Սոչիում Ուրախների և հնարամիտների ակումբի (КВН) փառատոնի ժամանակ ծեծկռտուքի ընթացքում 31-ամյա հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանած Արթուր Ռասուլովին 15 տարվա ազատազրկում է սպառնում՝ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ հանգեցրել է տուժողի մահվան» հոդվածով, հայտնում է Shot թելեգրամյան ալիքը:

Այժմ քննիչները պարզում են կասկածյալի գտնվելու վայրը՝ նրան հարցաքննության բերելու համար։

Սպանությունը տեղի է ունեցել հունվարի 18-ի վաղ առավոտյան։ «Հարավային մայրաքաղաք» («Южная столица») թիմի նախկին անդամ Գևորգյանը կռվի է բռնվել դաղստանցի 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։ Ծեծկռտուքի ժամանակ Ամիրանը գլխի լուրջ վնասվածք է ստացել։ Շտապօգնություն կանչած մարդիկ բժիշկներին պատմել են, որ տղամարդն ուղղակի ընկել է երկու մետր բարձրությունից, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա վիրավորվել է ծեծկռտուքի ժամանակ։

Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գանգուղեղի և գանգի հիմքի կոտրվածք, գանգուղեղային բաց վնասվածք, գլխուղեղի ծանր կոնտուզիա և էպիդուրալ հեմատոմա։ Ստացած վնասվածքների պատճառով հումորիստն ընկել է կոմայի մեջ, իսկ երկու օր անց գիտակցության չգալով մահացել։

Հայտնի է, որ նա հանդես է եկել Սոչիի КВН թիմում, սակայն այս փառատոնին նա եղել է ոչ թե մասնակիցների կազմում, այլ որպես հյուր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Արթուր Ռասուլովը հետախուզման մեջ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել