1in.am-ը գրում է.
Հայաստանում գործող 154 հակակարկտային կայանները բավարար չեն ամբողջ հանրապետությունում իրավիճակը վերահսկելու համար: Սեպտեմբերի 17-ին ԱԺ-ում Արմավիրի կարկտահարությունների հետևանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը նշեց, որ հանրապետությանն անհրաժեշտ է շուրջ 1300 կայան ևս:
«Արմավիրում կա հակակարկտային 69 կայան, արդեն 50-ը պատվիրված է, եթե նախորդ տարի հակակարկտային 36 կայան ձեռք բերվեց, որորնք երեք մարզի տրամադրվեց, ապա այս անգամ բոլոր 50 կայանները կհատկացվեն Արմավիրին: Այսպիսով Արմավիրում կլինի հակակարկտային ավելի քան 110 կայան»,-ասաց փոխնախարարը՝ տեղեկացնելով, որ արդեն ընտրված են կայանների տեղակայման վայրերը, համաձայնության են եկել գյուղապետերի, տարածքային կառավարման նախարարության, Արմավիրի մարզպետարանի հետ: Նոր կայանների ձեռքբերման մրցույթը մի քանի փուլով է անցել, շահող կազմակերպությունն արդեն հայտնի է՝ Պոստ Լեքս ՍՊԸ-ն է: Հ.Մխիթարյանը նշեց, որ երբեմն փորձ է արվում համեմատել ԱԻՆ կողմից կառավարվող հակակարկտային կայանները մասնավոր՝ «Զենիթ» կայանների հետ: «Եթե «Զենիթ» հակակարկտային կայանը, երկինք նայելով, տեսնելով կատարվածը, պրոցեսների ընթացքում կրակում է, ապա մեզ մոտ հստակ երևում է՝ ինչ չափի կարկուտ է լինելու: Մեր կայանն աշխատում է միայն էլեկտրոնիկայով: Հույս ունեմ՝ ապագայում բոլոր կայանները կկառավարվեն մեր ռադիոլոկացիոն կայանով»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ Արմավիրում հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքներն այս տարի 80 տոկոսով ավարտված կլինեն, իսկ մինչև գարուն բոլոր կայաններն արդեն տեղակայված կլինեն Արմավիրի մարզում:
Պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ Շիրակի մարզում հողերի մեծ մասը չի մշակվում կարկտահարության վախից, ինչին փոխնախարարը պատասխանեց, որ Շիրակում չկան հակակարկտային, ինչպես նաև ռադիոլոկացիոն կայաններ: «Այս դեպքում լեռները խանգարում են, մեր ռադիոլոկացիոն կայանի համար Շիրակը տեսանելի չէ: Թեև մարզում կան «Զենիթ» մասնավոր կայաններ, սակայն դրանք աշխատում են միայն հեռախոսով: Ինքս լսել եմ, ասում են՝ հեռախոսով հավաքեցի համարը, որ կայանն աշխատի, կապ չկար, չաշխատեց: Այսինքն՝ նման խնդիր կարող է լինել, եթե հակակարկտային կայանը ռադիոլոկացիոն կայանի հետ կապված չէ»,- ասաց նա:
Հ.Մխիթարյանը նաև նշեց, որ ամպը չնկատելու դեպքում էլ կարող են պարզապես կրակել, այն ցրել, սակայն այս դեպքում ամպն ուղղորդվում է մյուս համայնք: Փոխնախարարը տեղեկացրեց, որ ԱԻՆ կողմից չկառավարվող յուրաքանչյուր կայանի ձևափոխման համար մոտ երեք միլիոն դրամ է պետք հատկացնել, որպեսզի այն աշխատի ռադիոլոկացիոն կայանի հետ: Անհրաժեշտ է նաև նոր ռադիոլոկացիոն կայաններ ձեռք բերել, որոնցից յուրաքանչյուրն արժե մեկուկես-երկու միլիոն դոլար:
Հանրապետությունում ռադիոլոկացիոն կայաններ կան միայն Աշտարակում և Դսեղում, մինչդեռ առնվազն հինգը ևս պետք են: Ամբողջ Շիրակի մարզի համար նման մեկ կայանի ձեռքբերումը բավական է: Փոխնախարարը նշեց, որ ռադիոլոկացիոն կայանների էժան տարբերակներ կան, որոնցից որևէ մեկը մեզ պիտանի չէ: «Հիմա բանակցությունների մեջ ենք ռուսական կողմի հետ, նրանք զինվորական մասերից դուրս են գրել այդ կայաններից, վաճառում են: Մենք ակնկալում ենք, որ գոնե կես մլն դոլարով կկարողանանք գնել դրանք: Այնպես չէ, որ սպասում ենք՝ երկնքից ռադիոլոկացիոն կայան կունենանք, աշխատանքներ, բանակցություններ են տարվում»,- ասաց նա: Հ.Մխիթարյանը նշեց, որ հակակարկտային կայանների աշխատանքում վրիպումն անհնար է, շուրջօրյա հերթապահություն է իրականացվում, կապն էլ ռադիոմոդեմով է: