Ի~նչ հաճելի է առավոտյան ինձ արթնացնող աշնանային արևը: Այս խորամանկ արևը... երբեմն տաք, երբեմն սառը, երբեմն էլ պատրաստում է անձրևին, բայց միանգամից ցույց տալիս ամառվա չհանձնվող արևի շողերը: Ինչ նման է իմ սիրելի խենթ գարնանը: Թվում է սիրահարվել եմ այս աշնանը, այն հենց այնպիսին է, ինչպիսին ես եմ ցանկանում...

Շշուկներ... սիրում եմ շշուկներ, որոնք ասես մեղմ շոյում են ականջիս, և լսեցնում ամեն ինչ, ամեն ձայն, որ մինչ այդ չէի լսել, չէր լսել և չէին լսել ոչ ոք: Հմմմ... երբեք չեմ սիրել կամացուկ լսվող երգ, որը միշտ լսողությանս դարձրել է խղճուկ, մի սոված առյուծ, որը հիշողությանս ստրկացնում էր և ստիպում որսալ այդ երգից գոնե մի բառ, հիշել...բայց չէր ստացվում:

Զվարճալի է գուցե, մանրուք, խենթացնող և հարազատ...
Երբեմն սիրահարվածությունն ու կիրքը խառնվում են և խժռում ու մերկացնում իրար, մի բարկացնող ակնթարթում դառնում կարմիր ու քաղցր վարդ, որի թերթիկները բացվում են այնպիսի արագությամբ, որ կտրուկ հանգստացնում են այդ երկու բառերին...
Երբ սկսում եմ զգալ, դառնում եմ 

բարդ, անհասկանալի, և վերջապես ռոմանտիկ: Միշտ սիրել եմ ամեն ինչի մեջ տեսնել ռոմանտիկա, սեր, որոնք իրենց մեջ հենց թաքցնում են գեղեցիկը, բարին, որոնք միաժամանակ այնքան բարի են իրենց տառերի պարունակությամբ, այնքան ամաչկոտ և այնքան քնքուշ...

Սիրում եմ առավոտյան արևի շողերից տաքացած իմ պատուհանը, երբ հենվում եմ նրան, և զգում առավոտյան սեր, զգում նուրբ և սպիտակ ամպերի փափկությունը և շոյում մազերս, մատներով դիպչում այտերիս, որպեսզի զգամ, որ կամ, զգամ իմ էությունը, իմ եղելությունը...զգամ, թե ինչպես է այդ նույն պահին խենթանում մեկի սիրտը, կարոտից պայթում, ինպես  ախորժելի և քաղցր խաղողն է պայթում ատամներիս արանքում...


Ախ իմ երևակայություն, կրկին սիրահարվել ես իմ մերկ բառերին, կրկին գրիչս լցրել ես կրքով և գայթակղվել թանաքի բույրով․․․

Մտքումս առաջացել է քաոս, սիրտս լցվել է անսանձ նախադասություններով և ասես ամեն վայրկյան ամուր հպվում են շուրթերիս, և միանգամից հօդս ցնդում․․․ակնթարթային քնքշություն է տիրում ատամներիս ծայրերին, որոնք մի պահ երկյուղով ուժեղ բախվում են իրար և ցավեցնում ծնոտիս․․․
Զգացի՞ր․․․ պետք չէ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել