1in.am-ը գրում է.
Ճապոնիայի Հոնսյու կղզու 21 պրեֆեկտուրաներում առանց էլեկտրականության է մնացել 74 հազար տուն: Այդ ուղղությամբ շարժվում է «Ման-Ի» ուժգին թայֆունը՝ հաղորդում է NHK հեռուստաալիքը: Տարհանման հրաման է ստացել ավելի քան 300 հազար մարդ: Տեղեկատվություն կա 6 անհետ կորածների և 48 տուժածների մասին:
Կիոտո, Սիգա և Հյոգո պրեֆեկտուրաներում հայտարարվել է «հատուկ աստիճանի» տագնապ, ինչը նշանակում է, որ բնական աղետն անմիջական վտանգ է ներկայացնում բնակչության կյանքի համար:
Թայֆունի պատճառով չեղյալ է հայտարարվել 559 չվերթ: Մի քանի հազար մարդ ստիպված են Տոկիոյի Հանեդա օդանավակայանում սպասել վատ եղանակի ավարտին: Ցամաքային տրանսպորտի միջոցները ևս խափանումներով են աշխատում: Ժամանակավորապես դադարեցվել է մայրաքաղաքի մետրոյի մի քանի տեղամասերի երթևեկությունը:
Երկրի երկու խոշորագույն ավիաընկերությունները՝ All Nippon Airlines-ը և Japan Airlines-ը, հայտարարել են համապատասխանաբար 209 և 201 չվերթներ չեղյալ հայտարարելու մասին: «Ման-Ի» թայֆունը շարժվում է 20 կմ/ժ արագությամբ՝ Ճապոնական արշիպելագի երկայնքով: Թայֆունի կենտրոնում ճնշումը կազմում է 975 հեկտոպասկալ: Քամու արագությունը վայրկյանում 40 մ է: Օրվա երկրորդ կեսին թայֆունը կմոտենա Հոնսյու կղզու հյուսիս-արևելքին: