1in.am-ը գրում է.
2013-ին Չինաստանի ներդրումը նավթի ու գազի հանքավայրերի հայտնաբերման համար կկազմի 80 մլրդ յուան (13.7 մլրդ դոլար): Այդ կերպ Չինաստանը ձգտում է նվազեցնել ներկրվող էներգակիրներից ունեցած կախվածությունը:
Ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը, Չինաստանի ներդրումները նավթագազային ոլորտում 2002 թվականի 19 միլիարդ յուանից աճել են՝ 2011-ին դառնալով 67.3 միլիարդ յուան: 2008-2011թթ. Չինաստանը հայտնաբերել է ավելի քան 5 մլրդ տոննա պաշարով նավթի և 2.6 տրիլիոն խորանարդ մետր ծավալով գազի պաշարներ:
Չնայած Չինաստանն իր առջև դրել է էներգակիրների ներկրումից կախվածության նվազեցման խնդիր, վերլուծաբանների կարծիքով՝ 2017-ին երկիրը կդառնա աշխարհում նավթի խոշորագույն ներկրողը՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից: Չինաստանում ներկրումների հիմնական մասը ստացվել է ծովային ճանապարհով՝ Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից:
Անցած տարի Չինաստանը ներկրել է 42.5 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը 2011-ի համեմատ 30 տոկոսով ավելի է և մոտ 10 անգամ գերազանցում է 2007-ի ներկրման ծավալները: