Ես խորապես հավատացած եմ, որ խաղաղության հասնել հնարավոր է, այսինքն՝ այո, դա իրատեսական է, քանի որ ընթացիկ բանակցությունների շրջանակում որոշ հիմնարար սկզբունքների շուրջ արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել: Դրանց շարքում է, օրինակ, հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ:
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ պատասխանելով հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է խաղաղության հեռանկարը:
«Այնուամենայնիվ, ցանկանում եմ նշել, որ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, այսինքն՝ այն չի կարող առաջարկներ բերել բանակցային սեղան, բայց մենք աջակցում ենք այդ սկզբունքներին, նաև հավատում ենք, որ հնարավոր է հաղթահարել, լուծել առկա տարաձայնությունները:
Կարող եմ խոսել նաև իմ երկրի՝ Նորվեգիայի օրինակով:
Մենք սկանդինավյան տարածաշրջանի մաս ենք, որտեղ դարեր շարունակ պայքար է ընթացել նորվեգացիների, շվեդների, և դանիացիների միջև: Այժմ մենք խաղաղ ենք ապրում: Իհարկե, սահմանի հետ կապված հարցեր էլ կան, որոնք երբեք էլ լիակատար չեն համաձայնեցվի, բայց դա անցյալում է, մենք բոլորս հարգում ենք իրար՝ որպես անկախ ինքնիշխան պետություններ:
Նույնը կարող ենք տեսնել եվրոպական այլ երկրների դեպքում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, որոնք պատերազմների մեջ են եղել հարյուրավոր տարիների ընթացքում, բայց այսօր այդ երկրները կայուն խաղաղության մեջ են ապրում»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նա ընդգծել է, որ իր ուղերձը Երևանին նույնն է, ինչ Բաքվին: «Երկու կողմն էլ պետք է տեսնեն այդ հնարավորությունը, հաղթահարեն հակասությունները և համաձայնության գան տևական խաղաղության շուրջ»: