Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ Նախագահի նախաձեռնությունը տարբեր արձագանքներ ու մեկնաբանություններ ունեցավ: Սակայն քաղաքական ուժերի մեծամասնությունը մի հարցում, հիմնականում, համակարծիք են. Սահմանադրությունն իսկապես բարեփոխումների կարիք ունի:
Արդեն իսկ Նախագահի որոշմամբ ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որն իր լիազորությունները կիրականացնի ըստ նախապես հաստատված ժամանակացույցի:

Այս գործընթացում շատ կարևոր է սահմանված բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպումն ու իրականացումը, քանզի Սահմանադրությունը երկրի մայր օրենքն է, ինչը ենթադրում է, որ իրականացվելիք փոփոխությունները պետք է լինեն առավելագույնս հիմնավորված, հասարակության կողմից ընկալելի, և որ ամենակարևորն է՝ ի զորու լինեն լուծելու այն խնդիրները, ինչի համար անհրաժեշտություն եղավ երկրում սահմանադրական բարեփոխումներ իրականացնել: Քաղաքացին պետք է համոզված լինի, որ այդ փոփոխությունների ամրագրումից հետո կունենանք մի Սահմանադրություն, որով ինքն իրեն ավելի պաշտպված կզգա:
Այս պահին դեռևս հրապարակված չէ, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, սակայն հրապարակային դաշտում շրջանառվում է կառավարման համակարգի փոփոխության հարցը: Դժվար է ասել, թե որտեղից և ինչու է այս թեզը շրջանառության մեջ դրվել, համենայնդեպս ՀՀԿ-ն իր մամուլի խոսնակի շուրթերով հերքել է դրա հնարավորությունը:

Մնում է հուսալ, որ հասարակական-քաղաքական դաշտը այս լուրջ պրոցեսի ողջ ընթացքում ակտիվություն կցուցաբերի ու իրեն դիտորդի դեր չի վերապահի այնպես, ինչպես ականատես եղանք ինտեգրացման գործընթացների դեպքում: Քաղաքական ուժերն ու առհասարակ շահագրգիռ կողմերն իրենց պայքարը պետք է տանեն ոչ թե հանրաքվեից հետո, այլ մինչ այդ ընկած ժամանակահատվածում, երբ դեռ հնարավոր է ազդել վերջնական փաստաթղթի ստեղծման աշխատանքների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել