Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Ադրբեջանը հերթական սադրանքն էր հրահրել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմը 4 զոհ էր ունեցել: ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը երեկ հայտարարել է, որ ադրբեջանական կողմից դիպուկահարներ են աշխատել: ՄԻՊ գրասենյակը դեպքի օրը հենց հայտարարել էր, որ ուսումնասիրություն է սկսել դեպքի առնչությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվել է, թե ինչ աշխատանքներ են տարվել, եւ, ի վերջո, իրենց կատարած ուսումնասիրությունների ու մշտադիտարկումների արդյունքում ինչ է պարզվել:
«Նախ նշեմ, որ հարցի առնչությամբ մեր ուսումնասիրությունը վերաբերում է բացառապես մարդու իրավունքների առնչությամբ հարցերին: Այս առումով մեր հիմնական խնդիրն է ուսումնասիրության միջոցով բացահայտել, թե արդյոք խախտվել են մարդկանց իրավունքները, ինչ ծավալով են դրանք խախտվել, ինչի հետեւանքով, եւ ինչ հետեւանքների կարող են հանգեցնել այդ խախտումները:
ՄԻՊ գրասենյակը հարցի առնչությամբ հաղորդագրություն տարածել էր երկրորդ կեսին, քանի որ փորձում էինք հասկանալ՝ ինչ իրավիճակ է, նրանց իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր ենք ուղղել, քանի որ քաղաքացիները, միգուցե, չպատկերացնեն, որ իրենց իրավունքը խախտվել է, բայց իրավիճակը նկարագրելով՝ մենք հնարավորություն կունենանք եզրահանգումներ անելու:
Այս դեպքում էլ, ինչպես մյուս սահմանային միջադեպերի, մենք ունեցել ենք իրավիճակ, երբ այս ամենի արդյունքում մարդկանց իրավունքները խախտվել են. մարդիկ սթրեսային իրավիճակում են հայտնվել, այս ամենի արդյունքում խախտվել են ինչպես մարդկանց անվտանգության, կյանքի եւ կրթության իրավունքը, այլեւ մնացյալ իրավունքներ», – ասաց նա:
Սահմանային սադրանքներին զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահը նաեւ տարածքային նոր նկրտումներ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ՝ հայտարարելով, թե հայկական մի շարք գյուղեր Ադրբեջանին են պատկանում: Սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունները խուճապ են առաջացնում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ մարդիկ լքում են իրենց բնակավայրերը՝ թողնելով իրենց տունը: Արդյոք սրանք եւս մարդու իրավունքների խախտումներ չե՞ն, ի՞նչ դիրքորոշում ունի ՄԻՊ-ն այս առնչությամբ. «Ես՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, ինչպես նաեւ որպես մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունները միավորող միջազգային կառույցների անդամ, ուզում եմ հատուկ արձանագրել, որ պաշտոնատար անձինք պարտավոր են պահպանել այն սկզբունքները, որոնք առկա են մարդու իրավունքների տեսանկյունից, իսկ այդ տեսանկյունից ատելության խոսքը, ագրեսիա հրահրող խոսքն ընդունելի չէ»»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել