1in.am-ը գրում է.
Այս տարվա առաջին կիսամյակում Ղարաբաղում սպառողական գները բարձրացել են 3.5 տոկոսով (2012թ.-ի առաջին կիսամյակի համեմատ): Ընդ որում պարենային ապրանքները թանկացել են ավելի դանդաղ, քան ոչ պարենային ապրանքները: Այդ ընթացքում ոչ պարենային ապրանքների գնաճը կազմել է 5.4 տոկոս, իսկ պարենային ապրանքներինը` 2.5 տոկոս:
Պարենային ապրանքներից ամենաարագն այդ ընթացքում թանկացել է միրգը` 6.5 տոկոսով, այնուհետև հացամթերքը` 5.2 տոկոսով և ձուն `5.1 տոկոսով: Պարենային ապրանքներից այս տարվա առաջին կիսամյակում` անցած տարվա նույն ժամանակի համեմատ էժանացել են միայն ձկնամթերքը, շաքարավազը և բանջարեղենն ու կարտոֆիլը: Ընդ որում ամենաշատն էժանացել է շաքարավազը` 9 տոկոսով, ինչը պայմանավորված է նաև Հայաստանում շաքարավազի էժանացմամբ: Բանջարեղենն ու կարտոֆիլն էժանացել են 6.2 տոկոսով, իսկ ձկնամթերքը` 0.2 տոկոսով:
Եթե ուսումնասիրում ենք նույն ժամանակում նաև Հայաստանում պարենային ապրանքների գների դինամիկան, նկատում ենք, որ այստեղ թանկացումը մի փոքր ավելի զգալի է:
Այսպես, այդ նույն ժամանակում պարենային ապրանքները Հայաստանում թանկացել են 2 տոկոսով ավելի շատ` 4.5 տոկոսով: Ամենաշատն այստեղ էլ թանկացել է միրգը, բայց գրեթե երկու անգամ ավելի արագ` 12.5 տոկոսով: Թանկացմամբ երկրորդը ձուն է, երրորդը հացամթերքը: Այս մթերքների գծով էլ Հայաստանում գնաճը գրեթե երկու անգամ արագ է, քան Արցախում` համապատասխանաբար 10.7 տոկոս և 10.6 տոկոս: Ձկնամթերքն այդ ընթացքում Հայաստանում ոչ թե էժանացել, այլ թանկացել է 1.1 տոկոսով, իսկ շաքարավազն ու կարտոֆիլը և բանջարեղենը համապատասխանաբար էժանացել են 9.7 և 5.6 տոկոսով: Այսինքն` Հայաստանում շաքարավազը մի փոքր ավելի արագ է էժանացել, քան Արցախում, բայց բանջարեղենը հակառակը` ավելի դանդաղ է էժանացել: