Իսրայելի իշխանություններն Իրանի կողմից սպառնալիքների պատճառով փակել են 28 դիվանագիտական ներկայացուցչություն տարբեր երկրներում, հայտնում է Sky News Arabia-ն։

Ավելի վաղ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Իսրայելին հատուցում էր խոստացել Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակման համար, որտեղ սպանվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալ և հինգ սպա։

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչն ասել է, որ երկիրը լրջորեն է վերաբերվում իր դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի և պատրաստ է ցանկացած սցենարի։

Sky News Arabia-ն նշում է, որ Իրանի հնարավոր պատասխանին հակազդելու համար իսրայելական բանակը բարձրացրել է իր օդուժի և հակաօդային պաշտպանության մարտունակությունը, ինչպես նաև չեղարկել է զինվորականների արձակուրդները։

Նախօրեին «Կան» ռադիոն հայտնել էր նաև որոշ երկրներում դեսպանատներից իսրայելցի դիվանագետների տարհանման մասին։ Դիվանագիտական ներկայացուցիչներին ուղարկվել են նախազգուշացումներ՝ հանրային միջոցառումներին չմասնակցելու հանձնարարականով։

Ապրիլի 1-ին իսրայելցի զինվորականները հարձակվել են Դամասկոսի դիվանագիտական թաղամասի վրա, որտեղ գտնվում է Իրանի հյուպատոսությունը։ Հյուպատոսությունն ամբողջությամբ ավերվել է. հարձակման հետևանքով զոհվել են իրանցի գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջա Ռահիմին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ սպա: Էբրահիմ Ռաիսին ասել է, որ հարվածի հեղինակներն ու հովանավորները «կպատժվեն մոջահեդների ձեռքով»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել