1in.am-ը գրում է.
Հայաստանում սեռական հանցագործությունները աճելու միտում ունեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգություն հայտնեց փաստաբան, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ավագ իրավախորհրդատու Դավիթ Թումասյանը, ով նաև ներկայացրեց վիճակագրական տվյալներ:
2011-ին տեղի է ունեցել 71 սեռական հանցագործություն, 2012-ին` 105, իսկ 2013-ի վեց ամիսներին միայն` 59: 2011-ին կատարված սեռական հանցագործություններից 15-ը բռնաբարության դեպքեր են, 2012-ին` 19-ը, իսկ 2013-ի վեց ամիսներին` 12-ը:
Ըստ մարզերի դասակարգելիս` պարզվում է, որ 2012-ին դեպքերի մեծ մասը կատարվել է Երևանում` 27 դեպք, որին հաջորդում են Արարատն ու Արմավիրը, ապա Կոտայքի, Լոռու, Սյունիքի և մյուս մարզերը: 2013-ին ևս առաջատարը Երևանն է` 16 դեպքով:
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ սեփական դիտարկումների շնորհիվ համոզվել է, որ այս առումով հասարակության գիտելիքները սահմանափակ են: Նա տեղեկացրեց, որ սեռական բնույթի հանցագործությունները պետք է տարանջատել չորս խմբի` բռնի սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ. այստեղ խոսքն առաջին հերթին ֆիզիկական բռնության մասին է: Հաջորդ խումբը սեռական բնույթի գործողությունը կամ հարաբերությունը հարկադրելն է. այստեղ ֆիզիկական բռնություն չկա, սակայն կարող է լինել շանտաժ, նյութական կախվածության չարաշահում և այլն: Երրորդ խումբը 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններն են. այս դեպքում թույլատրելի տարիքը որոշում է երկիրը: Վերջին խմբում ընդգրկված են անառակաբարո գործողությունները: Սա, ըստ Հարությունյանի, հաճախ ամենասխալ մեկնաբանվող դեպքն է, որի բովանդակային մասն անձինք հաճախ չեն գիտակցում:
«Համացանցն այսօր մտել է մեր առօրյա, ծնողը միշտ չէ, որ ունակ է հետևել երեխայի քայլերին: Անառակաբարո գործողությունները լինում են ոչ միայն ֆիզիկական, այլև ինտելեկտուալ` զրույցների ձևով, որ ինտերնետում հաճախ են լինում: Սա է պատճառը, որ մենք «Էլեկտրոնային հաղորդակցության միջոցների օգնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հատկանիշ առանձնացրինք»,- ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով` օրենքում փոփոխություններ նախատեսող իրենց նախագիծը նպատակ ունի նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, միաժամանակ կիրառել ճիշտ պատժամիջոցներ:
Բանախոսներն անդրադարձան ևս մեկ խնդրի` վաղեմության ժամկետին, որով պայմանավորված` երբեմն հանցագործներն անպատիժ են մնում: Նոր օրենքով` վաղեմության ժամկետը լրացած կհամարվի սեռական բռնության ենթարկված անձի 18 տարին լրանալուց հետո: Երեխան, չափահաս դառնալով, ինքը պետք է որոշի՝ դիմե՞լ դատարան, թե՞ ոչ:
«Մենք լրացուցիչ միջոցներ ենք առաջարկում` պաշտպանելու մանկահասակ երեխաների, ինչպես նաև այլ անձանց սեռական ազատության և անձեռնմխելիության իրավունքները: Սա հստակեցում է, ոչ հեղափոխություն, տարանջատվում են հանցախմբերը, գնահատված են կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց Հարությունյանը:
Նա նաև նկատեց՝ միշտ չէ, որ պատժի խստությունն ազդում է նման հանցագործությունների թվի վրա, ուստի պատժաչափերը պիտի միմիայն ակնհայտ անհրաժեշտության դեպքում փոխվեն: Օրենքում կատարվելիք փոփոխությունների հետևանքով ազգային փոքրամասնությունների դեպքում ևս որևէ խնդիր չի ծագի: Նրանց դեպքում ևս ամուսնությունը թույլատրելի է 18 տարեկանից:
«Այս դեպքում ԶԱԳՍ-ի աշխատողը պիտի համոզվի, որ ամուսնությունը կամովին է, ծնողների կարծիքն էլ է կարևոր, այսինքն` բավական շատ պաշտպանիչ շերտեր կան: Անկախ ամուսնական կարգավիճակից և ազգային պատկանելությունից` եթե կա բռնություն, դա պատժելի է»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց, որ դատական սխալից ապահովագրված չէ որևէ երկիր. նույն ԱՄՆ-ում այդ ցուցանիշները սոսկալի են: Տուժողները պետք է նախ փորձաքննության ենթարկվեն, որպեսզի հասկացվի՝ ընկալե՞լ են արդյոք հանցագործի դեմքը, քանի որ հաճախ տուժողի մոտ ենթագիտակցորեն ցանկություն է առաջանում հանցագործին նկարագրել ավելին, քան կա:
Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Տաթևիկ Աղաբեկյանը նշեց, որ սեռական բնույթի հանցագործության զոհերին ու նրանց հարազատներին թվում է՝ բոլորը ենթակա են կաշառման, նրանք նաև լուսաբանումից են խուսափում, շատերը նախընտրում են չխոսել այդ մասին` իրենց ապագան չվտանգելու համա: Մամուլում երբեմն բավական սխալ ինֆորմացիա է հայտնվում, և մարդիկ սկսում են ետ կանգնել, մտածում են՝ ոչ մի արդյունքի չեն հասնի, ու դա խանգարում է գործերի բացահայտմանը:
Առաջին ընթերցմամբ ընդունվել է «ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի «Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները» հոդվածներում փոփոխությունների և լրացումների նախագիծը»: Օրենքի համահեղինակ Դավիթ Հարությունյանը հույս հայտնեց, որ այն մոտակա երկու ամիսներին ամբողջությամբ կընդունվի, սակայն այն կատարելագործելու ուղղությամբ դեռ անելիքներ կան: