Esem.am-ը գրում է.
Հավանաբար բոլորս էլ մանկությունից մեզ հետ երիտասարդություն ենք բերել բաներ, որոնք ոչ մի կերպ չեն մոռացվում: Մեր հիշողության մեջ յուրաքանչյուրս ունենք մանկության մեր «համն ու հոտը»: Մեկի համար դա ամենասիրելի խաղալիքն է, մյուսի համար` սիրելի կոնֆետը կամ սիրելի ճաշատեսակը: Մեր Մեծերն էլ ժամանակին մանուկ են եղել ու, մեծանալով, կարոտագին հիշողությամբ կապված են մնացել իրենց մանկությանը:
Հակոբ Պարոնյան
Ցամաք հացի հետ կապված յուրահատուկ հուշեր ունի նաև Հակոբ Պարոնյանը: Երբ Պարոնյանը սովորել է Արշակունյանց վարժարանում, ծնողների կողմից տրված ուսման վարձի մեջ է մտել նաև աշակերտներին ամեն օր տրվող հացի գինը: Հացի հետ որևէ այլ ուտելիք ստանալու համար աշակերտները տնտեսին պարտավոր էին վճարել 10-ական ղուրուշ: Մի երկուշաբթի օր դպրոցում նա ընկերոջ ձեռքին տեսնում է հնդկահավի մի «աննման» թաթ: Պարոնյանի երկար թախանձանքից հետո ընկերը զիջում է թաթը՝ նախապես ստանալով 10 ղուրուշ: Մի քիչ խաղալուց հետո թանկ գնով ձեռք բերված խաղալիքը Հակոբին ձանձրացնում է. նրա միտքը պարզում է երկու շաբաթ ցամաք հաց ուտելու գաղափարը: Հնդկահավի թաթի պատմությունն ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցել է մեծ երգիծաբանին: «Անկե ի վեր,- գրում է նա,- շատ անգամ միտս եկած է այս հիշատակը… այս փափագի անզսպությունն, ուզածս ձեռք բերելու համար դեմս ելած արգելքները, այս ցնորքի իղձը»: Հնդկահավի թաթի հետ կապված դառը հիշողություները նրան ստիպել են լինել սթափ, շրջահայաց և հաղթահարել ցանկությունն ու կիրքը:
Գուրգեն Մահարի
Մահարին իր մանկությունից մնացած տպավորությունները համեմատել է բնության հրաշքի հետ: Նրա համար մանկությունն ամենամեծ արևն է երկնքի վրա, բաց պատուհանից նայող ամենահսկա լուսինը: Մահարին մանկության «համն» առել է կանաչ ճյուղերի մեջ վառվող մրգերից ու թարմ հացի բույրից: Հողը հարուստ է ցորենով ու ծաղիկներով, հողը պարարտ է, որովհետև տարիներ շարունակ հոսել է մարդկային արյուն, և հենց դրանից է, որ ծաղիկներն ու խնձորներն ավելի վառ կարմիր են դարձել:
Վիլյամ Սարոյան
-Իմ մանկության օրերին` երեսնական թվականների սկզբներին, երբ խանութներում հացը սակավ էր ու սև, սև ու ցեխի պես, մերոնք ալյուր էին ճարում, հին Արաբկիրի հաց էին թխում: ՙԹոյնի հաց՚… Ուրիշ հաց էր դա, դա մանկության համ էր նաև:
Հետո տեսակ-տեսակ հացեր ճաշակեցի, աշխարհի տարբեր երկրներում տարբեր հացեր կերա` լավ, հրաշալի հացեր, բայց ոչ մեկի մեջ չկար այդ համը, մանկության հացի համը:
Հացի համը աշխարհքի ամենեն անուշն է, պետք չէ, որ այդ համին ուրիշ համեր խառնվեն:



