Վերջերս հին տետրերի, թերթերի միջից գտա “Գարուն “ ամսագրի 1981թ. լույս տեսած համարներից մեկը: Կարդալու բան, անշուշտ, շատ կար: Դեռ չեր պատահել այնպես, որ որևէ ամսագիր վերցնեի ձեռքս և ագահի պես ուզենայի ողջը ընթերցել: Հիմա ուզում եմ ձեր ուշադրությաը հանձնել այդ համարի ամենազգացմունքային նյութերից մեկը, որն ինձ առավել շատ գրավեց: Խոսքս վերաբերում է Խաչիկ Մալխասյանի նամակներին, որոնք նա գրել է ռազմաճակատում` սիրած աղջկա` Սոֆի Մկրտչյանի համար:
Խ.Մալխասյանը ծանոթ է եղել համաշխարհային գրականությանը, զբաղվել է ստեղծագործական կյանքով: 1935 թ. , երբ եղել է ընդամենը 14 տարեկան, մրցանակ է շահել պատանի ստեղծագործողների հանրապետական մրցույթում: Մրցանակի է արժանացել նաև նրա ” Հելլադան ” պատվածքը: Գրել է նաև “Արջի մորթին” վիպակը և ” Ծուխ գլանակից” վիպակը, որը, ցավոք, մնացել է կիսատ…Նա ռազմաճակատ է մեկնել 20 տարեկան հասակում:Մասնակցել է Հյուսիսային Կովկասի մարտերին,այնուհետև նամակագրությունն ընդհատվել է…
Հ.Գ. այս նամակներից յուրաքանչյուրը լիքն է սիրով, մեծ սիրով….Կարդաս ու հավատաս, որ եղել են և գուցե կան մարդիկ, ովքեր գիտեն սիրել, մինչև վերջ սիրել…
Նամակներ ռազմաճակատից
Ներիր ինձ, իմ լա՜ վ, իմ թա՜ նկ, իմ չգիտեմ` ինչքա՜ ն լավ: Կասկածել եմ սիրուց, կարոտից: Ախր քսան օր շարունակ քեզանից նամակ չէի ստանում: Իսկ ինչ վերաբերում է քո մասին ունեցած իմ կարծիքին, ապա բոլոր երկինքները չեն հերիքի նրա բարձրության հետ համեմատելու համար: Եթե հիմա արդեն ստացած լինես մի երկու օր առաջ գրած իմ նամակները, ապա ամեն ինչ հասկանալի կլինի քեզ և բացատրության կարիք չես զգա:
Ա՜ խ, մի՞թե դու վշտացել ես իմ նամակից. միթե դու մենակ ես զգացել: Քար դառնան իմ ձեռքերը, իմ սիրտը, քար դառնամ ես:
Հիշեմ Ավետիք Իսահակյանին.
Ես մեռնիմ,դու սաղ մընա,
Որովհետև մի հատիկ ես:
Մի՞թե Նոր տարու օրը դու մենակ ես եղել, մենա՜ կ, բոլորովին մենակ և տխուր:
Պատկերացնում եմ քեզ այդպես, և լալիս է սիրտս. չգիտեմ ինչքան սիրելի ես դառնում ինձ և չգիտեմ ինչպես ուրախացնեմ քեզ:
Վաղը կգրեմ քեզ մի երկար, մանրամասն նամակ և ուրախ կլինեմ, որ նամակ կգրեմ քեզ: Տոն է ինձ համար այն օրը, երբ նամակ եմ գրում քեզ (և ստանում քեզանից) :
Բարձր պահիր ոգիդ: Վշտի, թախծի, տխրության պահերին իմ սերը թող քեզ օգնական լինի, ինչպես քո սերն է ինձ համար:
Ամեն օր գրիր ինձ:Անպայման:
Մինչև վաղը: Հիմա տեղ ենք գնում, բայց ամբողջ ճանապարհին կհիշեմ քեզ,կմտածեմ քո մասին:
5/1 42թ.
Իմ հրաշալիս: Այսօր մեկ ժամ ունեմ տրամադրությանս տակ և այդ մեկ ժամը նվիրում եմ քեզ:
Անուշ ջան, մեր բախտից մենք սիրում ենք իրար առանց քմահաճույքների, առանց խարդախությունների: Սիրում ենք իրար ամենամարդկային, ամենամեծ սիրով: Երբ վշտացնում ենք իրար, վշտանում ենք երկուսով միասին և ապա ուզում ենք անմիջապես փարատել մեկս մյուսի վիշտը: Մեր սիրո մեջ կա գութ, խղճի մեծ զգացում, որը հազվադեպ է լինում սիրող մարդկանց սրտում: Սիրող մարդիկ ընդհանրապես գազանային հրճվանք են զգում միմյանց տանջելիս, միմյանց վշտացնելիս, կասկածների մեջ գցելիս: Մարդկային հոգու ամենագարշելի անկյուններից մեկն է դա: Ավելի շուտ սնապարծություն է այդ, քան սեր:
Երեկ ստացել եմ նամակդ և այս ամբողջ օրը տրամադրությունս ընկած է: Մի՞թե վշտացրել է քեզ իմ նամակը:
Սիրելիդ իմ, անուշ ջան, քեզանից նամակ չէի ստանում, այնքան սիրում եմ քեզ, որ չէի կարող չկասկածել: Ախր, ինչու՞ ես ուշացնում նամակներդ: Գրիր ամեն օր,իսկ ժամանակ որտեղից ուզում ես գտիր, միայն գրիր:
Ահա մեր սերը, մեր կյանքը` փռված մեր առաջ: Կյանքն այնպես խարդախ բան է, որ մենք, գուցե մեզանից անկախ, անսպասելի կերպով հետագայում երբեմն վշտացնենք իրար: Այդ դեպքում անսահման խելացի լինենք մեր սիրո մեջ, և մի կողմ թողած գոռոզությունն ու ինքնասիրությունը (այդ արդեն դադարում է մեր մեջ գոյություն ունենալ ) մխիթարենք և ուրախացնենք իրար:
Մեր սերն այդպես է արդեն, բայց ավելի շատ այդպես պետք է լինի: Երջանիկ լինենք, որ այդպես ենք սիրում իրար, և կյանքի խարդախությունները,միջադեպերը, վշտերը, տխրությունը անզոր կլինեն մեր սիրո առաջ: Հրճվենք իրարով, մեր սիրով, մեր կարոտով, և այս ահեղ օրերին անգամ թող աշխարհը զանգերի անուշ ղողանջ թվա մեզ: