Կան շատ մարդիկ, ովքեր ապահովագրում են իրենց մեքենան, բնակարանը, կյանքը և այլն: Ապահովագրությունը ֆինանսական ապահովություն է ընձեռում, քանզի եթե ինչ-որ անսպասելի դժբախտ դեպք պատահի, օրինակ` ձեր մեքենան վթարի ենթարկվի, կամ ձեր տան տանիքը փլուզվի փոթորկից, դուք ձեր կրած վնասների ֆինանսական փոխհատուցում կստանաք: Այնուամենայնիվ, կան ապահովագրության որոշակի տեսակներ, որոնք սովորական մարդկանց տարօրինակ են թվում:
10. Մարմնամասեր

Մարմնի մասերի ապահովագրումն այնքան էլ նոր երևույթ չէ. այս ավանդույթը գալիս է դեռևս 1900-ականներից: Այնուամենայնիվ, այս տեսակ ապահովագրությունը մինչ օրս էլ շարունակում է տարօրինակ թվալ հասարակ մարդկանց: Իսկ հարուստներն ու հայտնիներն այնքան ինքնասիրահարված են, որ նրանց հազիվ թե հասարակ մարդ անվանես: Հարուստ ու հանրահայտ մարդիկ շարժվում են բոլորովին այլ նորմերով և բոլորովին այլ պահանջներ ունեն: Նրանք հաճախ օգտվում են ապահովագրական ամենատարօրինակ ծառայություններից: Օրինակ` Ջենիֆեր Լոպեսն ապահովագրել է սեփական հետույքը: Իսկ ահա ֆուտբոլիստ Տրոյ Պոլամալուն 1 մլն. դոլարով ապահովագրել է իր մազերի սև լոքոնները: Սա դեռ ամենը չէ: «Անճոռնի Բեթին» շոուի գլխավոր դերակատարուհի Ամերիկա Ֆերերան ապահովագրել է իր ժպիտը 10 մլն. դոլարով, իսկ Հեյդի Քլումն ապահովագրել է սեփական ոտքերը 2.2 մլն. դոլարով: Կարծում եք, թե թա՞նկ է: Իսկ ի՞նչ կասեք, երբ իմանաք, որ փոփ-աստղ Մրայա Քերին ապահովագրել է իր ոտքերը 1 միլիարդ դոլարով: Արձանագրվել են անգամ այնպիսի դեպքեր, երբ մարդիկ ապահովագրել են իրենց քիթը:
9. Սիրո ապահովագրություն

Ապահովագրության այս տեսակի մասին դուք հազիվ թե երբևէ լսած լինեք, սակայն հենց որ ընթերցեք այս նյութը, ձեզ մոտ գուցե այս ապահովագրությունից օգտվելու անհաղթահարելի ցանկություն առաջանա: Մի լուսանկարիչ որոշեց օգտվել սիրո ապահովագրությունից, որպեսզի եթե հանկարծ այն մանեքենուհին, որին ինքը լուսանկարահանում էր, ամուսնանար, ինքը կրած վնասների փոխհատուցում ստանար: Ամեն ինչ հենց այդպես էլ եղավ: Ամուսնանալուց հետո մանեքենուհին հրաժարվեց լուսանկարչի համար իբրև բնորդուհի հանդես գալուց, իսկ ապահովագրական գործակալությունը փոխհատուցեց լուսանկարչի կրած վնասները: Այս ապահովագրությունը մի փոքր տարօրինակ է թվում, բայց կարևորը, որ այն արդյունավետ է: Ապահովագրական այս ռազմավարությունը կարող է նաև այլ նպատակների ծառայել: Օրինակ` պատկերացրեք, որ ձեր զուգընկերուհին հանկարծ խելագարվում է: Դժվար է խելագար կնոջ սիրել: Դա շատ ցավոտ ու տառապալի կլիներ, էլ չենք ասում այն բոլոր ծաղիկների ու այլ նվերների մասին, որոնք առատորեն ընծայել եք նրան: Այս ապահովագրությունը թույլ կտա նվազեցնել սիրային հարաբերությունների արդյունքում կրած վնասները:
8. Ընտանի կենդանիների ապահովագրություն

Ես սիրում եմ իմ շանը: Նա իմ լավագույն ընկերն է ու շատ սիրունիկ, հավատարիմ և զվարճալի կենդանի է: Այնուամենայնիվ, ես նրան չեմ ապահովագրել: Եթե շունս մահանա, ես մի այլ շուն կպահեմ: Իմ այս մոտեցումն ակնհայտորեն խորթ է շատերին, քանզի բազում մարդիկ ապահովագրում են իրենց ընտանի կենդանիներին: Մարդիկ ապահովագրում են ոչ միայն շների ու կատուների, այլև գորտերի, ձկների և այլն: Ընտանի կենդանիների ապահովագրությունը ազատում է կենդանիների տերերին բժշկական ծախսերից, որոնք անհրաժեշտ են հիվանդ կենդանուն բուժօգնություն ցուցաբերելու համար:
7. Անհավանական ապահովագրություն

Ես չէի կողմնորոշվում, թե ինչպես վերնագրել այս տեսակի ապահովագրությունը: Նախկինում երբևէ չէի լսել դրա մասին: «Լոնդոնի Լլոյդս» ապահովագրական շուկան առաջարկում է ամենաանհավանական ապահովագրական ծառայությունը: Օրինակ` եթե դուք հղի եք և սպասում եք երկվորյակների, սակայն անակնկալ կերպով ծնվում են միանգամից երեք երեխա, ապահովագրական ծառայությունը պարտավորվում է սկզբնական շրջանում փոխհատուցել երրորդ երեխայի խնամքի հետ կապված ծախսերը: Այսպես, մի զույգ, ով օգտվում էր ապահովագրության այս տեսակից, ստացավ ֆինանսական փոխհատուցում այն բանից հետո, երբ նրանք անսպասելիորեն երկվորյակներ ունեցան: Երբ կինը կրկին հղիացավ, զույգը որոշեց թարմացնել իրենց ապահովագրական փաթեթը` «անհավանական ապահովագրությունից» ևս մեկ անգամ օգտվելու համար: Այս անգամ ևս կինը զույգ ունեցավ: «Լլոյդսն» առաջարկում է ևս մի զարմանալի ապահովագրական ծառայություն` նախատեսված հատուկ գործատուների համար: Եթե երկու կամ ավելի աշխատակիցներ վիճակախաղով խոշոր գումար են շահում և որոշում այլևս չաշխատել, «Լլոյդսը» փոխհատուցում է գործատուներին պատճառվող վնասը:
6. Ավիացիոն ռիսկերի ապահովագրություն

Այս տեսակի ապահովագրությունը գուցե այնքան էլ տարօրինակ չթվա, այնուամենայնիվ շատերի համար այն անսովոր է: Ապահովագրական այս ռազմավարությունը ենթադրում է, որ եթե որևէ մեկը վիրավորվում կամ մահանում է ավիացիոն պատահարի ժամանակ, վիրավորին կամ մահացածի հարազատներին ֆինանսական փոխհատուցում պետք է տրամադրվի: Այս մասին լսելիս մարդու մտքով երկու բան է անցնում: Նախ` ցամաքային փոխադրամիջոցների վթարների արդյունքում մահացության տոկոսը շատ ավելի բարձր է, քան ավիացիոն վթարներինը: Բացի այդ, տարօրինակ է, որ փոխհատուցվում են միայն ավիացիոն վթարների հետևանքով կրած վնասները. չէ՞ որ դժբախտ պատահարներ կարող են տեղի ունենալ թե՛ գնացքի ուղևորի, թե՛ հետիոտնի հետ: Ուստի մի՞թե ավելի խելամիտ չի լինի պարզապես օգտվել կյանքի և առողջության ապահովագրությունից: Ի վերջո, եթե այդքան մտահոգված եք, որ հենց ինքնաթիռում ձեզ կարող է ինչ-որ դժբախտություն պատահել, ապա պարզապես երթևեկեք մեքենայով կամ գնացքով:
Շարունակելի...



