Ֆրեդ Սմիթ, մարդ, ում պաշտում էին իր բոլոր աշխատակիցները, ով եթե ասեր` եկեք թռնենք Միսիսիպի գետը, նրա բոլոր ենթակաները միաձայն կհետևեին: Մարդ, ով ստեղծեց իր ոլորտի աշխարհի ամենամեծ ավիաընկերությունը, որի ինքնաթիռների թիվը հասնում է շուրջ 660-ի: Սմիթը միշտ շեշտում էր.
_Եթե մենք չկատարելագործվենք, ապա կկործանվենք: Շեշտը դնելու ենք նորարարության վրա:
Ֆրեդ Սմիթը ծնվել է 1944 թվականին Մեմֆիսում, հարուստ գործարարի ընտանիքում: Ֆրեդի կյանքում միգուցե ամեն ինչ այլ ընթանար, եթե նրա ձեռքը չընկներ հոր մահից հետո իրեն ուղղված նամակը, որտեղ ասվում էր.
_Որդիս, ես ցանկանում եմ, որ իմ աշխատած գումարը ոչ թե քամուն տաս, այլ ներդնես որևէ բիզնեսում: Մի արա այնպես, ինչպես անում են քո տարիքի հարուստ երիտասարդները:
Դպրոցից հետո Ֆրեդն ընդունվում է Յեյլի համալսարան: Երբ երիտասարդ Սմիթը սովորում էր Յեյլի համալսարանում, նրան հանձնարարում են գրել բիզնես պլան: Արդյունքում Սմիթը ստանում է կուրսի ամենացածր գնահատականը, իսկ դասախոսը ծիծաղելով բացատրում է, թե ինչքան անհավանական է նրա բիզնես պլանը: Դասախոսն ասում է.
_Նախ ԱՄՆ-ի ֆեդերալ ավիաընկերությունն աշխատում էր անընդհատ, իսկ մյուս պարագայում խոշոր ավիաընկերություններն ուղղակի կճնշեին քեզ: Երկրորդ, դու երբեք չես կարող ունենալ այդքան մեծ քանակությամբ պատվերներ, որպեսզի փակես գոնե քո ծախսերը: Վստահ եմ, դասախոսի խոսքը բոլորի համար կլիներ կանոն, բայց ոչ Սմիթի:
Ընկերները, ԶԼՄ-ները, ընտանիքի անդամները նրան համարում էին հիմար, իսկ Սմիթն անընդհատ կրկնում էր` շուրջօրյա բեռնափոխադրումների շուկա գոյություն չունի, ես այն ստեղծելու եմ: Իսկ ԶԼՄ-ները պատասխանում էին.
_Պարոն Սմիթ, եթե այդ շուկան լիներ եկամտաբեր, ապա վաղուց արդեն ավիաընկերությունները զբաղեցրած կլինեին:
Ընդունենք, որ խելամիտ փաստ է և գրեթե բոլորին կկանգնեցներ, բայց ոչ Սմիթի երազանքին` ունենալ ընկերություն, որը կիրականացնի փոքր բեռների շուրջօրյա տեղափոխություն: Խոստովանեմ, որ ինձ համար այս ընկերության լոգոն ամենալավն է` հաշվի առնելով նրա գաղտնի սլաքը, որը հիմա կտեսնեք նկարում:
Ֆրեդն իր բիզնեսում ներդրեց ողջ կարողությունը, հանուն երազանքի, սակայն դա իսկապես չնչին գումար էր, ուստի նա սկսում է համոզել մի շարք գործարարների, բարեկամների, ընկերների, որ շուրջօրյա առաքումն իսկապես հիանալի եկամտաբեր բիզնես է: Սկզբում այդ գումարով նա ձեռք է բերում 33 ռեակտիվ ինքնաթիռ ու սկսում, բայց նրանցից յուրաքանչյուրը տեղափոխում էր ընդամենը 3000 կգ ուղեբեռ: Սա լուրջ խնդիր էր Սմիթի համար, որը հետագայում նա կարողացավ հաղթահարել` գնելով նոր ինքնաթիռներ:
Սմիթը գործի մարդ էր և նրան չհուզեց իր դասախոսի խոսքերը, այլ ընդհակառակը, որոշեց ինչ է լինի կյանքի կոչել իր գաղափարը: Նա մշակեց մի ռազմավարություն, որը կոչվում էր “արևի ճառագայթների ռազմավարություն”, այսինքն կենտրոնը պետք է լիներ Մեմֆիս քաղաքը, իսկ ճառագայթները լինեին բեռնափոխադրումները: Սմիթին իսկապես ճնշում էր այն հանգամանքը, որ նա չի կարողանում իր ուզած ժամանակին ստանալ ուղեբեռը: Այս կոնցեպտի հիման վրա էլ նա սկսում է իրականացնել իր բիզնես պլանը: Աշխատանքային առաջին տարիները ճակատամարտ էին Սմիթի համար:
