1in.am-ը գրում է.

Մոսկվայում հայկական վանական-մշակութային համալիրի բացմանն ընդառաջ կատարվում են վերջին նախապատրաստական աշխատանքները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համալիրի գլխավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը նշեց, որ սեպտեմբերի 17-ին համալիրի բացման արարողությանը մասնակցելու համար հրավիրված են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը, Համայն Ռուսիո պատրիարքը, բազմաթիվ պատվիրակություններ, որոնք հերթով ժամանում են: 

Մոսկվայի կենտրոնում կառուցվող Հայկական եկեղեցական համալիրը 1,32 հա տարածք է զբաղեցնում: Համալիրը, որի շինարարական աշխատանքները վերսկսվել են 2006թ., ընդգրկում է Մայր եկեղեցին, Ս. Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքեր, հանդիսությունների սրահներ և մեծ ավտոկայանատեղի, խաչքարեր, համալիրի կենտրոնում նաև պիտի օծվի հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձան: Ղուլյանի խոսքով` լայնածավալ շինարարական աշխատանքներն ավարտված են, այժմ ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվում: 

Ըստ գլխավոր ճարտարապետի՝ «համալիրը ակնառու դիրք ունի. շրջակայքի բոլոր բնակիչներն անգամ այդ վայրը ճանաչում են համալիրով: Ռուսաստանի ճարտարապետական գորշ գույների մեջ այն իր վառ գույներով ուշադրություն է գրավում: Համալիրն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառույց է, որի մասնաշենքերը կառուցվել են բաց ծիրանագույն, իսկ Մայր տաճարը` վարդագույն տուֆով` բերված Անի քաղաքից: Այն ներառում է նաև պահապան հրեշտակների կամարաշարք, որում հայ միջնադարյան նշանավոր մշակութային գործիչների և պատմական Հայաստանի մարզերը խորհրդանշող հրեշտակներ են պատկերված»:

«Համալիրը շատ տոնական միջավայր է ստեղծում, նաև` խիստ հայկական: Արդեն փողոցից սկսած` այն իր զարդաքանդակներով փոքրիկ Հայաստանի տպավորություն է թողնում և դարձել է հայ համայնքի հավաքատեղի»,- ասաց ճարտարապետը: Նրա խոսքով` սեպտեմբերի 22-ին այնտեղ կլինի օծման պատարագ, իսկ հաջորդ կիրակի արդեն կանցկացվի առաջին կիրակնօրյա պատարագը, և եկեղեցին ամբողջությամբ կբացվի համայնքի առաջ: 

Համալիրը կառուցվել է 40 խոշորագույն բարերարների ջանքերով, նրանց թվում կան նաև հայտնի շատ դեմքեր: Ճարտարապետը չցանկացավ թվարկել նրանց անունները, սակայն նշեց, որ օժանդակությունները եղել են ոչ միայն նյութական-դրամական, այլև յուրաքանչյուրն իր ասպարեզում ինչով կարողացել, օգնել է, այդ թվում` հանրային աշխատանքներով, ցանկապատմամբ, հատակի, տանիքի կառուցմամբ, կահույքով: 

«Համալիրի կառուցման շուրջ ոգևորությունն այնքան մեծ էր, որ բարերարներն իրենք էին գալիս, ծանոթանում խնդիրներին, օգնություն առաջարկում: Խնդիրներ են եղել` կապված Հայաստանի շրջափակման հետ` քարը տեղափոխելիս: Իշխանություններն ամեն կերպ աջակցել են մեզ. հսկայական քանակությամբ քար է տեղափոխվել: Համալիրի կառուցման աշխատանքները վստահված են Հայաստանից հրավիրված շինարար-քանդակագործ-նկարիչներին, միայն տեղում երկաթբետոնե կամ այլ աշխատանքների համար հրավիրել ենք հայերին պատկանող շինարարական կազմակերպությունների աշխատակիցների»,- ասաց Ղուլյանը: 

Նա տեղեկացրեց, որ համալիրի բացման արարողությունը կհեռարձակվի ժամը 12:00-ից` Հանրային և «Արմենիա» հեռուստաընկերությունների ուղիղ եթերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել