Aysor.am-ը գրում է.

Հայաստանը որոշում է կայացրել Մաքսային Միությանը և եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու վերաբերյալ, ինչի մասին հայտարարվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած այցի ընթացքում:

Մաքսային Միության և Եվրասիական Միության ստեղծման ծրագրերը տեղավորվում են Ռուսաստանի արտաքին քաղաքական նոր ռազմավարության մեջ, որն ընդունվել է 2013թ.-ին: Ըստ այդ ռազմավարության, Ռուսաստանի համար առաջնային են դառնում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների արագացումը և նախկին խորհրդային երկրների հետ առևտրա-տնտեսական կապերի սերտացումը:

Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, հետագայում նաև Հայաստանի մասնակցությամբ միության կյանքի կոչումով Մոսկվան ցանկանում է պահպանել և զարգացնել այն տնտեսական, առևտրային, տրանսպորտային, հումանիտար կապերը, որոնք ձևավորվել էին դեռևս ԽՍՀՄ-ի տարիներին:

Եվրասիական Միությունը և Մաքսային Միությունը Ռուսաստանի համար զուտ տնտեսական հետաքրքրություններին զուգահեռ ներկայացնում են նաև ռազմա-քաղաքական և աշխարհաքաղաքական հետաքրքրություններ:

Մոսկվան ի դեմս Եվրասիական Միության ցանկանում է ուրվագծել Ռուսաստանի կենսական շահերի կամ հետաքրքրությունների գոտին՝հետխորհրդային տարածքում և նախանշել այն կարմիր գիծը, որից այն կողմ ռուսական կողմը չի պատրաստվում զիջել իր աշխարհաքաղաքական դիրքերը ուժային այլ կենտրոններին:

Վերոնշյալ ձգտումները բացատրվում են նաև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջացած աշխարհաքաղաքական կորուստներով: ԽՍՀՄ-ի փլուզումը հանգեցրեց ռուսական աշխարհաքաղաքական կենսական գոտու կրճատմանը, քանի որ Արևելան Եվրոպայի սոցիալիստական երկրները անդամակցեցին ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, ինչն էլ իր հերթին հանգեցրեց ձևավորված ազդեցության մոդելների՝Վարշավայի պայմանագրի կազմակերպության և Տնտեսական փոխօգնության խորհրդի(Совет экономической взаимопомощи-СЭВ) լուծարմանը:

Ռուսաստանը ազդեցության այդ մոդելները այժմ ցանկանում է պրոյեկտել, տեղափոխել հետխորհրդային տարածք:

Այսպես, Վարշավայի պայմանագրի կազմակերպությունը հետխորհրդային տարածքում վերածվեց ՀԱՊԿ-ի, իսկ Տնտեսական փոխօգնության խորհուրդը՝Մաքսային Միության և եվրասիական տնտեսական միության, որոշ վերապահումներով՝կապված շուկայական տնտեսության և Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջների հետ:

Մաքսային Միության երկրները Մոսկվայի համար կարևոր են նաև պաշտպանական և ռազմական նպատակներից ելնելով: Մաքսային Միության անդամ Բելառուսի տարածքում է գտնվում «Վոլգա» ռադիոլոկացիոն կայանը, որն իրենից ներկայացնում է հրթիռների արձակումների վաղ հայտնաբերման համակարգ:

Բացի այդ, Բելառուսի տարածքում է գտնվում նաև «Վիլեյկա» կենտրոնը, որը Ռուսաստանի ռազմածովային ուժերի կապն է ապահովում ատոմային սուզանավերի հետ, իսկ ատոմային սուզանավերը հանդիսանում են Ռուսաստանի միջուկային վահանի կարևորագույն տարր:

Ղազախստանի տարածքում է գտնվում Բայկոնուր կայանը, որտեղից ռուսական արբանյակներ են արձակվում տիեզերք, բացի այդ, այդ երկիրը հարուստ է բնական ռեսուրսներով, ունի ելք դեպի Կասպից ծով, ինչպես նաև Ռուսաստանի ամբողջ հարավային և կենտրոնական շրջանների համար յուրահատուկ բուֆերային գոտի է հանդիսանում՝Կենտրոնական Ասիայից և Աֆղանստանից ծայրահեղ իսլամիստական, ահաբեկչական խմբավորումների, թմրանյութերի ներթափանցման ճանապարհին:

Իր հերթին, Մաքսային Միությանը անդամակցելու ցանկություն հայտնած Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի ամենակարևոր ռազմավարական դաշնակիցն է, Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը, իսկ ռուս սահմանապահները իրականացնում են հայ-թուրքական և հայ-իրանական սահմանի վերահսկողությունը: Դրան զուգահեռ, հայ-ռուսական պայմանագրով, Ռուսաստանը հայկական զինված ուժերի հետ միասին պարտավորվել է ապահովել Հայաստանի անվտանգությունը և նրա սահմանների անձեռնմխելիությունը:

Ռուսաստանը որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր իր մասնակցությունը ունի ղարաբաղյան գործընթացում, ինչը ոչ պակաս կարևոր գործոն է:

Կարելի է ասել, որ Մաքսային Միությունը իրենից ներկայացնում է վերջին 20 տարվա ընթացքում հետխորհրդային տարածքում ձևավորված առևտրա-տնտեսական, ռազմա-քաղաքական փոխհարաբերությունների արտահայտություն՝առանձին վերցրած կազմակերպության շրջանակներում:

Միության կայացմանը համար ոչ պակաս կարևոր գործոն է նաև ռուսաց լեզուն, որպես հետխորհրդային տարածքում շփման և հաղորդակցության մեխանիզմ:

Մաքսային Միության մեջ մտնող երկրներում ռուսաց լեզվին տրված է հատուկ կարգավիճակ, այդ երկրներում գործում են ռուսական դպրոցներ, Ռուսաստանի համալսարանի մասնաճյուղեր, ինչը ինտենսիվացնում է անդամ-երկրների միջև հումանիտար շփումները:

Այսպիսով, Մաքսային Միությունը դեռևս երկար ճանապարհ պետք է անցնի հղկվելու և իր ներսում գոյություն ունեցող տնտեսական փոխհարաբերությունների ընթացակարգերը սինխրոնիզացնելու համար՝միությանը դեռևս չանդամակցած այլ երկների համար ինտեգրացիոն լավագույն մոդելի տեսք ստանալու նպատակով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել