Panarmenian.net-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 23-ին կմասնակցի Սոչիում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությոնը:
Մեծ ուշադրություն կհատկացվի անդամ պետությունների սահմանների պահպանությանը, առաջին հերթին հաշվի առնելով 2014 թ. նախատեսվող զորքերի դուրս բերումն Աֆղանստանից: Կներկայացվեն Կազմակերպության գործունեության առաջնային ուղղությունները ՀԱՊԿ-ում ՌԴ նախագահության շրջանում: Նստաշրջանում ՀԱՊԿ նախագահությունը Ղրղզստանից կանցնի Ռուսաստանին:
Ինչպես հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, ՀԱՊԿ պետությունների ղեկավարների քննարկման է նախատեսվում ներկայացնել մի քանի կարևոր հարցեր, որոնք վերաբերում են ուժային բաղադրիչի զարգացմանը, նկատի ունենալով աշխարհում տիրող վիճակը: Ենթադրվում է, հավելել է նա, որ ՀԱՊԿ անդամ երկրների պետությունները կքննարկեն մինչև 2020 թվականը ռազմական բաղադրիչի զարգացման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը: Դա առնչվում է և ՀԱՊԿ օդային ուժերի ստեղծմանը, և ՀԱՊԿ հավաքական ուժերի կառավարման կազմակերպմանը, հայտնում է «Նովոստի-Ղազախստանը»:
«Ռուսական կողմը, որին անցնում է նախագահությունը կազմակերպությունում, կհայտարարի իր գերակայությունների մասին 2014 թվականին: Ակնկալվում է այդ հարցի շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը»,-ասել է Զայնետդինովը: Ավարտին, ըստ նրա, նախատեսվում է կոմյունիկե ընդունել: Ընդհանուր առմամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգում շուրջ 10 հարց կա:
Սոչիի հանդիպման նախօրեին տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆ ղեկավարների, ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը: