Քանի որ մեր երկրում քաղաքականությունն անցնում է հիստերիկ ռեպրեսիաներով և բանտով, ես՝ որպես ավելի քան կես տարի բանտում գտնվող քաղբանտարկյալ, մի քանի օգտակար խորհուրդ եմ առաջարկում բանտի ճանապարհը պոտենցիալ քաղբանտարկյալներին.
1. Բանտում գտնվող այլ գործերով կալանավորները ձեր գործունեությունից լավ տեղյակ են և բոլոր կողմերից առաջարկելու են իրենց օգնությունը և հոգատարությունը:
2. Հիշեք, որ հայրենիքի դավաճաններին բանտում, մեղմ ասած, չեն սիրում և վերաբերվում են այնպես, ինչպես բռնաբարության հոդվածով նստածներին, իսկ հայրենիքի համար պայքարողներին ամենուր հարգում են:
3. Բանտում հանձնուքը սահմանափակված է՝ շաբաթական 20 կգ:
4. Արգելվում են բոլոր մետաղական կամ ապակյա իրերը (օրինակ՝ շշեր): Ամեն ինչ կալանավորին փոխանցվում է պլաստիկ տարաներով:
5. Կալանքի առաջին 7 օրն անցնում եք կարանտին՝ սովորաբար «չոր» մենախցում: Ձեզ կզննեն, մատնահետքեր կվերցնեն, կտեղորոշեն ձեր հետագա կալանքի անցկացման հիմնական խուցը:
7 օրից կտեղափոխվեք հիմնական խուց:
6. Խնդրեք, որ ձեզ հանձնուքի հետ 2-3 գիրք ուղարկեն: Կարանտինի ընթացքում ժամանցի միակ տարբերակն ընթերցանությունն է:
7. Իրավունք ունեք պահանջել մենախուց կամ կալանքը կրել ընդհանուր խցում: Երկու տարբերակն էլ հավասարաչափ ընդունելի է և ունի առավելություններ:
8. Օրական մեկ ժամ զբոսանքի իրավունք ունեք:
9. Բանտապահ հսկիչները սովորաբար հարգալից են և ապաքաղաքական: Առիթի դեպքում՝ ձեր իրավունքները բարձրաձայնեք, սակայն առանց առիթի կոնֆլիկտներ չստեղծեք:
10. Բանտախցում ամեն ինչ ընդհանուր է՝ սուրճ, թեյ, ծխախոտ, ուտելիք: Բոլորը բոլորի հետ սիրով կիսվում են ամեն ինչով:
11. Բանտից որևէ իր դուրս ուղարկելը չի խրախուսվում: Հակառակը միշտ ողջունվում է:
12. Իշխանության գրպանի ՄԻՊ-ը երբեք չի այցելում քաղբանտարկյալներին: Մենք էլ արհամարհում ենք ՄԻՊ-ին:
Վերջում մաղթում եմ կամք, տոկունություն, համբերություն: Ապօրինություններից աշխատեք չնյարդայնանալ, խնայեք ձեր առողջությունը:
Միմյանց հետ կապը կպահենք փաստաբանների միջոցով:
Միշտ ձեր՝ քաղբանտարկյալ Մալյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid031St6MkfHn3BwJ23zZbeZNrKFT5u9C8UC7mAfpqPruBLSbe5h7UFQa4DLJC4P5XGTl&id=61552227921111
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել