1in.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բնակչությանը կոչ է արել դեմ չլինել երկրի տարածքում ՀԷԿ-ի կառուցմանը, հաղորդում է Trend գործակալությունը:

Վարչապետի խոսքով՝ Վրաստանը նոր ՀԷԿ-երի կառուցման կարիք ունի էլեկտրաէներգիայի հավելյալ ծավալների մշակման համար:

«Վրաստանի համար ՀԷԿ-ի շինարարությունը կարևոր է, որպեսզի սկզբում ապահովի իր էներգետիկ անվտանգությունը, այնուհետև սկսի արտահանել էլեկտրաէներգիան»,- ասել է նա:

Իվանիշվիլին ընդգծել է, որ «որոշ անձանց հաջողվել է ՀԷԿ-ի շինարարության դեմ տրամադրել նույնիսկ Վրաստանի պատրիարքին, որն անձամբ վարչապետին խնդրել է զերծ մնալ էլեկտրակայանների, այդ թվում՝ «Խուդոնի ՀԷԿ»-ի շինարարությունից»:

«Սակայն մեր պատրիարքը իմաստուն է, և ինձ հաջողվեց նրան համոզել, որ անհրաժեշտ է կառուցել ՀԷԿ, և որ մենք չենք վնասի բնությունը»,- ասել է նա:

Վարչապետը նշել է, որ վաղը տեղի է ունենալու «Խուդոնի ՀԷԿ»-ի շինարարության քննարկման հարցը, և բնակչությանը խնդրել է աջակցել նախագծին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել