Lurer.com-ը գրում է.

Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորության քննարկումը չի վերաբերում ռազմական գործողություններին մասնակցելու համար զինվորներ ուղարկելուն։ Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լըկորնյուն։

«Քննարկվել են տարբեր վարկածներ, բայց խոսքը ռազմական գործողություններին զորքերի մասնակցության մասին չէ»,- նշել է նախարարը։

Նախարարը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախկինում բացառել էր ռազմական գործողություններին Ֆրանսիայի մասնակցության հնարավորությունը։

«Այնուամենայնիվ, մենք ուսումնասիրում ենք, թե արդյո՞ք ամեն ինչ արել ենք Կիևին աջակցելու համար, և արդյո՞ք կան ուղիներ, որոնք մենք կարող ենք դիտարկել: Այդ ուղիներից մեկը ռազմական ներկայությունն է ականազերծման և Ուկրաինայի տարածքում ուկրաինացի զինվորներին մարզելու համար», - ասել է Լըկորնյուն:

Միևնույն ժամանակ, գերատեսչության ղեկավարի խոսքով, փետրվարի 26-ին Փարիզում հանդիպմանը, որը նվիրված էր Ուկրաինային օգնությանը, արևմտյան երկրները կոնսենսուսի են եկել Կիևին օգնության մի շարք հարցերի շուրջ։ «Ես կոնկրետ օրինակ կբերեմ՝ Ուկրաինայի տարածքում զենք արտադրել և սպասարկել, դա նշանակում է ֆրանսիական և այլ եվրոպական արտադրողների ներկայություն»,- ասել է Լըկորնյուն՝ հավելելով, որ քննարկման առարկա է նաև Ուկրաինայի կիբերպաշտպանության ուժեղացումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել