Երկրաչափական պրոգրեսիայով գահավիժող իր քաղաքական վարկանիշի ֆոնին Նիկոլ Փաշինյանը որոշել է բախտը փորձել նոր վիրտուալ հարթակներում ու հիմա էլ «Տիկտոկ» սոցիալական ցանցն է ուզում «գրավել», որտեղ, ի տարբերություն Ֆեյսբուքի կամ X-ի (նախկինում` Twitter), ավելի թեթեւ, ժամանցային բովանդակությունն է գերակշռում՝ միայն տեսանյութերի միջոցով։ Ըստ որոշ տեղեկությունների, Տիկտոկում ակտիվանալու գաղափարը Փաշինյանի խոսնակինն է, ով վերջերս կիսվել էր շեֆի Տիկտոկյան էջով ու առաջարկում էր՝ նրան հետեւել նաեւ այնտեղ։ Տիկտոկի էջը, պարզվում է, հատուկ վարող են վարձել, որն իրականացնում է իշխանափոխության շրջանի ակտիվիստներից մեկը, որը թմբուկ էր զարկում այդ օրերին կամ բարձրախոսը՝ «ռուպրն» էր բռնում։ Երիտասարդն անգամ երբեմն կառավարական ինքնաթիռով Փաշինյանի հետ գործուղումների է մեկնում` երեւի հավերժացնելու նրա պատմական ուղեւորությունները: Ուշագրավ է, որ երեկ էլ Աննա Հակոբյանի օգնական Եսթեր Սահակյանը նշանակվեց վարչապետի արարողակարգի պատասխանատու, որտեղ արդեն 5-6-րդ ղեկավարն է փոխվում։

Վերադառնանք Տիկտոկին։ 2 օր առաջ Փաշինյանն ազդարարեց, որ Տիկտոկում «Զրույցներ պետության մասին» շարք է սկսում, ու առաջինում պատմեց, թե ինչ պետություն է Հայաստանը, որտեղ ու ինչպես են ձեւավորվում քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները։ Եվ բնորոշեց` Հայաստանը «ժողովրդապետություն» է։ Ժողվարչապետի Տիկտոկյան ակտիվությունը մասնագետները բացատրում են երիտասարդական լսարանը նվաճելու ցանկությամբ։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասում է՝ Տիկտոկը վաղուց ակտիվ հարթակ է դարձել նաեւ բիզնես եւ քաղաքական տեսանկյունից։ «Ես ենթադրում եմ, որ ավելի շատ փորձում է երիտասարդության վրա աշխատել, որովհետեւ նրա  վարկանիշն անկում է ապրել, եւ Փաշինյանի էլեկտորալ հատվածը մնացել է միայն 60+ տարիքային խումբը։ Նա հասկանում է, որ թոշակառուներն ամենապասիվ էլեկտորատն են եւ փողոցի ու այլ զարգացումների դեպքում խաղացող չեն` միայն ընտրող են, ուստի փորձում է երիտասարդներին դեպի իրեն քաշել»,- նկատում է նա եւ շտապում հիասթափեցնել Փաշինյանին ու նրա խորհրդատուներին․ «Դա անհույս է, երիտասարդները ոչ թե ատում են, չեն սիրում, այլ պարզապես մասսայական ձեռ են առնում Փաշինյանին, շփվեք երիտասարդների հետ եւ կհասկանաք, թե ինչպիսին է այսօրվա երիտասարդության վերաբերմունքն իշխանության եւ, մասնավորապես, Փաշինյանի նկատմամբ»։
Երբեմնի ֆեյսբուքյան «աստղ» վարչապետը, որն այս սոցցանցի գործուն կիրառմամբ եւ աջակցությամբ եկավ իշխանության, իր էջում 1 միլիոն հետեւորդ ունի, բայց նրա տեղադրած նյութերի դիտումներն ու հավանումները բազմակի նվազել են: Օրինակ, լրագրողների հետ վերջին ասուլիսը մեկ շաբաթվա ընթացքում 123 հազար դիտում ունի, ինչը միլիոնանոց լսարանի դեպքում մեծ թիվ չէ, իսկ սովորական տեսանյութերի դիտումները լավագույն դեպքում 30-50 հազարի են հասնում։ 

«Նա հիմա ոչ մի տեղ գոյություն չունի։ Նախկինում փողոցում հեծանիվ էր քշում, ԱԺ դռներն էր բացում, ասում էր, որ 3 միլիոն վարչապետ կա, որ առանց ժողովրդի ոչ մի հարց չի լուծվի․․․ նրա մոտ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, հիմա մարդը վախենում է փողոց դուրս գալ, նրա անվտանգության նման անվտանգություն աշխարհում երեւի ոչ ոք չունի։ Տիկտոկն ավելի մեմային, ղժժալու, զբաղվելու բան է, փորձում է հենց դա էլ անել՝ լինել երիտասարդների աչքի առաջ, նրանց շուրթերին, նրանց ականջին մեմ դառնալ»,- բացատրում է քաղտեխնոլոգը։ Այս միտքը նաեւ սոցհարցումներն են հաստատում։ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) տվյալներով, Փաշինյանի վարկանիշը 17%-ի է հասել։ Հարցումներն իրականացվել են 2023 թ. դեկտեմբերին: Իսկ GALLUP International Association-ի անդամ Էմ Փի Ջի-ի հարցմամբ, որն իրականացվել է հունվարի 23-26-ը, նրա վարկանիշը 15,1 % է։ Այսքան մարդ է նշել, որ «լիովին վստահում է» Փաշինյանին։ 

Երեկ Փաշինյանի հետեւորդները Տիկտոկում ընդամենը 9 հազար 136-ն էին, էջի հավանումները՝ 56,9 հազար, իսկ հրապարակումները՝ շուրջ 60։ Առաջին հրապարակումը` «Խաղաղության խաչմերուկ» անունով ձախողված նախագծի մասին, հրապարակվել է 2023թ․ նոյեմբերի 19-ին եւ ընդամենը 7 հազար 597 դիտում ունի։ Վերջին շարքի առաջին տեսանյութը 87 հազարից ավելի դիտում էր հավաքել։ Ի դեպ, հենց այս հարթակում էր Փաշինյանը «Վոթս ափ» մեսենջերով արված իր եւ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի անձնական գրագրությունը տարածել, որը 29,9 հազար դիտում ուներ, իսկ ժողվարչապետի ամենաշատ դիտված հրապարակումն Ազնավուրի Hier Encore հիթի երաժշտության  ներքո Նիկոլ եւ Աննա զույգի մի կենցաղային տեսանյութ է, որտեղ ՀՀ վարչապետը թզբեհ է պտտում, իսկ նրա կինը երջանիկ ժպտում է։ Կես միլիոնից ավելի մարդ է դիտել թզբեհով տեսանյութը։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, կախվածությունը սոցցանցից ավելի լուրջ խնդիր է։ «Եթե մարդը միջինացված, Ֆեյսբուքում օրվա ընթացքում անցկացնում է 20 րոպե, Տիկտոկում ավելի շատ ժամանակ է անցկացնում, որովհետեւ տեսանյութերն անընդհատ թզբեհի պես պտտվում են։

Մյուս առանձնահատկությունն այն է, որ նրա ալգորիթմն ավելի շատ է նպաստում ինֆորմացիայի արագ տարածմանը, այսինքն՝ եթե դու Ֆեյսբուքում կամ Ինստագրամում ուզում ես դառնալ ինֆլուենսեր, քեզ պետք են ամիսներ ու տարիներ, իսկ Տիկտոկում դու կարող ես 20 ընկեր ունենալ, բայց քո տեսանյութը պայթեցնի Տիկտոկը, ու մի քանի օրվա ընթացքում, ասենք, միլիոնի հասնող դիտում ստանաս։ Քաղաքական գործչի տեսանկյունից Տիկտոկն ակնհայտ 2 խնդիր է լուծում՝ ինֆորմացիայի ավելի արագ տարածումը եւ լսարանը, այնտեղ մարդիկ են, որոնք սովոր չեն կարդալ, ինչը նաեւ խոսում է լսարանի բովանդակային ուղղվածության եւ որակի մասին»,- բացատրում է մասնագետը։

Հայաստանում, ըստ նրա, հստակ վիճակագրություն  չկա, որը թույլ կտա տեսնել, թե ովքեր են այդ հարթակում, բայց միջազգային վիճակագրությունը փաստում է, որ այնտեղ շատ են երիտասարդներն ու երեխաները։ Հայաստանյան Տիկտոկի յուրահատկությունը նաեւ այն է, որ այնտեղ ավելի շատ է գռեհիկ բովանդակություն տարածվում, քան մյուս հարթակներում։ Հետաքրքրվեցինք՝ աշխարհում քաղաքական գործիչների շրջանում Տիկտոկը թրե՞նդ է։

Մարտիրոսյանը չմտաբերեց մի քաղաքական գործչի, որը Տիկտոկի էջով հայտնի լինի, ինչպես X-ում է, որն ավանդաբար ավելի լուրջ հարթակ է, բայց նշեց, որ այն օգտագործվում է քարոզչական նպատակներով, եւ աշխարհի խոշոր բրենդներն այնտեղ օգտահաշիվներ ունեն։ ՀՀ վարչապետի Տիկտոկ էջի մեկնաբանությունները փակ են։ Նոր տեղադրված տեսանյութերում դաշտը կարճ ժամանակ բաց է` հավանաբար, դիտումներին նպաստելու համար, հետո փակում են։ Այդ կարճ ընթացքում` «Զրույցներ պետության մասին» շարքի 1-ին մասին արձագանքների մեջ շատ էին հայհոյանքներն ու կշտամբանքները. «Մենք անտերապետություն ենք», «վրեժ», «ստախոս դիլետանտ, նալոգասեր», «Նիկոլ ջան, Լենինականը չտաս, խնդրում եմ»։ Եվ սա ցուցիչ է առ այն, որ Փաշինյանի գործերը Տիկտոկում էլ լավ չեն։

Մարիաննա Ղահրամանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել