1in.am-ը գրում է.
Չնայած, ասում են, որ սուրբ ջուրը մաքրող հատկություններ ունի, իրականում այն կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ տալ: Հենց այս եզրահանգմանն են եկել ավստրիացի գիտնականները:
Ուսումնասիրությունները պարզել են, որ սուրբ ջուրը, որը լայնորեն կիրառվում է մկրտման արարողության ժամանակ, վարակված է այնպիսի մանրէներով, որոնք կարող են աղեստամոքսային խնդիրներ առաջացնել:
Ջրում հայտնաբերվել են նաև այնպիսի նիտրատներ, որոնք հանդիպում են գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերի մեջ: Այս նյութերը մինչև 6 ամսական երեխաների մոտ այնպիսի հիվանդություններ կարող են առաջացնել, որոնք չբուժելու դեպքում, կարող են մահվան պատճառ հանդիսանալ, ասվում է ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պաշտպանության ծառայության զեկույցում:
Ուսումնասիրության մեջ ասվում է նաև, որ սուրբ ջրում մանրէների քանակն ուղիղ կապ ունի եկեղեցի հաճախող հավատացյալների թվի հետ: Ինչքան շատ մարդ է եկեղեցի հաճախում, այնքան շատ մանրէներ է պարունակում սուրբ ջուրը:
Սակայն սուրբ ջուրը մաքուր պահելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, օրինակ՝ ջրի մեջ աղի ավելացումը կարող է նվազեցնել վնասակար մանրէների առաջացումը: Սակայն, գիտնականների խոսքերով, դա չի կարող լիարժեք երաշխավորել, որ ջրում վարակ չի առաջանա:
Գիտնականները խորհուրդ են տալիս քահանաներին պարբերաբար փոխել եկեղեցիների սուրբ ջուրը, ինչպես նաև եկեղեցում վտանգների մասին զգուշացնող գրություններ փակցնել, գրում է fedpost-ը:



