ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին ներկա են գտնվել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող հայ-չեխական գործարար համաժողովին:
Խորհրդարանների ղեկավարները նախ շրջայց են կատարել «Թումո» կենտրոնում, որից հետո տեղի է ունեցել համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես է եկել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան:
Այնուհետև կողմերն այցելել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, որտեղ հյուրերը ծանոթացել են կենտրոնի աշխատանքներին, շփվել երեխաների հետ և դիտել կենտրոնի սաների մասնակցությամբ պարային և երաժշտական բեմադրությունները: ԱԺ նախագահը գրքեր և երեխաների համար ճանաչողական խաղեր է նվիրել կենտրոնին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:
Օրվա ավարտին երկու պետությունների խորհրդարանների ղեկավարները մասնակցել են Հայաստանի պատմության թանգարանի և Չեխիայի ազգային թանգարանի համատեղ կազմակերպած ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի պատմության և Չեխայի ազգային թանգարանների միջև ստորագրվել է հուշագիր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել