Mediahub.am-ը գրում է․
MediaHub-ը բացառիկ հարցազրույց է արել 2018 թվականի իշխանափոխությունից հետո Մոսկվայում բնակվող Հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ, որի նկատմամբ Հայաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել և հետախուզում հայտարարել։
-Պարո՛ն Պողոսյան, վերջերս ռուսական տելեգրամյան ալիքները գրեցին, որ ՌԴ պետավտոտեսուչները Մոսկվայում կանգնեցրել են Ձեր մեքենան, ստուգել փաստաթղթերը, որից հետո ձերբակալել են Ձեզ։ Ի՞նչ կասեք այս մասով։
-Ուրեմն, ինձ հետ կապված տեղեկությունների 99 տոկոսը հիմարություն է, էն մի տոկոսն էլ ինչ-որ ենթադրություն է։ Այսինքն՝ կարող է ինչ-որ մադրիկ շատ ցանկություններ ունեն, և էդ ցանկությունների շրջանակում իրենց մտքերն են արտահայտում։ Բայց էդքանով է եզրափակվում ամեն ինչ։ Ձերբակալման խնդիր չկա, որովհետև նման խնդիրը վերացել է դեռևս 2019 թվականին։
-Այսինքն՝ կանգնեցրել են Ձեր մեքենան, փաստաթղթերը ստուգել են ու չե՞ն ձսրբակալել։
-Ոչ էլ կանգնեցրել ստուգել են, էդ ամեն ինչը հեքիաթներ են։ Ոչինչ չի եղել, ընդհանրապես ոչինչ չի եղել։
-Պետավտոտեսուչը Ձեր մեքենան չի՞ կանգնեցրել։
-Իմ մեքենաները… էստեղ մի քանի մեքենա շրջում է, ու շաբաթը մի քանի անգամ բոլոր մեքենաները տարբեր տեղեր կանգնում են, իմ մեքենաները տասը հոգի մարդ է քշում, այսինքն՝ պետավտոտեսուչի կողմից մեքենա կանգնեցնելը նշանակում է ձերբակալե՞լ։ Կարող է կանգնեցրել են իմ մեքենան, ես չեմ էլ վարում մեքենա, վարորդն է վարում, ես էլ հետևը նստած եմ՝ գրեթե միշտ։ Այսինքն՝ կարող ա ինչ-որ տեղից տեսած լինեն, որ մեքենաս կանգնած է մի տեղ, կամ ինչ-որ բան են ստուգում, հնարավոր է, բայց էդ օրերին, որ գրել են, ես մեքենայում չեմ եղել, էդ օրերին ես անգամ Մոսկվայում չեմ եղել։
-Դուք հիմա Մոսկվայո՞ւմ եք։
-Ես հիմա Մոսկվայում եմ, իմ աշխատասենյակում։
-Բայց հետախուզման մեջ։
-Ես հետախուզման մեջ չեմ էստեղ։
-Բայց Հայաստանի դատախազությունը Ձեր նկատմամբ հետախուզում է հայտարարել։
-Ես Ռուսաստանում հետախուզման մեջ չեմ դեռևս 2019 թվականից։
-Բայց ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվում եք, ամեն դեպքում։
-Շատ բարի, բայց Ռուսաստանը չի ընդունել էդ փաստը։
-Իսկ Հայաստանի իրավապահների կողմից Ձեր նկատմամբ հայտարարված հետախուզման փաստը ինչպե՞ս եք գնահատում։
-Դու նորմալ տղա ես, ո՞նց ես գնահատում՝ ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում 2018 թվականից հետո։
-Իշխանափոխություն կամ հեղափոխություն, նայած՝ ով ինչպես է գնահատում։
-Իսկ իշխանափոխությունից հետո ի՞նչ է տեղի ունեցել։
-Դա արդեն Դուք պետք է գնահատեք։
-Դե, ես էլ եմ գնահատում, մի տղամարդ դու ես, մեկն էլ ես եմ․․․ Ի՞նչ է տեղի ունեցել, էն ուժերը, որոնք կարող էին մի բան անել, որ երկիրը էս վիճակին չհասներ, կեսը նստած է բերդում, կեսն էլ երկրից դուրս է եկել, ինչ-ինչ պատճառով երկրից դուրս են եկել․ ես էդ ուժերի մեջ եմ գտնվում։
-Իսկ Դուք Հայաստան վերադառնալու ցանկություն ունե՞ք, և ի՞նչը Ձեզ ստիպեց երկրից հեռանալ ու չվերադառնալ։
-Իսկ ո՞վ է ասում՝ ես չեմ վերադառնալու, ես նման հայտարարությո՞ւն եմ արել․ մոտ ժամանակներս լիքը բան կլսեք։ Համենայնդեպս, Հայաստանի Հանրապետությունը իմ երկիրն է, ու ոչ ոք չի կարող էնպես անի, որ ես չվերադառնամ, ոչ ոք՝ ամենամեծ ցանկությամբ անգամ։ Պարզապես էսօր անվտանգ չի ինձ համար էդտեղ, դրա համար ես էդտեղ չեմ։
Շարունակելի․․․