Hraparak.am-ը գրում է.
«Ադրբեջանը մոտենում է Զանգեզուրի միջանցքի՝ իր հատվածի շինարարության ավարտին»։ Այդ մասին ասվում է TRT World-ի հոդվածում։
Ըստ աղբյուրի, նախատեսվում է, որ «միջանցքում ճանապարհների և երկաթգծերի շինարարությունը, որը կծառայի որպես Չինաստանից դեպի Թուրքիա տանող երթուղի, կավարտվի մինչև այս տարեվերջ»։
«Մինչ Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածում երկաթուղու և ճանապարհների շինարարությունն ընթանում է արագ տեմպերով, Հայաստանը ոչ մի քայլ չի ձեռնարկում նախագիծն իրականացնելու համար, իսկ Հայաստանի հետ համաձայնության բացակայության դեպքում Ադրբեջանն աշխատում է նաև այլընտրանքային ուղիների վրա»,- նշում է հոդվածագիրը։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ ճանապարհը, որի որոշ հատվածներն ունեն չորս գոտի, մյուսները՝ վեց, ներառում է 58 ստորգետնյա անցումներ, 27 կամուրջներ և երեք թունելներ։
Նշվում է նաև, որ շինարարությունը, որը համակարգում է Ադրբեջանի պետական ավտոմոբիլային գործակալությունը, իրականացվում է թուրքական ընկերությունների կողմից։
«Թուրքիան և Ադրբեջանը նաև երկաթուղային նախագիծ ունեն, որը թուրքական Կարս քաղաքը կկապի Նախիջևանի հետ, նախագծի իրականացումը կսկսվի այս տարվա ընթացքում, այդ նախագծերի ավարտից հետո նոր տրանսպորտային կապ կստեղծվի Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Միաժամանակ կլինի Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ադրբեջանի տարածքով անխափան ճանապարհային և երկաթուղային հաղորդակցություն»,- եզրափակել է հեղինակը։