Այս ընկերությունն իր գոյության առաջին իսկ տարիներին 6 անգամ սնանկանալու եզրին էր կանգնած, բայց Սմիթի խարիզման կրկին առաջ է տանում և դարձնում եկամտաբեր: Ֆրեդն իր ողջ կարողությունը` 8.8 մլն դոլար ներդնում է բիզնեսի մեջ` չունենալով ոչ մի ապահովություն` հետագա կորուստներից խուսափելու համար:
Ֆրեդն իր աշխատակիցներին այնպես էր գնահատում ու սիրում, որ ընկերության գոյության ընթացքում նա երբեք ոչ ոքի չի հեռացրել աշխատանքից: Նրա համար ընկերության հիմքը միայն աշխատակիցներն են, ՄԻԱՅՆ ու հատուկ ընտրված, մոտիվացված մարդիկ, այլ ոչ թե ծանոթ ու բարեկամ, արտաքին տեսք, որոնք քանդում են ողջ բիզնեսը: Աշխատակիցներն ընտրված էին հիմնականում Վիետնամի պատերազմի մասնակիցներից, քանի որ նրանք ի սկզբանե աշխատանք չունեին և երկրորդ` բանակից հետո ավելի նվիրված ու ենթարկվող մարդիկ էին, որոնք պաշտում էին Սմիթին: Իսկ թե ինչով էր պայմանավորված այդ պաշտելը, ես կներկայացնեմ երկրորդ մասում աշխատակիցների հատուկ ու չտեսնված քայլերի շնորհիվ:
FedEx-ի բիզնեսի յուրահատկությունը կայանում է նրանում, որ նա աշխատում էր Door to Door տարբերակով և շուրջօրյա: Բայց ի՞նչ խնդիր էր լուծում Սմիթը, որը մինչև այդ ոչ մեկի մտքով չէր անցել: Պատասխանը հետևյալն էր` այդ տարիներին մեծ թափով զարգանում էր ավտոմոբիլաշինությունը, համակարգչային տեխնիկան, տարբեր ոլորտների արտադրությունը, որոնց բնական է անհրաժեշտ էին պահեստամասեր: Դրանք կարող է ընկերություններին անհրաժեշտ լինեին ընդամենը մեկ օրում, ուստի հիանալի ռազմավարություն է` շուրջօրյա մատակարարում և այն էլ արագությամբ: Շուկայի բաց կետը գտել էր Սմիթը, եթե պահեստամասերն անհրաժեշտ են, ապա կարճ ժամանակահատվածում կարելի է այն տեղափոխել, մնում էր գործել:
Շուկայի ուսումնասիրությունը Սմիթին տվեց հետևյալ արդյունքը` ապրանքները տեղափոխվում էին ուղևորատար ինքնաթիռներով, բազմաթիվ ուշացումներով և հետաքրքիրն այն է, որ օրվա ցանկացած պահի: Դա ստիպում էր պատվիրատու ընկերությանը ամեն մեծ քաղաքում պահեստ ունենալ, որ եկած ապրանքները տեղավորի, քանի որ հստակ նրանց ժամանման ժամկետը չկար: Սմիթը մտածեց, որ այս խնդիրն իր համար մեծ հնարավորություն է: Նրա լուծումն էր` բոլոր բեռները տեղափոխել առավոտյան մինչև ժամը 11-ը, որպեսզի ընկերությունները կարիք չունենան պահեստավորել ու առավոտյան հանել պահեստից: Այսինքն, Դուք որպես առաքող հստակ գիտեիք, որ եթե օգտվեք FedEx-ից, ապա հաջորդ առավոտյան ժամը 11-ին ունենալու եք Ձեր ապրանքը: Հիանալի ռազմավարություն, որի շնորհիվ FedEx-ն ուղղակի դարձավ շուկայի լիդերը:
Հաջորդ խնդիրը բազային օդանավակայանն էր, որն էլ ընտրվեց Մեմֆիսի օդանավակայանը: Ի՞նչ է իրենից ներկայացնում բազային օդանավակայանը: Սա նշանակում էր, որ յուրաքանչյուր ապրանք տեղափոխվում էր Մեմֆիսի օդանավակայան, այստեղ տեսակավորվում էր ու նոր առաքվում: Այսինքն, եթե Դուք Վաշինգտոնի “Ա” թաղամասից ապրանք ուղարկեիք “Բ” թաղամաս, ապա ապրանքը գալիս էր Մեմֆիս, նոր այստեղից ուղևորվում: Սա լուրջ խնդիր դարձավ հետագայում Սմիթի համար, որի լուծումը նա շատ հեշտ գտավ: