Ավարտվեց Ֆորմուլա 1-ի 2013 թվականի Եվրոպական մրցաշրջանը:  Իտալիայի գրան պրին նաեւ Մարկ Ուեբբերի կարյեռայի վերջին եվրոպական գրան պրին էր: Ներկայի V8 շարժիչների շարժիչների այժմյան ժամակաշրջանի համար Մոնցան եւս դարձավ վերջին եվրոպական մրցարշավը: Սակայն այս ամենը մինչ մրցարշավն էլ բոլորս գիտեինք: Բոլորս ցանկանում էինք մի փոքր ավելի կարեւոր եւ նշանակալից լուր իմանալ, որը մենք մինչ մրցարշավն այդպես էլ չիմացանք, սակայն իմացանք մրցարշավից 3 օր անց: Հենց այդ էր պատճառը, որ այս անգամ անմիջապես մրցարշավի ավարտից հետո չմիացրեցի համակարգիչը եւ չշտապեցի ամփոփել այն: Կանխազգացումս ինձ հավաստիացրեց, որ շատ շուտով մենք իմանալու ենք 2013-ի վերջին եւ մրցաշրջանի այս փուլի թերեւս կարեւորագույն հարցի պատասխանը, որից հետո արդեն ոչ միայն կամփոփեյի Իտալիայի գրան պրին, այլ նաեւ կխոսեյի մի քանի ամսից ձեւավորվելիք` Ֆորմուլա 1-ի պատմության ամենաուժեղ զույգերից մեկի մասին: Սակայն ամեն ինչ հերթով, նախ փորձենք ամփոփել Իտալիայի գրան պրին:

Եթե հիշում եք, նախորդ հոդվածիս վերջին տողերում, թերեւս մի փոքր հիասթափված լինելով այսօրվա չափանիշերով Բելգիական ձանձրալի Գրան Պրիից ես հույս հայտնեցի, որ Աուտոդրոմո Նացիոնալե Դի Մոնցայում մենք գուցե ստանանք այն հարցի պատասխանը, թե արդյոք 3 ամսից մենք կունենանք կամ ոչ 2 քառակի չեմպիոններ: Մոնցան ցույց տվեց, որ ամենայն հավանականությամբ կունենանք: Ճիշտ է, սա Ֆորմուլա 1-ն է, որտեղ վերջին տարիներին(2007, 2008, 2010, 2012) մենք հաճախ ենք տեսել թե ինչպես է ամեն ինչ փոխվել մրցաշրջանի հենց եզրափակիչ, ոչ եվրոպական հատվածում: Սակայն դժվար է պատկերացնել, որ Սեբաստյան Ֆետտելը բաց կթողնի 53 միավորի առավելությունը: Առավելեւս որ նա այս տարվա 5 հաղթողներից միակն էր, որ հաղթեց 2 անընդմեջ գրան պրիներում: Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրեյի եւս մեկ հետաքրքիր հանգամանքի, որին չգիտես ինչու ուշադրություն չեն դարձել Ֆորմուլա 1-ի շատ մասնագետներ: Մինչ հիմա անցած մրցաշրջան 2013-ի մրցարշավերի կեսում հաղթել է ինքը` ապագա քառակին` Սեբ Ֆետտելը: Ինչ վերաբերում է պոդիումի տակ նրան սուլողներին, ապա կասեմ հետեւյալը: Ամենքն իր արարքների համար ինչ-որ կերպ պետք է պատասխան տա !!! Ֆորմուլա 1-ի եւ առհասարակ Սպորտի երկրպագուներին չես խափի, առավելեւս այսօրվա գերհագեցած եւ զարգացած ԶԼՄ-ների պարագայում: Մալայզիայում իր արարքով Ֆետտելն իր դիմակը պատռեց եւ հիմա դեռ երկար պետք է աշխատի, երկրպագուների սերն ու վստահությունը ետ բերելու համար: Իհարկե, ավանդաբար Մոնցայի պոդիումի տակ հավաքվող տիֆֆոզիների կարմիր ծովը երբեք էլ ջերմ վերաբերմունք չի ցույց տվել պատվոհարթակի վերին աստիճանում կանգնած այն անձի հանդեպ, ով այդ օրը ալ կարմիր բոլիդ չի վարել: Սակայն այդ դեպքում ի?նչ կասեք Սպայի կամ Մոնրեալի մասին: Ի?նչ է հիմա էլ մեզ հույս տանք ասելով, որ Սպայում եւս շատ են սիրում Ֆեռռարի, հաշվի առնելով որ Արդենյան լեռներին շատ մոտ գտնվող Կերպենում է ծնվել Ֆեռռարիի լեգենդ Միխաել Շումախեռը, կամ որ կանադացիները եւս պաշտում են Ֆեռռարի, հիշելով Ժիլ Վիլնյովին: Կարծում եմ, որ դա արդեն ցինիզմ կլինի: Եվ ի տարբերություն Ֆ1-ի պադդոկի իմ բազմաթիվ գործընկերների ես կարծում եմ որ երկրպագուները ``լավ են անում որ սուլում են Ֆետտելին``, քանի որ այդ սուլոցների հիմքում ընկած չէ ֆանատիզմը կամ ``обиженник`` լինելը: Եթե չեք հավատում, ապա գտեք Ֆ1-ի մեկնաբաններից, նախկին պիլոտներից եւ մասնագետներից մեկին, ով մարտի 24-ի Ֆետտելի արարքը ճիշտ եւ սպորտային կհամարի: Ասեմ ավելին, գտեք այդպիսի մեկին, ով աշխատում է նույն Ֆետտելի թիմում, `Ռեդ Բուլլում: Անգամ Դոկտոր Հելմուտ Մարկոն խոստովանեց, որ այդ օրը իրավիճակը հսկողությունից դուրս եկավ: Եթե հետս համաձայն չեք, առաջարկում եմ դիմել ինձ եւ ես մեծագույն հաճույքով ձեզ հետ միասին կվերլուծեմ այդ ամենը, առավելեւս որ ես միշտ պատրաստ եմ զրույցել Ֆորմուլա 1-ի ցանկացած սիրահարի հետ:

 

Իսկ հիմա ամենակարեւորը, այն ինչի մասին սկզբում նշեցի որ կխոսեմ:  Մյուս տարի Ֆեռռարիի պիլոտները կլինեն Կիմի Ռայկկոնենն եւ Ֆերնանդո Ալոնսոն: Սրանից էլ լավ բան? Էլ ինչը կարող է ավելի հետաքրքիր լինել, քան 2 կոշտ բնավորությամաբ տիտանների մեկ թիմում հայտնվելը, որոնցից մեկն արդեն դարձել է Ֆեռռարիի առաջատարը, իսկ մյուսը մինչ օրս վերջին Ֆեռռարիի չեմպիոնն է: Դեռ մեկ տարի առաջ այսպիսի բան կանխատեսելն ուղղակի անիրական կլիներ: Ի?նչ պատահեց հիմա, որ այսքան անհավանական եւ պայթյունավտանգ զույգն իրականություն դարձավ: Պատճառները 2-սն են, առաջինը` Ֆեռռարին ցանկանում է ավելացնեկ ամեն տարի կոնստրուկտորների գավաթում վաստակած միավորների քանակը, 2-րդը` Լուկա Դի Մոնտեձեմոլոն այս քայլով Ֆեռնանդո Ալոնսոյին ցույց է տալիս, թե ով է տան տերը: 4 տարի առաջ տեղի ունեցած Ռայկկոնենի բաժանումը Ֆեռռարիից այնքան էլ փափուկ չանցավ: Թիմը շատ քաղաքավարիորեն դռան կողմը ցույց տվեց ֆինին, որպեսզի ժամ շուտ ձեռք բերի Ալոնսոյին եւ ստանա նոր հովանավոր Santander-ին: Ճիշտ է դրա համար թիմը հսկայական փոխհատուցում վճարեց Ֆինին(ավելի քան 30 միլլիոն եվրո), սակայն դրանից Կիմիին ավելի հեշտ չդարձավ: Նա ակնհայտորեն ցանկանում էր սկուդերիայից մնար առնվազն մեկ տարի, երբ իր պայմանագիրը կավարտվի: Տեսեք`2009-ին Ալոնսո-Մասսա զույգի հայտարարումից հետո Կիմիի այս հարցազրույցը: Դժվար է գտնել եւս մեկը, որում Կիմին այսքան էմոցիոնալ է, ճիշտ է այս Ֆորմուլա 1-ով չհետաքրքրվող եւ այս հարցազրույցն անդրանիկ անգամ տեսնողները չեն հասկանա թե ինչ ի նկատի ունեմ ես ``էմոցիոնալ`` ասելով: Սակայն Կիմիին ճանաչողներն արդեն հասկացան թե ինչ ի նկատի ունեյի ես, եւ որ այստեղ Կիմին չի կարողանում թաքցնել իր հիաստափությունը եւ Լուկա Դի Մոնտեձեմոլոյից որոշակի նեղացած լինելը: Խնդրեմ դիտեք`

http://www.youtube.com/watch?v=c7XN3nNgHEk

Սակայն այս տարիները շատ բաներ փոխեցին: Առաջին հերթին փոխվեց ինքը` Կիմին, դառնալով ավելի հասուն: Ֆեռռարիից հեռանալուց հետո նա խոստովանեց որ տիտղոսը նվաճելուց հետո մոտիվացիան կորցրել էր, իսկ 2 տարի Ռալլիի աշխարհի առաջնությունում ``տանջվելուց`` հետո նրա մոտ կրկին ցանկություն առաջացավ անվադողը անվադողի պայքար տանել: Իր իսկ խոսքերով հենց դա էր նրան պակասում Ռալիյում: Նախորդ տարի, երբ բոլորը սպասում էին նրա ձախողմանն ու Միխաել Շումախեռի պատմության կրկնվելուն, նա ուղղակի ապշեցրեց Ֆ1-ի գիտակներին: 2012-ին երեւաց թե որքան էր նա կարոտել անվադողը անվադողի պայքարին: Հիշեք նրա հրաշալի վազացները, օրինակ`. Մասսային Բահրեյնում, Դի Ռեստային եւ Շումախեռին Գերմանիայում, Հյուլկենբերգին Տեխասում, Շումախեռին Բրազիլիայում եւ իհարկե մրցաշրջանի գլխավոր զարդերից մեկը դարձած` նույն Շումիի հանդեպ Օ-Ռուժում կատարած հրաշալի մանեւրը: Նա նույն կերպ նաեւ այս տարի շարունակեց: Բավական է միայն հիշել այս տարվա Մոնակոյի գրան պրիի վերջին 2 շրջանների նրա հաղթարշավը` Գութիերեսի, Բոտտասի եւ Հյուլկենբերգի նկատմամբ: Բացի այդ Ֆ1 վերադառնալուց հետո Կիմին ստաբիլության նոր ռեկորդ սահմանեց` 27 անընդմեջ միավորային ֆինիշ: Եվ հարցն այստեղ միայն շախմատաձեւ դրոշակը տեսնելը չէ: Մի քանի տարի առաջ Նիկ Հայդֆելդը 30-ից ավելի անընմդեջ ֆինիշ ունեցավ, սակայն ի տարբերություն Կիմիի, ոչ բոլորը միավորային գոտում: Իսկ Կիմին մինչ նախորդ առաջնության նախավերջին գրան պրին չեմպիոնի հավակնորդների թվում էր եւ այս տարի էլ մինչ առաջնության կեսը պայքարում էր տիտղոսի համար: Այսքանից հետո ակնհայտ դարձավ, որ հին Կիմին վերադարձել է եւ նրա հետ սկսեցին բանակցել Ռեդ Բուլլն ու Ֆեռռարին: Մինչեւ վերջերս թվում էր թե նա դառնալու է Ֆետտելի թիմակիցը, սակայն Դոկտոր Մարկոն լավ հիշելով թե ինչ էր տեղի ունենում երբ Ուեբբերը գերազանցում էր Ֆետելին, խուսափեց թիմում նոր կոնֆլիկտից, որքան էլ Կիմին քաղաքականությունից հեռու է: Մարկոն որոշեց ապացուցել Մատեշիցին Տոռո Ռոսսոյի գոյության արդարացված լինելը եւ թիմ բերեց կրթսեր սկուդերիայի պիլոտներից իր կարծիքով ուժեղագույնին` Դանիել Րիկկիարդոյին, թեեւ անձամբ ես վստահ եմ որ Ժան Էրիկ Վերնը մրցարշավերում չի զիճում Դենին եւ միայն որակավորման մրցումներում է մի փոքր դանդաղ: Թվում էր թե Կիմիի Ֆեռռարիում հայտնվելը ռեալ չէ եւ իտալացիները կամ եւս մեկ տարի կպահպանեն ներկայի զույգը, կամ էլ կհրավիրեն Հյուլկենբերգին, ով մի քանի տարի կսովորեր Ալոնսոյից, իսկ հետո կկարողանար թիմի առաջատարը դառնալ: Սակայն ամեն ինչ խառնեց ինքը` Ալոնսոն: Հունգարիայի գրան պրիից հետո Ալոնսոն իրեն թույլ տվեց հրապարակայնորեն քննադատել թիմին, դժգոհելով որ արդեն 4-րդ տարին իրենց մեքենան զիճում է Ռեդ Բուլին: Լուկա Դի Մոնտեձոմոլոյի պատասխանը իրեն երկար սպասեցնել չտվեց: Էմոցիոնալ իտալացին ասեց իր արդեն խրիստոմատիկ դարձած խոսքերը, որ Ֆեռռարիում աշխատող ցանկացած անձի համար, մեխանիկից մինչեւ նախագահ, ամենակարեւորը դա թիմն է: Դրանից հետո, Իտալիայի գրան պրիում, երբ որակավորման մրցումներում թիմը փորձեց 2-րդ մեքենայի շնոիհիվ Սլիփ-Ստրիմ ապահովելու շնորհիվ մի քանի տասնորդական շահել, Ֆեռնանդոն թիմային ռադիոյով հեգնական տոնով ասաց. ``Ինչպիսի հանճարեղ քայլ``: Դրանից հետո Մոնտեձեմոլոյի համբերության բաժակը լցվեց եւ նա ինչպես եւ խոստացել էր, Մոնցայի մրցարշավից անմիջապես հետո կայացրեց իր որոշումը: ``Բարի վերադարձ Կիմի``: Ահա թե ինչպիսի հաղորդագրությամբ Ֆեռռարիի մամուլի ծառայությունը դիմավորեց իր չեմպիոնին: Արդեն մրցաշրջանի կեսից երեւում էր, որ 4 տարվա հնությամբ կոնֆլիկտն անցած պատմություն է: Բացի այդ դժվար է այդ բաժանումը կոնֆլիկտ անվանել: Դա կոնֆլիկտ կլիներ եթե Կիմիի փոխարեն որեւիցե այլ պիլոտ լիներ, ով միանշանակ սկանդալ կսարքեր, եթե իրեն ժամանակից շուտ դռան կողմը ցույց տային: Հիշեք Բուրդեյի, Պիկե կրտսերի եւ Լյուցիի վերջին տարիների բաժանումներն իրեն թիմերից: Իսկա ահա Ալոնսոոոոոոոոոոն... Ալոնսոյի բաժանումը ՄակԼառենից իրոք կոնֆլիկտային էր, քանի որ իսպանացուն, ի տարբերություն ֆիննի, անկոնֆլիկտ մարդ չես անվանի: Իսկ հիշում ե?ք, թե ինչից սկսվեց Ռոն Դեննիսի հետ նրա վեճը: Ահա թե ինչից, հիշեք 2007 թվականի ԱՄՆ-ի գրան պրին, ընդ որում հենց իմ մեկնաբանությամբ: Խնդրեմ`

http://www.youtube.com/watch?v=wsluGQsaKbM

7 տարի հնությամբ այս գրան պրիում Ալոնսոն թիմից պահանջեց, որպեսզի Լյուիսին իր ճանապարհից մի կողմ քաշեն, նկատեք թե ձախողված վազանցին հաջորդող շրջանին նա ինիպես փոխեց ուղեծիրը եւ պիտ թիմային կամրջակի կողքով անցավ: Բնականաբար ավելի քան 300 կմ/ժ արագության տակ չափազանց դժվար էր տեսնել թե ինչու նա փոխեց ուղեծիրը եւ ես նույնպես ոչ միանգամից հասկացա թե ինչու նա այդքան կտրուկ փոխեց ուղեգիծը: Սակայն մրցարշավի ավարտից հետո ես տեսա մեքենայի վրայի տեսախցիկից նկարահանված այս կադրերը եւ հասկացա, որ Ալոնսոն այնքան վրդովված էր, որ անգամ մինչեւ ֆինիշ չհամբերեց, որպեսզի թիմին իր դժգոհությունն հայտնի: Ինքներդ դիտեք 1:30-ից հետո:

http://www.youtube.com/watch?v=trXBIdZ5Lmc

Երբ նա նման իրավիճակում հայտնվեց արդեն 3 տարի անց Ֆեռռարիում, երբ Գերմանիայի գրան պրիի ժամանակ նա իր թիմակցի ետեւում էր, այս անգամ արդեն Ֆեռռարիի ղեկավարությունը ենթարկվեց Ալոնսոյին եւ հրամայեց Մասսային մի կողմ քաշվել: Fernando is faster than you, can you confirm you understood that message?

http://www.youtube.com/watch?v=kQzQXgwAcRo

Սակայն այստեղ իրավիճակն այլ էր, Մասսան արդեն չէր հավակնում չեմպիոնությանը, իսկ Լյուիսը լինելով բրիտանացի, մրցաշրջանի առաջատար, վայելում էր Ռոն Դեննիսի սերն ու համակրանքը: Ի վերջո եթե Ռեդ Բուլլը միշտ հպարտանում է իր երիտասարդ տաղանդներով, ի տարբերություն նրանց ՄաքԼեռեն Մերսեդեսը Լյուիսին հովանավորել էր արդեն կարտինգից եւ բոլոր իրավունքներն ուներ իր ներդրած միլիոնների արդյունքի հետ հաշվի նստել: Սակայն համաձայնեք, եթե անգամ Հոկենհայմ 2010-ում Ալոնսոն Մասսային զիճեր միավորներով նա միեւնույն է դրանից ավելի հանգիստ չէր լինի: Ի վերջո հիշենք նույն Ինդի 2006-ը երբ Ալոնսոն ավելի դանդաղ գտնվեց իր այդ ժամանակվա թիմակից Ֆիզիկելլայից, որից հետո նա անչափ զայրացած էր: Մինչ այդ գրան պրին Ալոնսոն 5 անընմեջ փոուլ եւ 4 անընմեջ հաղթանակ էր տարել եւ Ռենոյին թվաց որ առաջնությունն արդեն վճռված էր եւ թիմն ըստ էության հավասար հնավարություններ ընձեռեց իր 2 պիլոտներին: Սակայն երբ Ֆիզին Ալոնսոյից արագ գտնվեց, դա մեղմ ասած դուր չեկավ ո`չ Ալոնսոյին եւ ո`չ էլ Ռենոյի պատրոն Ֆլավիո Բրեատոռեյին: Այնպես որ պատմությունը ցույց է տալիս, որ Ալոնսոն երբեք չի հանդուրժել ուժեղ թիմակիցներին: Կարելի է հիշել նաեւ 2004-ին իրեն գերացանցող Տրուլիին, ում սակայն արդեն Բրիատորեն դռան կողմը ցույց տվեց: Հիմա եկեք հիշենք, թե ինչ էր տեղի ունենում երբ արդեն Կիմին էր զիճում իր թիմակիցներին: Հիշենք Մասսային: Արդյո?ք դուք հիշելով թե ինչպես էր 2008-ին եւ մինչ իր վթարը 2009-ին Մասսան գերազանցում Կիմիին, դուք կհիշեք գոնե մեկ դեպք, երբ մենք տեսած կամ լսած լինեյինք թե ինչպես էր ֆինը դժգոհում թիմից, որ ամենաարագը չէ: Երբ 2005-ին իր թիմակիցը դարձավ Խուան Պաբլո Մոնտոյան, նա եւս այդ ամենը պատմություն չդարձրեց եւ չսկսեց մեդիաների միջոցով չնշել ԽՊՄ-ին եւ ուղղակի սկսեց էլ ավելի լավ վարել, ինչի արդյունքում 2005-ին գրեթե չեմպիոն դարձավ, տոնելով 7 հաղթանակ: Այնպես որ մեզ անչափ հետաքրքիր օրեր են սպասվում, սակայն պետք չէ ընկնելով նոստալգիայի գիրկը, Ալոնսո-Ռայկկոնեն զույգը սկսել համեմատել Սեննա-Պրոստ զույգի հետ: Ժամանակներն այլ են, սակայն այստեղ եւս կոնֆլիկտի հավանականություն կա: Սակայն չհավատաք, որ Կիմիի կողմից մենք ինչ որ դժգոհություն տեսնենք: Նա ուղղակի շարունակելու է իր առավելագույնով ընթանալ: Իսկ ահա Ալոնսոն արդեն 2-րդ անգամ(ՄաքԼառենի պատմություններից հետո) տուրք տվեց իր էմոցիաներին, դրանով իսկ `` Կեղտոտելով իր բաժին բորշը``: Լատինաամերիկյան խառնվածքը կրկին դավաժանեց Ալոնսոյին եւ նա արդեն ապացուցելով որ իսկական առաջատար է, ստիպված է 0-ից սկսել ապացուցել դա եւ դա նրա համար կրկնակի դժվար կլինի սկանդինավյան սառնասրտության դեմ:

 

Վերջում… Իմ Մասսայի մասին: Այո հենց իմ: 2008 թվականի Բրազիլիայի գրան պրին իմ մեկնաբանությամբ դիտածների համար գաղտնիք չէ, որ ես Մասսայի մոլի երկրպագուն եմ: Հուսով եմ մենք կհայտնվեք գոնե Լոտուսում, թեեւ հաշվի առնելով այն որ Զաուբերը վաճառքի է հանել Նիկո Հյուլկենբերգի կոլեկցիան, Հալկը հեռանալու ճանապարհին է, ընդ որում հավանաբար հենց Լոտուս: Դե գոնե Զաուբեր, կրկին վերադառնալ այնտեղ որտեղից ամեն ինչ սկսվեց, եւ կարյեռան ավարտել Դեյվիդ Կուլտհարդի պես, այսինքն ճակատը բաց եւ բոլորին ապացուցելով որ նա կարող էր…

 

Կհանդիպենք Սինգապուրի գիշերային գրան պրիում, որտեղ ի դեպ Մասսան իր տիտղոսը կորցրեց 2008-ին…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել