«Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ  հերթական անգամ հյուրընկալվել էր պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի մեջ ընդգրկված հինգ զորամասեր՝ սպաներին և զինվորներին  շնորհավորելու   ԼՂՀ Անկախության և ՀՀ Անկախության  22-րդ տարեդարձները: Հրամանատարների, սպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց, ինչպես Հայոց պետականության անկախության պահպանման կարևորությունը համայն հայության համար, այնպես էլ ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու,   հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց ԼՂՀ անկախության և ՀՀ անկախության 22-րդ  տարեդարձները: (Խոսք` Խաչիկ Ասրյան... «Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման հարգարժան հրամանատար, ազգային բանակի հարգելի սպաներ, ենթասպաներ, զինվորներ, սիրելի արծիվներ… Աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց հայոց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը հայրենիքը, իսկ Անկախության ամենամեծ ձեռքբերումը դարձավ հայոց ազգային բանակը, որը նույնպես բացարձակ արժեք է, և յուրաքանչյուրս մեր հնարավորության սահմաններում, հասարակական հիմունքներով, ամեն օր պետք է ներդրում ունենանք հայոց պետականության անընդհատ հզորացման գործընթացներին, այդ թվում նաև հայ մարդու, հայ ընտանիքի մեջ անընդհատ սերմանելով և արթուն պահելով հայրենասիրության գաղափարախոսությունը այնչափ, որ երբևէ չափավորելու կարիքը լինի: Ուղիղ 22 տարի է Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող, արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է Հայոց Պետականության Անկախության տարեդարձը: Անձամբ իմ և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 32.000-ից ավել հայրենասեր անդամների անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ, և ձեր ընտանիքներին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության փառավոր տոնի՝ 22-րդ տարեդարձի կապակցությամբ:


        Պատվարժա´ն սպաներ, զինվորներ, միշտ եղեք հոգեպես ուժեղ և հզոր, միշտ գիտակցե´ք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե´ք, որ խաղաղ պայմաններում դո´ւք արժանապատիվ զավակներն եք ձեր ծնողների, իսկ պատերազմի ժամանակներում անվախ, քաջարի և անպարտելի զինվորները մեր հայրենիքի: Միշտ գիտակցե´ք, որ ձեր դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են գտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե´ք կացնասեր սաֆարովյան ցեղապետերի կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցեք նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին, միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնելով հայկական բարձրավանդակը՝ կերտելով մեծ և հզոր Հայաստան, և գիտակցելով միշտ եղեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց նախագահն է, հայոց պետականությունն է: Կրեցե´ք ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը, և այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ` կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը,  կեցցե´ ազգային բանակը, կեցցե´ հայոց նախագահը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»:

ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հինգ զորամասերի սպաների, զինվորների համար կազմակերպած  միջոցառումների ընթացքում «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահության կողմից տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալների պարգևատրություններ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով   պարգևատրվեցին զորամասի հրամանատարներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ:


Հինգ զորամասերի սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների համար «Հայոց Արծիվները» կազմակերպել էր հայրենասիրական ժողովրդական երաժշտական համերգ:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը միջոցառումների ընթացքում խորին շնորհակալություն հայտնեց արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հայրենասեր հայորդիներ՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Կազմակերպության ջերմագին բարեկամ, մեծ հայրենասեր Ռալֆ Յիրիկյանին՝ Արցախի և Հայաստանի անկախությունների 22-րդ տարեդարձներին նվիրված հայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

 

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 530-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  32.000 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել