՞ր են, ինչո՞ւ:

- Ներքին Ոսկեպարի եւ Բաղանիս-Այրում հատվածում 90-ականներին իբրեւ հայերը ոճրագործություններ են կատարել իրենց հանդեպ, իբր մորթել ու սպանել ենք: Մոտ 15 օր առաջ ենք իմացել այդ մասին:

- Ի՞նչ կարող է տեղի ունենալ արդյունքում, ադրբեջանական որեւէ անցակետ, սահման հատելիս խնդիրնե՞ր կառաջանան:

- Չեմ կարող հստակ ասել: Ինձ թվում է` ոչ մի խնդիր: Որ Ադրբեջանին մնա, ողջ Հայաստանը դիվերսանտ է, որ էդպես լինի, պիտի ոչ մեկը Հայաստանից դուրս չգա:

- Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն խոսում այս մասին, անգամ Ադրբեջանին չեն կարողանում համարձակ պատասխանել, երբ կրակում են մեր ուղղությամբ:

- Իշխանությունների խնդիրն է, մենք մեր փոխարեն արդեն պատասխան տվել ենք: Մենք ո՛չ Ալիեւից ենք վախենում, ո՛չ էլ Ալիեւի նման տականքներից: Պատրաստ ենք մեր առջեւ դրած խնդիրները կատարել, եթե բանակը համագործակցի մեզ հետ:

- Ի՞նչ են ասում` ե՞րբ է Փաշինյանը նորից Ոսկեպար այցելելու, ոսկեպարցիների հետ հանդիպելու:

- Մարզպետը պետք է տեղեկացնի, տեղյակ չենք: Նախորդ անգամ էլ 30 րոպե առաջ ենք իմացել, որ գալիս է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել