Armenpress.am-ը գրում է.
«Armenian sound» բացառիկ ձայնադարանի շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի Հայաստանը ճանաչել ձայներով. ինչպե՞ս է հնչում հայկական պատարագը հենց եկեղեցում կամ առավոտը Երևանում ու գյուղերում։ Բացառիկ ձայնադարանում ներառվել են նաև պատմական դարձած մարզական ու քաղաքական իրադարձությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժամանակակից տեխնիկայով իրականացված գերմաքուր ձայնագրությունները կարող են օգտակար լինել ռադիոհաղորդումների, ֆիլմերի հնչյունավորման և հնչյունային ձևավորումների համար։
Նախագծի համահեղինակ, ձայնային ռեժիսոր Արսեն Հակոբյանը նշեց, որ տարիների աշխատանքի արդյունքում հասկացել են, որ հայկական հնչյունային ռեժիսուրայում կան բացեր՝ չունենք հայկական ձայնադարան:
«Ձայնադարանում հավաքվում են մեզ շրջապատող կոլորիտային բոլոր ձայները, որոնք մեծ պահանջարկ ունեն ֆիլմերում, գովազդային հոլովակներում և այլն, որը մենք չունենք և այդպիսի այլընտրանք կարող ենք գտնել արտասահմանյան ձայնադարաններում: Սակայն, այս պարագայում էլ մի շարք խնդիրներ է առաջանում մեզ համար, քանի որ մենք ունենք սովորույթներ, մեծ ծիսակարգեր, որոնք բնականաբար այլ երկրների ձայնադարաններում չկան:
Օրինակ՝ վերցնենք Վարդավառը, եթե ինչ-որ մեկը որոշի ձմռանը հոլովակ պատրաստել, որտեղ պետք է այդ տոնն իր ողջ հմայքով ներկայացնել, ապա միայն վիզուալ մասը երաժշտությամբ ներկայացնելը դեռ բավական չէ, որովհետև ամբողջ էմոցիոնալ դաշտը, որը ձևավորվում է Վարդավառի ընթացքում, պետք է հատուկ ձայների միջոցով փոխանցել ունկնդրին, իսկ դա մենք չունեինք»,-նշեց Արսեն Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ բացը լրացնելու համար հայկական ձայնադարանի ստեղծման համար 2017 թվականից իրենք սկսել են գործուն քայլեր ձեռնարկել:
«Մեր ուժերով, մեր ընկերների օգնությամբ և արտասահմանյան գործընկերների հետ խորհրդակցելով ձեռք բերեցինք անհրաժեշտ հատուկ տեխնիկան, որը թույլ կտա ձայնագրել ամեն ինչ, այդ թվում նաև բնության ամենատարբեր և հետաքրքիր ձայները»,-ասաց նա:
Նախագծի հեղինակներն ընդգծեցին, որ ձայնը համարվում է ֆիլմի, տարբեր հոլովակների և վիդեոնյութերի «ողնաշարը», քանի որ առողջ ու մաքուր ձայնը ֆիլմին տալիս է կենդանի շունչ:
Համահիմնադիր, ձայնային ռեժիսոր Տիգրան Հակոբյանն էլ նշեց, որ իրենք կենտրոնացել են նաև այնպիսի ձայների վրա, որոնք այլ ձայնադարններում չեն գտնի:
«Մշակված ձայները կայքում տեղադրվելուց հետո դրանց ավելացվում է նկարագրություն և համապատասխան թեգեր, որն ավելի կհեշտացնի համապատասխան ձայնը գտնելը:
Այս պահին դեռ կայքում զետեղված է մեր ունեցած բազայի մոտ հինգ տոկոսը, բայց աշխատանքները շարունակվում են, այն պարբերաբար թարմացվում է և շուտով զգալի քանակով կավելանա»,-ասաց Տիգրան Հակոբյանը:
Նախագծի հեղինակները նշեցին, որ ձայնադարանից օգտվել կարող են բոլորը, ոչ միայն մասնագետները, այլ մարդիկ, ովքեր ոլորտի սիրահար են կամ գտնվում են Հայաստանից դուրս և պարզապես ուզում են ծանոթանալ միջավայրի կամ մշակութային ինչ-որ հատվածի հետ: