Replik.am-ը գրում է.
«Ինչքան էլ զբաղված լինեմ, այնումենայնիվ օրեկան մի քանի ժամ գտնում եմ, որպեսզի շփվեմ քաղաքի անապահովների հետ»/ «Oracle»–ի հիմնադիր Լարի Էլիսոն/ Պատկերացնում եք, սա 2013 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի`«Oracle»–ի հիմնադիր Լարի Էլիսոնի, /…որի կարողությունը 43 մլրդ է/ մտածելակերպն է, մտածելակերպ, որը այդքան «դեՖիցիտային» մեր երկրի համար: Հարգելի ընթերցողներ` հանգիստ թողնենք Լարի Էլիսոնին և նայենք, թե ինչպե՞ս են մտածում մեր մեծահարուստները…: Օլիգարխներից շատերին, որ թողնես առավոտվանից իրիկուն կխոսեն, որ մեր երկրին անհրաժեշտ է, որպեսզի ժողովուրդը միասնական լինի: Խոսելը խոսում են, բայց երբ գործը հասնում է հիրավի միասնական լինելուն, երկրի անապահովները մնում են, ինչպես ասում են «Պալեն մենակ աշխարհում»: Ընդհանրապես ժամանակն է եկել, որպեսզի մենք հստակեցնենք «միասնականություն» բառի բովանդակությունը և իմաստը արդի կյանքում, այսինքն՝ շուկայական հարաբերությունների առկայության պարագայում, այն էլ այնպիսի «շուկայի», որտեղ հնարավոր է, որ առանց ռեսուրսների, առանց մրցունակ արտադրության երկրում որոշ մարդիկ այնպես հարստանան, որ իրենց հարստությամբ զարմացնեն նույնիսկ Էմիրատների շեյխերին…: Հարցեր`
• Ինչպե՞ս կարող է ծայրաստիճան աղքատը միասնական լինի օլիգարխի հետ, որևէ մեկը կարող է բացատրել, թե՝ ոչ…
• Ինչը՞ կարող է կապել ծայրաստիճան հարուստին և ծայրաստիճան աղքատին իրար հետ այն երկրում, որտեղ հարուստներից ոմանք ատում են աղքատներին միայն նրա համար, որ նրանք այսպես ասած «նավսում են իրենց ունեցվածքի վրա», իսկ աղքատներն իրենց հերթին ատում են նրանցից ոմանց, քանի որ նրանց են համարում իրենց բոլոր դարդերի մեղավորը...
• Ինչպե՞ս կարող են նրանք միասնական լինել, եթե աղքատները որոշ մեծահարուստներին նույնիսկ մոտենալու իրավունք չունեն, եթե չեն ուզում «պրոբլեմներ» ունենալ նրանց թիկնապահների հետ...
Հ.Գ Ես քաջ գիտակցում եմ, որ կան արժեքներ, որոնք մեր ազգի շարժիչ ուժն են հանդիսանում և այդպիսի արժեքներից մեկն է հենց միասնականությունը, բայց երբ այդ արժեքը որոշ մեծահարուստների կողմից արժեզրկվում է, դա արդեն մտորելու տեղիք է տալիս:
Կարեն Թումանյան



