Panarmenian.net-ը գրում է.
Քիմիական զենքով բեռնատարները հատել են Լիբանանի հետ սահմանը, հայտնում է լիբանանյան Al-Mustaqbal թերթը: Թերթը պնդում է, որ քիմիական զինաթափման ռուսական առաջարկին համաձայնվելուց անմիջապես հետո Ասադի կառավարությունը սկսել է փոխանցել քիմիական զենքը Հեզբոլլահին և Իրաքում Ասադի շիա դաշնակիցներին: Al-Mustaqbal-ը գրում է, որ սեպտեմբերի 15-ի առավոտյան Իրաքի տարածք քիմիական զենքի բաղադրիչներով 20 բեռնատար է մուտք գործել: Պարբերականը հայտնում է նաև վերջին օրերին Սիրիայից դեպի Իրաք բեռնափոխադրումների կտրուկ աճի մասին:
Միաժամանակ Wall Street Journal-ը հայտնում է, որ սիրիական բանակի հատուկ ստորաբաժանումները սկսել են ցրել քիմիական զենքի սիրիական պաշարները ավելի քան 50 օբյեկտներով երկրի տարբեր մասերում: Նոյեմբերին Սիրիա ժամանող միջազգային տեսուչներից զենքը թաքցնելու խնդիրը վերապահված է սիրիական բանակի ամենագաղտնի ստորաբաժանմանը՝ «Ջոկատ-450»-ին:
«Ջոկատ-450»-ում ծառայում են բացառապես ալևիները: Ըստ ամերիկացիների, Ասադի տնօրինության տակ շուրջ 1000 տոննա մարտական թունավոր նյութեր կան:
Ավելի վաղ Սիրիայի ազատ բանակի ղեկավար Սելիմ Իդրիսը Ռուսաստանի և Ամերիկայի միջև համաձայնությունը «խարդախություն» է անվանել և մեղադրել Ասադին քիմիական զենքը Լիբանան ու Իրաք տեղափոխելու մեջ: Իդրիսը վստահ է, որ Ասադը մտադիր չէ կատարել քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ ստանձնած պարտավորությունները: Մինչդեռ, Սիրիայի ազատ բանակի ջոկատները մի քանի շաբաթ շարունակ կատաղի մարտեր են վարում Դամասկոսի ռազմաարդյունաբերական համալիրի սրտում, և չեն կարողանում գրավել Սիրիայի առանցքային գիտահետազոտական հաստատությունը՝ Քիմիական և մանրէաբանական զենքի ինստիտուտը: Մոտակա Բարզե շրջանը, որտեղ նրանք փորձում են ամրապնդվել, ամեն օր հրթիռակոծության ու ռմբակոծության է ենթարկվում:
Սիրիական բանակը փորձում է Դամասկոսի արևելյան մասը մաքրել գրոհայիններից, հնարավոր նման առաջխաղացումներն ապագայում կանխելու համար, գրում է MIGnews.com-ը:
Շաբաթվա սկզբում Մոսկվան առաջարկել էր Դամասկոսին միջազգային հսկողություն սահմանել քիմիական զենքի հանդեպ, Սիրիան արդեն համաձայնվել է: Սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից:
Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:
ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: