Pastinfo.am-ը գրում է.

Արդեն տևական ժամանակ է՝ բնապահպաններն ահազանգում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կողմից շահագործվող Հայաստանի ամենամեծ՝ Արծվանիկի պոչամբարից տարածվող տհաճ հոտերի, թափուկավայրերի կանաչապատման հարցն անուշադրություն մատնելու մասին։

«Փաստինֆոն» համայնքում ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է Արծվանիկի բնակիչներից մեկի՝ Մանեի, հետ։

Կինը պատմեց, որ բնապահպանության տեսակետից երևի բնապահպանները կարող են ասել, թե ինչ է կատարվում պոչամբարի շուրջ, բայց, թերևս, լուրջ մասնագիտական ուսումնասիրությունների կարիք կա։

«Ամեն դեպքում՝ տեսանելի է, որ այնտեղ ոչ բնական լճակ կա, բայց թե ինչ քիմական նյութեր կան ու ինչ ազդեցություններ ունեն դրանք՝ ուսումնասիրություններ պետք է արվեն։ Շատերն են գալիս հարցնում, գնում, բայց վերջնական լուծում երբեք չի առաջարկվել։

Մեծերը պատմում են, որ այդ տարածքում ժամանակին եղել է փոքր լճակ, որը շրջապատված է եղել բերքատու ծառերով, կոմբինատը ամեն անգամ ժողովրդին փոխհատուցել է, որից հետո պոչամբարի ջուրը բարձրացել է, իսկ ժողովուրդը այգիները հետ է քաշել, արդյունքում լիճը բարձրացել է։ Հիմա այնքան է բարձրացել, որ արդեն այգիները չկան։ Միայն մեքենաներ են աշխատում, որոնք հողի վերին շերտը հանում են։ Հիմա այնտեղ ամայի տարածություն է։

Ինչ վերաբերում է հոտին, ապա հատկապես քամոտ օրերին քիմիական նյութերի հոտը տարածվում է ողջ համայնքում, այդ քամին նաև Կապան է տանում այդ նյութերը»,- նշել է բնակիչը։

Կնոջ փոխանցմամբ՝ առհասարակ մարզի էկոլոգիական վիճակն է բավական բարդ։ «Անգամ եղել է դեպք, երբ Սյունիքից ավելի քան 10 հոգով եկել ենք Երևան՝ դոնորական արյուն հանձնելու՝ մեզ ասել են, որ Սյունիքից շատերն են գալիս, որ ոչ մեկիս արյունը պիտանի չէ։ Այսինքն, մեզ մոտ հիվանդությունները շատ են, Կապան քաղաքում՝ ևս»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել