Բառարանում «պրոպագանդա» բառը սահմանվում է իբրև գաղափարախոսության, ուսմունքի, գիտելիքների տարածում հասարակության շրջանում, որը միտված է սատարել կամ վնասել որևէ անձի, խմբի, շարժման, կառույցի կամ ազգի: Պրոպագանդան ամենից հաճախ օգտագործվում է քաղաքական դաշտում, սակայն այն կարող է օգտագործվել կյանքի գրեթե բոլոր ապարեզներում` կրոնական, բնապահպանական և այլն: Ցավոք «պրոպագանդա» եզրույթը սովորաբար աոցացվում է ստերի կամ աղավաղված տեղեկատվության հետ, սակայն իրականում պրոպագանդան կարող է հիմնված լինել ճշմարտության վրա: Պրոպագանդիստը մի մարդ է, ով ջանում է մյուսներին հավաստիացնել, որ իր դիրքորոշումներն ու տեսակետներն ամենաճիշտն են և հրաժարվում է ընդունել հակառակ տեսակետը: Ահա պատմության 10 ամենահայտնի, ամենահաջողակ և ամենահզոր պրոպագանդիստների տասնյակը:
10. Վոլտեր Մարտին

Ընթերցողների մեծ մասը հավանաբար երբևէ չի լսել այս մարդու մասին: Նա քրիստոնեության եվանգելիստական ուսմունքի ծայրահեղական թևի ներկայացուցիչներից էր, ով ապրել և ակտիվ գործունեություն է ծավալել 20-րդ դարում: Ժամանակին Նյու Յորքում ծնված այս ջերմեռանդ գրողը բավականին հայտնի էր: Նա դեմ էր արտահայտվում քրիստոնեությունից բացի մնացած բոլոր կրոնական համակարգերին: Նա «ոչ քրիստոնեական» էր համարում բոլոր այն կրոնական համակարգերը, որոնք հակադրվում էին ուղղափառության այնպիսի անկյունաքարային գաղափարներին, ինչպիսիք են հարությունը, ապաշխարհանքը և այլն»: 70-80-ական թթ.-ին նրա ելույթների ժամանակ դահլիճը լեցուն էր ամբոխով, որը տպավորված էր նրա ազդեցիկ հռետորաբանությամբ, սրամտությամբ և դոգմատիզմի հասնող հաստատակամությամբ: Մարտինը փայլուն տիրապետում էր աստվածաշնչյան իմաստություններին և կարող էր ցիտել Աստվածաշունչը մի քանի լեզուներով: Նա քաջատեղյակ էր նաև, թե ինչ էին ուսուցանում մյուս կրոնները: Նրա թիրախներից էին մորմոնները, Եհովայի վկաները, սաենտոլոգիայի հետևորդները, 7-րդ օրվա ադվենտիստները և այլն: Հետագայում նա փոխեց իր դիրքորոշումը 7-րդ օրվա ադվենտիստների մասին: Նա նաև սուր քննադատում էր դարվինիստներին, աթեիստներին, նույնասեռականներին և էլ ում ասես: Նա մահացել է 1989 թ.-ին, սակայն նրա ժառանգությունը մեզ է հասել նրա հեղինակած գրքերի, ինչպես նաև Քրիստոնեական Հետազոտությունների Ինստիտուտի ծավալած գործունեության միջոցով: Մարտինը հիմնադրեց այս կառույցը 1960 թ.-ին: Այն միտված էր քրիստոնյաներին ուսուցանել եվենգելիզմի սկզբունքները
9. Մադալին Մյուրրեյ ՕՀեյր

Պիտսբուրգցի այս տաքարյուն ակտիվիստը միևնույն վաստակն ունի աթեիզմի մեջ, ինչ Մարտինը քրիստոնեության մեջ: Լինելով կոպիտ ամնձնավորություն` նա սիրում էր վեճեր հրահրել: Նրան մասնավորապես դուր էր գալիս վիճել քրիստոնյաների հետ: Շուտով նա դարձավ Ամերիկայի ամենաատելի կանանցից մեկը: Նրան հաջողվեց հասնել այն բանին, որ Գերագույն Դատարանը ապօրինի ճանաչի դպրոցներում աղոթք արտասանելը: Նրա հետ միասին մի քանի այլ հայցվորներ էլ կային, սակայն նրա` դպրոցներում աղոթք արտասանելու դեմ հայցը առաջինն էր քննվել: 1963 թ.-ին Գերագույն Դատարանի կայացրած հակասական վճռից հետո Մադալին մեծ ճանաչում ձեռք բերեց և դարձավ եկեղեցու և պետական իշխանության տարանջատման ամենաջերմեռանդ ջատագովներից մեկը, ինչպես նաև կրոնի ամենաոխերիմ թշնամիներից մեկը: Նա շատ կռվարար անձնավորություն էր և այնպիսի հայացքներ էր արտահայտում, որ հաճախ կոնֆլիկտի մեջ էր մտնում մարդկանց մեծամասնության հետ: Շատերի համար նրա արտահայտած տեսակետները ոչ միայն հակասական, այլև դիվային էին: Օրինակ` Մադալինը համարում էր, որ 12 տարեկանից բարձր երեխաների հանդեպ սեռական ոտնձգություններ կատարելը ներելի էր: Նա ինքն իրեն կոչում էր «սեքսուալ ազատական»: Շատ մարդկանց համար Մադալինի վատ համաբավը ամոթալի կլիներ, սակայն նա կարծես հաճույք էր ստանում դրանից: Այնուամենայնիվ, նրա ծավալած գործունեությունը հակառակ էֆեկտն է ունեցել, քանզի տեսնելով նրան` ոչ ոք աթեիզմի մասին դրական կարծիք չէր ձևավորի: Նրա անձնական կյանքը հասարակական գործունեությունից պակաս փոթորկալից չի եղել: Նա ամուսնացել է մի քանի անգամ, ունեցել է կեղտոտ սիրավեպեր, և երեխաներ է բերել տարբեր տղամարդկանցից, ինչպես նաև շարունակ բախումներ է ունեցել ոստիկանների հետ, ինչի արդյունքում էլ ավելի շատ է հայտնվել մարդկանց ուշադրության կենտրոնում: Այս ամենի վերջը եկավ 1995 թ.-ին, երբ Մադալինին և իր որդուն ու որդեգրած դստերը սպանեց իր նահանգային աշխատակիցներից մեկը: Մադալինի սպանությունից հետո նրա մյուս որդին` Վիլյամ Մյուրրեյը, դարձավ բապտիստական եկեղեցու քարոզիչ:
8. Գլեն Բեք

Գլեն Բեքը նախկինում աշխատել է իբրև DJ, սակայն ներկայումս ավելի շատ հայտնի է իբրև հեռուստահաղորդավար, քաղաքական մեկնաբան և գրող: Լինելով պալեոպահպանողականության (քաղաքական փիլիսոփայություն) ջատագով` Գլենը անխոնջ պաշտպանում է ամերիկյան ավանդական արժեքները աշխարհիկ պրոգրեսիվիզմից (առաջադիմականություն): New York Times-ը վեց անգամ հռչակել է նրան ամենամեծ պահանջարկ վայելող հեղինակներից մեկը, քանզի քաղաքական ուղղվածության նրա հեղինակած գրքերը լայն ապառում են գտնում ընթերցողի շրջանում: Գլենը ժամանակին հարբեցող և թմրամոլ է եղել, սակայն ինչպես ինքն է փաստտում, հավատքի շնորհիվ կարողացել է հետ կանգնել այդ կործանարար սովորություններից: Ներկայումս նա մեծ ազդեցություն ունի ամերիկյան ընտրազանգվածի վրա և թերևս միայն Ռաշ Լիմբոին է զիջում:
Հնարավոր է, որ 2010 թ.-ի ընտրություններին նա մեծ դերակատարում է ունեցել քաղաքական աջ թևի հզորացման գործում (չնայած այն հանգամանքին, որ նա ինքն իրեն Հանրապետական չի համարում): Գլեն Բեքի դիրքորոշումներում միահյուսված են քաղաքական պահպանողականությունը, ամերիկյան ընտանեկան արժեքները, կրոնական բարոյականությունը և հակակոմունիստական մտածելակերպը: Լինելով զվարճալի և բարեսիրտ` նա անշառ անձնավորության տպավորություն է թողնում, սակայն նա միաժամանակ ջանում է մերկացնել Նախագահ Օբամայի ամենամտերիմ խորհրդականների հայացքների մարքսիստական ուղղվածությունը: Այդ իսկ պատճառով քաղաքական ձախ թևը նրան կարևոր թիրախ է համարում: Նա այնքան մեծ հեղինակություն է վայելում հանդիսատեսի և ընթերցողների շրջանում, որ նրա տարեկան եկամուտը հասնում է մի քանի միլիոն դոլարի:
7. Ռաշ Լիմբո

Ռաշ Լիմբոն շաբաթական մոտ 15 ժամ անցկացնում է խոսափողի առաջ` տարբեր ռադիոհաղորդումներ վարելով: Բացի ռադիոհաղորդավար լինելուց, նա նաև քաղաքական մեկնաբան է: Իր աշխատանքի դիմաց նա ստանում է տարեկան 50 միլիոն դոլար: Լիմբոն մոտ 60 տարեկան է, սակայն լեցուն է երիտասարդական ավյունով: Օբամայի վարչակարգի հաստատումից հետո նա ասես ավելի մեծ եռանդով է սկսել աշխատել:
Լիմբոն հարում է հանրապետական կուսակցությանը: 2010 թ.-ի ընտրությունների ընթացքում «Թեյախմության» շարժմանը ցուցաբերած նրա աջակցությունը մեծապես նպաստեց հանրապետականների ձեռքբերումներին: Այդ ժամանակից ի վեր նրան սկսեցին համարել ժամանակակից պահապանողականության շարժիչ ուժերից մեկը: Տարբեր աղբյուրներում նշվում է, որ Լիմբոն օրեկան 14-30 միլիոն ունկնդիրներ ունի: Նրա հաղորդումները հեռարձակվում են 600 տարբեր ռադիոկայաններով և նա Ամերիկայի ամենահայտնի և ամենահաջողակ ռադիոհաղորդավարն է:
6. Ալ Գոր

Ալբերտ Առնոլդ Գոր Կրտսերը` հայտնի իբրև Ալ Գոր, Քլինթոնի նախագահության օրոք 8 տարի շարունակ զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը: 2000 թվականի նախագահական ընտրություններին նա առաջադրվել էր իբրև նախագահի թեկնածու, սակայն Ջոր Բուշը հաղթանակ տարավ նրա նկատմամբ: Այդ ժամանակվանից ի վեր նա սկսել է ակտիվ գործունեություն ծավալել բնապահպանական ոլորտում` մասնավորապես պայքարելով գլոբալ տաքացման դեմ: Չլինելով կլիմայագետ կամ բնապահպանության գծով գիտնական` նա այնուհանդերձ ձեռնամուխ եղավ երկիրը բնապահպանական աղետից փրկելու դժվարին գործին: Նա Կիոտոյի արձանագրության ջատագովներից է: Այս արձանագրությունը միջազգային փաստաթուղթ է, որն ընդունվել է Ճապոնիայի Կիոտո քաղաքում 1997 թ. դեկտեմբերին։ Այն զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում էր 2008-2012թթ. ընթացքում 1990 թ.-ի համեմատ կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները։ 2006 թ.-ին նա իբրև ռեժիսոր ներգրավված էր «Անհարմար ճշմարտություն» վավերագրական կինոնկարի ստեղծման մեջ: Այս կինոնկարը միտված էր հանրությանը իրազեկել գլոբալ տաքացման վտանգների մասին: Այս վավերագրական կինոնկարը ջերմ ընդունելության արժանացավ, սակայն հետագայում խնդիրներ առաջացան, քանզի կինոնկարում օգտագործվել էր գիտականորեն ոչ հավաստի տեղեկատվություն: Այնուամենայնիվ Ալ Գորը շարունակում է մնալ բնապահպանության ոլորտի ամենակարկառուն ջատագովը, ով փորձում է նպաստել էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների տարածմանը:
Շարունակելի...



