Tert.am-ի հետ զրույցում «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Գագիկ Գինոսյանն անդրադարձել է Հայաստանում վարվող մշակութային քաղաքականությանը, այն որակելով հակամշակույթ և օտարերկրյա պետությունների կողմից պատվիրված:
-«Հայաստանի ձայնը» նախագծում, ինչպես հաղորդել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, որպես ժյուրիի անդամ ընդգրկված է նաև Արմենչիկը: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:
-Նման հեռուստանախագծերը ներմուծված միջոցներ են հայկական գիտական, ակադեմիական մշակույթը ոչնչացնելու համար: Ինձ համար ավելի քան վատ նախադեպ է, երբ երիտասարդ երեխան, երիտասարդը, որն ուզում է դառնալ մասնագետ, տեսնում է ու մտածում, որ ինչի՞ համար գնա կոնսերվատորիա, տարիներ շարունակ սովորի՝ դառնալու համար երգիչ կամ կոմպոզիտոր, երբ մի քանի ամսվա մեջ ինչ-որ նախագծի միջոցով կարող է դառնալ շատ ճանաչված, գնա համերգների, արտասահմանյան շրջագայությունների …
-Բայց չէ՞ որ նշված նախագծին ինքնուսներից բացի մասնակցում են նաև կոնսերվատորիայի ուսանողներ և նույնիսկ կարծիքներ են հնչում, թե անհավասար մրցութային պայմաններ են:
-Իհարկե, էնպես չէ, որ միայն ինքնուսներն են մասնակցում, բայց դրանով, այդ նախագծերով, դուք հերքում եք գիտական, ակադեմիական մշակույթը, ուսուցումը, դրա նկատմամբ վերաբերմունքը: Գնացեք ցանկացած նկուղային ռեստորան, ակումբ, մարդիկ գիտական կոչումներով, գիտությունների թեկնածու, ասպիրանտուրա ավարտած, անգամ ես մարդ եմ ճանաչում դոկտորական կոչումով, աշխատում են այսպիսի վայրերում՝ իրենց ընտանիքները կերակրելու համար: Իսկ այս դեպքում հեռուստատեսությունը հերթական երեխայից մարդկանց աչքի առաջ սարքում է մասնագետ, որը դառնում է սուպերաստղ՝ մի կախարդական շարժումով՝ փայտիկով: Սրանով մենք չե՞նք հերքում երաժշտական կրթության գիտականությունը: Իսկ Արմենչիկը այդ մոտեցման ածանցյալն է: Որովհետև, եթե նման բան պիտի անեն, նման մարդու պետք է բերեն: Ու հենց այդպես Արմենչիկը դարձավ մարդ, (երգիչ) մեկ ուրիշն էլ, դու էլ կդառնաս: Արմենչիկն ո՞վ է, Արմենչիկը ու՞նի կրթություն կամ ի՞նչ երաժշտություն է պրոպագանդում:
Նախևառաջ, այս երկիրը պիտի ունենա իր մշակութային քաղաքականությունը: Եվ մշակույթը ճանաչվի որպես գերակա ոլորտ և ազգային անվտանգության կարևորագույն հիմնահարցերից մեկը: Եվ ըստ այդմ, չափորոշիչներ դրվեն, որ հեռուստատեսությունները կամայական մշակույթ կամ ապամշակույթ կամ հակամշույթ չքարոզեն: Քայքայող մշակույթի մասին վկայություններ կան դեռևս մ.թ.ա. 1 դարում , երբ մի փիլիսոփա ասում էր, որ պետությունները կառուցում են կայսրերը և երգիչները: Մեկ այլ փիլիսոփա ասում էր, որ եթե ուզում եք կործանել երկիրը, կործանեք նախևառաջ նրա մշակույթը: 2-րդ դարի պատմիչ Լուկիանոսը Հռոմեական կայսրության կործանումից առաջ ասում էր, որ Հռոմը գնում է դեպի կործանում, քանի որ Հռոմի երգիչները դադարել են դաստիարակելուց և միայն զվարճացնում են: Անցկացրեք զուգահեռ և կհասկանաք, թե այս առումով ինչ աշխատանք է տարվում Հայաստանում… Էդ Արմենչիկը այդ ամենում ընդամենը մի հատ «բոլտիկ» է:
Եվ Հայաստանում,ավելի քան վստահ կարող եմ հայտարարել՝ տեղի է ունենում մշակութային ինտերվենցիա: Հայերեն դա կոչվում է մշակութային բռնազավթում: Այսինքն՝ բռնազավթվում է հայկական մշակույթը, Հայաստանի մշակույթը:
-Նման դեպքերում շատ է խոսվում, որ սա դավադրությունների տեսությունից է:
-Եթե ինչ-որ մեկին սա անհավանական կթվա, կասեմ, որ շատ լավ իմանալով, որ 17-18 տարի հարևան երկու պետություններից շրջափակված մեր հանրապետությունում ենք ապրում , որ տնտեսապես շրջափակում իրականացնողները և ոչ միայն էդ երկու պետություններն են, այլ որ մեր դեմ քաղաքական լոբբինգ իրականացնող պետություններ կան, քաղաքական և ռազմական ագրեսիայի կոչեր հնչեցնող պետություններ, որոնք հանձինս Ադրբեջանի նաև պարբերաբար ռազմական ագրեսիա են իրականացնում մեր սահմաններում՝ ներխուժելով մեր սահմաններ և տղաներ սպանելով սահմանի վրա։ Առնվազն պետք է տգետ լինես՝ չհասկանալու համար, որ էդ մարդիկ, որ միլիարդներ են ծախսում էդ ամեն ինչի վրա, հանկարծ կարող է մշակույթը ոչնչացնելու վրա գումարներ չներդնեն :
Ինչո՞ւ պատգամավորներին և կուսակցություններին օրենքով արգելված է սնվել օտար գումարներից, այն մտայնությամբ, որ նրանք չվարեն օտարի՝ դրսից թելադրված քաղաքականություն: Իսկ ինչո՞ւ պետք է մշակույթի մարդիկ չստուգված ֆինանսական աղբյուրներ ունենան: Ո՞վ է պատվիրում նման մարդկանց մշակույթը, տեսահոլովակները: Էդ ո՞նց է լինում, որ ազգային անաղարտ մշակույթը, Կոմիտասը,Կոմիտաս երգող մարդիկ էդպես էլ ոչ երկրում, ոչ երկրից դուրս չեն գտնում իրենց հովանավորներին, համերգներ չեն կազմակերպում: Հայաստանը ինչու՞ սփյուռքում չի ներկայանում իր անաղարտ մշակույթով, որը կպահպանի հայ մարդու իրական դեմքը՝ առանց այն էլ ուծացող սփյուռքի մեջ: Եվ ներկայանում է արմենչիկներով, արմանհովհաննիսյաններով, թաթաներով ու մնացած երևույթներով: Ինչո՞ւ պիտի հայկական բանակի տոնական, հոբելյանական միջոցառման ժամանակ պաշտոնական բեմում, կառավարական միջոցառմանը ինչ-որ մի մարդ որոշի, որ ինքը պետք է երգի ՝«պստիկ պապան գնաց բանակ, հետը տարավ մի սուր դանակ»: Ու՞ ր է պետությունը և ի՞նչ է անում: Ինչո՞ւ քաղաքի՝ Երևանի պետական տոնին, անցած տարվա, երեք ռուս կիսաբարո աղջիկներ երգեցին «մամա, Լյուբա, դավայ, դավայ»: «Սերեբրո» խումբը: Ո՞վ է թույլ տվել նրանց, ինչո՞ւ են այդ մարդիկ մինչև հիմա պաշտոնավարում: Ի՛մ քաղաքի տոնին, ի՛մ մայրաքաղաքի , երգում են երեք դուրս ընկած կիսաբարո ռուսներ՝ ինչ-որ անհասկանալի երգ: Եվ բացեք տեսահոլովակը համացանցում, նայեք, էդ աղջիկները այդ նույն երգի տեսահոլովակում ապահովիչ են փչում: Եվ այդ համերգը իրենց ներկայությամբ պատվում էին՝ ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը: Եվ ինչ-որ մարդիկ ելնում են ու բարբաջում են, որ բոլոր ազգերի ու ժամանակների հիթը մեզ կներկայացնեն և ներկայացնում են «Հավանագիլա» երգը: Պատկերացրեք, հանկարծ Իսրայելում՝ Թելավիվի հոբելյանին հայը երգի ինչ-որ երգ: Չասեմ հայրենասիրական, հային գովերգող , ասենք՝ «Հոյ Նազան, յարս»: Ու՞ր են այդ պաշտոնյաները և ինչո՞ւ են մինչև հիմա պաշտոնավարում: Եվ ինչո՞ւ երկրի նախագահը հենց այդ տեղից պաշտոնապես, բոլորին ի տես ոտքի չի կանգնում ու հեռանում, որպես իր վերաբերմունք նման մշակույթի նկատմամբ:
Նախ, սկսենք էնտեղից, թե ի՞նչ ենք ներկայացնում Հայաստան պաշտոնական այցեր կատարող մեր հյուրերին: Նախորդ նախագահը իր հյուրերին տանում էր ջազ լսելու: Մեռե՞լ է էս ազգը, ո՛չ Կոմիտաս ունի, ո՛չ Արամ Խաչատրյան, ո՛չ Եկմալյան: Ազգերը բոլոր երանի կտան, որ 4-րդ դարի Մաշտոցի շարականներ ունենան: Ազգ ներկայացնեն, ասեն՝« էս մենք ենք՝ 4-րդ դարում»: Իսկ մենք խեղկատակություն ենք անում, տանում ենք ջազ լսելու, հետո էլ հետևանքները պարզ է. ջազ ակումբում ինչ են անում Պողոս Պողոսյանի հետ:
-Այնուամենայնիվ ջազը …
- Երբ Ձեր հյուրը կլինի, կտանեք պորտապար նայելու: Բայց իմ երկրի պաշտոնական հյուրերին պարտավոր եք ներկայացնել ի՛մ երկրի, ի՛մ ազգի մշակույթը: Պարտավոր եք, դա Ձեր հյուրը չէ: Երբ Հայաստանի նախագահը գնում է Ֆրանսիա, մեզ ներկայացնում են հայկական , երաժշտությու՞ն, Կոմիտաս են ներկայացնո՞ւմ, թե իրենց մշակույթն են ներկայացնում։
Այ, երբ կփոխվի այդ վերաբերմունքը, Արմենչիկն էդտեղ ժյուրի չի նստի: Դուք մտածեք էն մարդկանց մասին, ովքեր իրականացնում են այդ քաղաքականությունը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



