Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին նվիրված հուշարձանը պղծած քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ խուլիգանություն կատարած Սամվել Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել։
«Որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը»,– նշել են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք` հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը Երևանում` «Պաշարված Լենինգրադի երեխաներին» նվիրված հուշարձանի մոտ, պոկել և տրորել է ՌԴ դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել ծաղկեպսակները և Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով տեսանյութը հրապարակել «Tik Tok» սոցիալական ցանցում։ Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։