Փորձիր համոզել ինքդ քեզ և կհասկանաս, թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը
Լառոշֆուկո
«Եթե դու չես առաջարկում ելքից դուրս գալու ճանապահարներ, ուրեմն դու առնվազն պիտանի չես հանրության համար»: Այսպիսի արտահայտություն բազմիցս եմ լսել տարբեր խավերին պատկանող մարդկանցից, և նրանք, հիրավի, ճիշտ են: Ինչքան մտածում եմ միայն քննադատելով սայլը տեղից չի շարժվելու, այն էլ այն պայմաններում, երբ սայլի ուղղությունը դեռ որոշված չէ: Չնայած բազմազան ընդվզումների, լինի դա թե իշխանական թևի կողմից, թե ընդդիմադիր, այնումենայնիվ, Հայաստանում աղետ հիշեցնող սոցիալական պայմանները շարունակում են ավելի վատթարանալ, որից դրդված հազարավոր մարդիկ լքում են երկիրը, լքում են այն երկիրը, որին անվերապահորեն սիրում են և պաշտում: Ճիշտն ասած որոշեցի դիլետանտի, ավելի ճիշտ սիրողական մակարդակով փորձել հասկանալ, ինչ կարելի է անել և ինչ չի կարելի անել, որպեսզի դուրս գալ այս դժոխային իրավիճակից: Եվ այսպես, ըստ իս`
Ի՞նչն է թույլատրելի և նախընտրելի.
• Պետք է շարունակել ամեն կերպ լինի դա ինքնաբուխ, թե հրապարակային ելույթների ժամանակ վերահսկողություն սահմանել իշխանության ընդունած որոշումների վրա, դրանով իսկ նրանց զերծ պահել հնարավոր սխալներից, կամ շատ դեպքերում միտումնավոր թերացումներից: Իհարկե, այստեղ պետք է բացառվի իրավապահների հետ որևէ ընդհանրում, քանի որ դրանով կարժեզրկվի պայքարի այս ձևի բուն իմաստը, սա պետք է զուտ կառուցողական նպատակ հետապնդի, այլ ոչ թե քայքայիչ:
• Պետք է պահանջել, որպեսզի ձերբակալվեն նրանք, ովքեր իրոք արժանի են անհապաղ ձերբակալված լինելուն, ինչպես հասկացաք խոսքն այստեղ գնում է այն մարդկանց մասին, ովքեր թալանել են երկիրը, բայց ինչ-ինչ պատճառներով դեռ նրանց դեմ քրեական գործ չի հարուցվել, դրանով կհաղթահարվի անպատժելիության մթնոլորտը, սովորական մարդիկ կհասկանան, որ իրոք «անպատժելիներ» չկան:
• Պետք է վերաիմաստավորել վերահսկողության ամբողջ համակարգը, թե չէ ստացվում է այնպես, որ ունենք մի քանի հազար վերստուգիչներ/ սկսած գյուղերից, վերջացրած բարձր ատյանի վերահսկողական մարմիններով/, սակայն առկա են ատկատներ, միլիոններին հասնող չարաշահումներ: Հարց է ծագում, այդ դեպքում ո՞ւմ են պետք այդքան վերստուգիչները:
• Պետք է կառավարությունը կոռուպցիայի դեմ իր պայքարում մասնակից դարձնի նաև տարբեր դիրքորոշում ունեցող հասարակ կազմակերպությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, այլ ոչ թե «հերթապահ իր մի քանի ՀԿ-երին ֆետիշացնելով» ցույց տալ, որ հանրությունը ներգրավված է այս գործընթացում:
• Պետք է հասնել նրան, որպեսզի իշխանությունները ուզեն, թե չուզեն սկսեն անհապաղ զբաղվել անապահովության հաղթահարման խնդիրներով, այլ ոչ թե հարմար դիրք ընդունել և սպասեն, թե ինքնըստինքյան ինչպես կարտագաղթի վերջին անպահովը և նրա տեղը սփյուռքից կներգաղթեն քիչ թե շատ ապահոված մարդիկ: Թերևս այս ցուցակը կարելի է ընդմիշտ լրացնել, սակայն ես հարգում եմ Ձեր համբերությունը Հարգելի ընթերցողներ և կցանկանայի ասել, ըստ իս, ինչն է անընդունելի և այսպես`
Ի՞նչն է անթույլատրելի`
• Անթույլատրելի է արտաքին քաղաքականության մեջ սխալվել:
• Անթույլատրելի է, թեկուզ ընդդիմադիրի դիրքից ելնելով, միջազգային ատյաններում այնպիսի ելույթներ ունենալ, որոնք կթուլացնեն մեր երկիրը:
• Անթույլատրելի է աշխարհին ի ցույց դնել մեր ներքին խոհանոցը:
• Անթուլատրելի է կանոնակարգով լինել ընդդիմադիր, բայց իրականում չլինել ընդդիմադիր և օգտվել իշխանության բարիքներից: